«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ Արմեն Վարդանյանը
– Ադրբեջանի և Թուրքիայի միջև տրանսպորտի ոլորտում ամենամեծ նախագիծը «Զանգեզուրի միջանցքն» է: Այդ մասին լրագրողներին ասել է Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն։ «Այս ուղղությամբ մենք օպերատիվ կերպով շարունակում ենք գործընթացները ադրբեջանական կողմի հետ։ Միջանցքը կանցնի Հայաստանի, թե՞ Իրանի տարածքով՝ կորոշեն մեր ադրբեջանցի եղբայրները։ Հաջորդիվ այս միջանցքը Նախիջևանով կանցնի դեպի Թուրքիա»,- հայտարարել է Ուրալօղլուն։ Պարո՛ն Վարդանյան, ինչպե՞ս եք գնահատում այս հայտարարությունը, ու, ըստ ձեզ, Ադրբեջանը ո՞ր երկրի տարածքը կընտրի։
– Թուրքիան ու Ադրբեջանը բազմիցս են հայտարարել, որ «Զանգեզուրի միջանցքը» իրականություն է դառնալու, բայց ես չգիտեմ, թե ինչի վրա է հիմնված նրանց ինքնավստահությունը։ Հիշեցնեմ, որ 2021-22 թվականներին Ալիևը վստահորեն հայտնում էր, թե Հայաստանը որևէ շանս չունի «Զանգեզուրի միջանցքից» խուսափելու, բայց վերջին ժամանակներս իրենք մի փոքր փոխել են իրենց հռետորաբանությունը, կարծես թե իրենց ուզած ձևով ու պայմաններով չի ստացվում, այն է՝ որ միջանցքը պետք է ունենա նաև վերահսկողություն, ու արդեն իսկ հայտարարություններ էին հնչում, որ եթե Հայաստանը չի ուզում, ապա իրենք այդ միջանցքի ծրագիրը կիրագործեն Իրանի տարածքում։ Հիմա նախկին հաճախականությամբ չեն հնչում նմանատիպ հայտարարություններ, բայց ժամանակ առ ժամանակ հույս են հայտնում, այլ ոչ թե սպառնում, ու երբեմն նաև ինքնավստահություն, որ այդ միջանցքը լինելու է։
Հայկական կողմը, որքան գիտեմ, Ադրբեջանին ներկայացրել է Հայաստանի տարածքով հեշտացված ռեժիմով անցնելու նոր տարբերակ, որպեսզի Ադրբեջանի քաղաքացիներն անցնեն Հայաստանի տարածքով, բայց, կարծում եմ, որ միայն դա կարող է լինել հայկական կողմից որոշակի զիջում, իսկ միջանցք դասական իմաստով՝ արտաքին վերահսկողությամբ, չի կարող լինել, ու ես վստահ եմ, որ այլևս իրենք էլ են հասկանում, որ դա անհնար է։
– Այդպե՞ս են հասկանում, թե՞ սրանք ընդամենը դիվանագիտական հայտարարություններ են, որ արվում են։
– Միջազգային հանրությունը, ավելի կոնկրետ՝ Արևմուտքը, նաև Իրանը, ինչու ոչ, բազմիցս են հասկացրել, որ դա իրենց համար կարմիր գիծ է՝ միջանցքն արտաքին վերահսկողությամբ, ու եթե փորձեն դա ի վերջո իրականություն դարձնել, ապա թանկ են վճարելու։ Այս ամենից ելնելով՝ թուրք-ադրբեջանական տանդեմն այլևս ձեռք է քաշել այդ տարբերակից, կարծում եմ։
– Նույնն արել է նաև Ռուսաստանի Դաշնությո՞ւնը։
– Կարծում եմ՝ այո՛, Ռուսաստանն էլ։ Ռուսաստանի վերջին շանսը, որ նա իրագործեց, Արցախի էթնիկ զտման հետ էր կապված։ Իմ կարծիքով՝ նախորդ տարվա սեպտեմբերին նրանք Ադրբեջանի հետ փոխադարձաբար կազմակերպեցին Արցախի վրա հարձակումը, այն հույսով, որ Հայաստանը կներքաշվի պատերազմի մեջ, հետո Ադրբեջանը, առիթից օգտվելով, կմտնի ու ռազմական ճանապարհով կբացի այդ միջանցքը, բայց դա տեղի չունեցավ։ Ռուսաստանի լծակներն այս առումով արդեն վերացել են։
– Պարո՛ն Վարդանյան, ԱՄՆ նորընտիր նախագահի պաշտոնավարումից հետո՞ էլ այս երկիրը նույն կարծիքին կմնա «Զանգեզուրի միջանցքի» հարցում, թե՞ ինչ-որ փոփոխություն սպասում եք։
– Դժվար է ասել, հաշվի առնելով Թրամփի անկանխատեսելի լինելը, բայց ես կարծում եմ, որ իրենք էլ են մտածում, որ Թրամփը գա իշխանության, ու նրա որոշ քայլերից իրենք էլ արդեն հասկանան, թե շատ հարցերի շուրջ՝ այս տարածաշրջանում, ուկրաինական ճակատում և այլն, ինչպես գործեն։ Մինչև Թրամփի պաշտոնավարումն այս մասով էական զարգացումներ չենք տեսնելու։
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am


















