Նենսի Փելոսին, կոնգրեսականները և Եղիշե Կիրակոսյանը քննարկել են Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումները

ԱՄՆ ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին, կոնգրեսականները և Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը քննարկել են Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումները և դրանց դեմ Հայաստանի ջանքերը միջազգային դատարաններում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Թվիթեր»-ի իր էջում հայտնել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ, Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրանկ Փալոնը:

«Այսօր հանդիպել ենք Եղիշե Կիրակոսյանի, խոսնակ Նենսի Փելոսիի և հայկական հարցերով հանձնախմբի մյուս անդամների հետ: Մենք քննարկել ենք Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների սարսափելի խախտումները և Հայաստանի ջանքերը Արդարադատության միջազգային դատարանում և Մարդու իրավունքների եվրոպական դատարանում»,-նշել է կոնգրեսականը:

Փալոնը նաև տեղեկացրել է, որ Կապիտոլիումում զրուցել են Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանի հետ, քննարկել Արցախում Ադրբեջանի հարձակումների հետևանքով առաջացած հումանիտար ճգնաժամը, և հայ բնակչությանը ադրբեջանական հետագա ագրեսիայից պաշտպանելու անհրաժեշտության հարցը: