Նիկոլ Փաշինյանը հայտնել է ԶՈՒ գլխավոր շտաբի հետ կապված իրավիճակի կարգավորման մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի շուրջ ստեղծված իրավիճակը կարգավորված է: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին ՀՀ վարչապետն ասել է «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում:

«Զինված ուժերի գլխավոր շտաբի հետ կապված իրավիճակը կարգավորված է, և բանակը կառավարության հետ միասին լիարժեքորեն կշարունակի քայլերը երկրի անվտանգության ապահովման և ամրապնդման ուղղությամբ», – ասել է Փաշինյանը:

Փետրվարի 25-ին ԶՈՒ ԳՇ-ն հայտարարությամբ հանդես եկավ, որտեղ բարձրաստիճան սպայակազմը պահանջեց վարչապետի եւ կառավարության հրաժարականը։ Վարչապետը դա որակեց ռազմական հեղաշրջման փորձ։ Նա նույն օրը միջնորդեց ՀՀ նախագահին` Օնիկ Գասպարյանին ԳՇ պետի պաշտոնից ազատելու վերաբերյալ։ Նախագահ Արմեն Սարգսյանը չստորագրեց Օնիկ Գասպարյանին ԳՇ պետի պաշտոնից ազատելու վերաբերյալ վարչապետի առաջարկությունը և առաջնորդվելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով՝ դիմեց Սահմանադրական դատարան «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով:

Մարտի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանն իրավունքի ուժով համարվում է ազատված զբաղեցրած պաշտոնից: Նույն օրը Նիկոլ Փաշինյանը ՀՀ նախագահին ներկայացրեց առաջարկություն՝ Արտակ Դավթյանին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ նշանակելու վերաբերյալ։ Նախագահը չստորագրեց Արտակ Դավթյանին ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնում նշանակելու վարչապետի կողմից ներկայացված նախագիծը եւ չդիմեց Սահմանադրական դատարան։ Նախագահը մարտի 11-ին առարկություններ ներկայացրեց նշանակման նախագծի վերաբերյալ, սակայն այդ առարկությունները վարչապետի կողմից չընդունվեցին, եւ հիմնավորումներով հետ ուղարկվեցին նախագահին. Արտակ Դավթյանը մի քանի օր անց իրավունքի ուժով ստանձնեց ԳՇ պետի պաշտոնը։