Մինսկի խմբի համանախագահության ձևաչափը փոխելու պլաններ չկան. Սերգեյ Լավրով

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը շեշտում է, որ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափն ընդլայնելու պլաններ չկան: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՌԴ արտաքին գործերի նախարարն այս մասին ասաց նոյեմբերի 12-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ: «Մինսկի խմբի անդամ է շուրջ 10 երկիր, որոնց մեջ է նաև Թուրքիան: Մինսկի խումբը պարբերաբար լսում է համանախագահների զեկույցները, և խմբի յուրաքանչյուր անդամ իրավունք ունի արտահայտել իր տեսակետը, առաջարկներ ներկայացնել: Համանախագահները պետք է ուշադրություն դարձնեն այն խմբի անդամների դիրքորոշումներին, որը համանախագահներին օժտել է համապատասխան լիազորություններով: Մինսկի խմբի համանախագահության եռյակը՝ Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա, ընդլայնելու որևէ պլան չկա»,- ասաց Սերգեյ Լավրովը:

ՌԴ ԱԳ նախարարը նշել է, որ մշտական կապի մեջ են մյուս համանախագահ երկրների հետ՝ տեղեկացնելով, որ նոյեմբերի 11-ին զրուցել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարի հետ: «Իմ աշխատակիցները կապի մեջ են ամերիկյան կողմի ներկայացուցիչների հետ, որոնք ապահովում են Լեռնային Ղարաբաղի հարցով ԱՄՆ համանախագահության աշխատանքը:  Մենք հաջորդ շաբաթ համանախագահներին սպասում ենք Մոսկվայում»,- ասել է ՌԴ ԱԳ նախարարը:

Նա հավելել է, որ համանախագահներին մանրամասն կներկայացնեն ԼՂ հակամարտության գոտում խաղաղապահ ուժերի տեղակայման գործընթացը: «Հավանաբար, կխորհրդակցենք, թե ինչպես ենք նպաստելու խաղաղ կյանքի ապահովմանը՝ հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղում և դրա շուրջ բոլոր էթնոկոնֆեսիոնալ համայնքների իրավունքները»,- ասել է Լավրովը: