Մոսկվայում ներգաղթյալների միջև զանգվածային ծեծկռտուք է գրանցվել․ կան վիրավորներ

Մոսկվայում ներգաղթյալների միջև զանգվածային ծեծկռտուք է գրանցվել։ Միջադեպը տեղի է ունեցել մետրոյի «Կուզմինսկի» կայարանի հարևանությամբ։ Տարբեր գնահատականներով՝ ծեծկռտուքին 50-ից 200 մարդ է մասնակցել։

Ռուսական լրատվամիջոցները հայտնում են, որ դեպքը տեղի է ունեցել ուզբեկների ու ղրղզների միջև։ Նրանց մի մասը ձերբակալվել է, կան տուժածներ։ Այս մասին գրում է РБК-ն՝ հղում կատարելով Մոսկվային ՆԳՆ գլխավոր վարչությանը։

«Ինտերֆաքսն» իր հերթին, վկայակոչելով իր տեղեկացված աղբյուրին, հայտնում է, որ ենթադրաբար «անձնական հակակրանքի հողի վրա» գրանցված ծեծկռտուքին մասնակցել են Ուզբեկստանից ու Ղրղզստանից եկած ներգաղթյալներ։

«Այնուհետև հակամարտող կողմերին միացել են իրենց համերկրացիներն ու ծեծկռտուքը ստացել է զանգվածային բնույթ։ Կոնֆլիկտին ավելի քան 100 մարդ է մասնակցել»,- պատմել է լրատվականի զրուցակիցը։

Բուժհաստատություններում ՏԱՍՍ-ի աղբյուրն էլ հայտնել է, որ ծեծկռտուքի ընթացքում մի քանի մարդ վիրավորվել է։

«Նրանց մի մասի մոտ կտրած-ծակած վերքեր են եղել։ Դեպքի վայր ժամանած շտապօգնության աշխատակիցները որոշել են հոսպիտալացնել մի քանի տուժածների»,- հայտնել է նա։

Աղբյուր՝ Factor.am