Փայլանը հայտարարել է, որ պատրաստ է պատասխանատվություն ստանձնել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման համար

Քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունից (ԺԴԿ-HDP) ընտրված հայ պատգամավոր Կարո Փայլանը Թուրքիայի խորհրդարանում մամուլի ասուլիսի ընթացքում անդրադարձել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նոր շրջափուլի մեկնարկին, գրում է Ermenihaber.am-ը։

Նա կարծիք է հայտնել, որ քաղաքական կամքի և ցանկության առկայության դեպքում Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորումը կարող է ավելի արագ տեղի ունենալ, քան ակնկալվում է։

Փայլանը հայտարարել է, որ այդ գործընթացում և՛ Թուրքիայի, և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի քաղաքական գործիչները պետք է պատասխանատվություն ստանձնեն։ Շեշտել է, որ ինքը՝ որպես Թուրքիայի պատգամավոր, նույնպես պատրաստ է ստանձնել ցանկացած պատասխանատվություն։

Պատգամավորը խիստ կարևոր և պատմական է որակել երկու երկրների հարաբերությունների կարգավորման վերաբերյալ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի և Հայաստանի ԱԳՆ-ի հայտարարությունները։ Նա ընդգծել է հարաբերությունների կարգավորման ճանապարհային քարտեզի վրա աշխատելու կարևորությունը։

Փայլանը նշել է, որ երկու ժողովուրդների և երկու պետությունների միջև առկա նախապաշարմունքները շատ հեշտությամբ կարող են վերանալ, քանի որ երկու ժողովուրդներն ապրել են միասին հարյուրավոր տարիներ։

Նրա գնահատմամբ՝ կարևոր քայլ է այն, որ և՛ Հայաստանի ավիաընկերությունը, և՛ Թուրքիայի ավիաընկերություններն ուղիղ չվերթներ են սկսելու իրականացնել։

«Կարծում եմ, որ դրան պետք է անպայման հետևի տնտեսական հարաբերությունների զարգացումը։ Դրա համար էլ անհրաժեշտ է, որ անպայման բացվի սահմանը»,-ընդգծել է Փայլանը և հավելել, որ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերություններ պետք է հաստատվեն, փոխադարձ դեսպանություններ բացվեն և դեսպաններ նշանակվեն։