RSF. Հայաստանը հետընթաց է գրանցել մամուլի ազատության ինդեքսում. «Լրագրողների նկատմամբ բռնությունը հաճախ մնում է անպատիժ»

«Լրագրողներ առանց սահմանների» (RSF) կազմակերպության հրապարակած Մամուլի ազատության համաշխարհային ինդեքսի համաձայն՝ Հայաստանը 2026 թվականին հետընթաց է գրանցել՝ 34-րդ հորիզոնականից նահանջելով 50-րդ տեղ։

Ըստ կազմակերպության՝ 2025 թվականին Հայաստանը 73.96 միավորով զբաղեցնում էր 34-րդ հորիզոնականը 180 երկրների շարքում։ Ինդեքսը գնահատում է մամուլի ազատության մակարդակը՝ հաշվի առնելով քաղաքական միջավայրը, տնտեսական պայմանները, օրենսդրական դաշտը, սոցիալական գործոնները և լրագրողների անվտանգությունը։

RSF-ի հաղորդագրության մեջ նշվում է, որ «չնայած մեդիա դաշտի բազմազանությանը, Հայաստանում լրատվամիջոցները շարունակում են մնալ խորապես բևեռացված», իսկ երկիրը «բախվում է ապատեղեկատվության և ատելության խոսքի աննախադեպ մակարդակի»։

Կազմակերպությունը փաստում է, որ «ներքին քաղաքական լարվածությունը, սահմանային անվտանգության խնդիրները և Ռուսաստանի ու Եվրամիության միջև Հայաստանի բարդ դիրքը» շարունակում են ազդել տեղեկատվական միջավայրի վրա։

Ըստ RSF-ի՝ «սոցիալական ցանցերը, որոնք օգտագործում է բնակչության շուրջ երկու երրորդը, դարձել են տեղեկատվության հիմնական աղբյուրը», մինչդեռ «հեռարձակվող և տպագիր լրատվամիջոցների մեծ մասը շարունակում է գործել քաղաքական և բիզնես շահերի ազդեցության ներքո»։

Միևնույն ժամանակ, ըստ կազմակերպության, «մեդիայի բևեռացումը արտացոլում է քաղաքական դաշտի բաժանումը», և «միայն սահմանափակ թվով լրատվամիջոցներ են պահպանում իրական անկախություն»։

Հատկապես զգայուն են համարվում Ադրբեջանի հետ բանակցությունների և Ռուսաստանի հետ հարաբերությունների թեմաները, որոնց շուրջ, ըստ RSF-ի, «լրագրողները հաճախ բախվում են համակարգված ապատեղեկատվական արշավների և հիբրիդային ազդեցության գործողությունների»։

Իրավական դաշտի վերաբերյալ կազմակերպությունը նշում է, որ «թեև զրպարտության քրեականացումը վերացվել է և ներդրվել են մեդիա սեփականության թափանցիկության ապահովման մեխանիզմներ, համակարգը դեռևս լիարժեք չի պաշտպանում մամուլի ազատությունը և չի համապատասխանում եվրոպական չափանիշներին»։

Բացի այդ, ըստ RSF-ի, «պետական տեղեկատվության հասանելիությունը հաճախ սահմանափակվում է՝ մերժումների և ուշացումների միջոցով»։

Տնտեսական իրավիճակի մասով կազմակերպությունը նշում է, որ «լրատվամիջոցների մեծ մասը վերահսկվում է քաղաքական շրջանակներին մոտ անձանց կողմից», իսկ «գովազդային շուկայի թերզարգացվածությունը սահմանափակում է ֆինանսական անկախությունը»։ Միաժամանակ «պետական լրատվամիջոցները հիմնականում խուսափում են իշխանությունների քննադատությունից»։

Սոցիալական միջավայրի վերաբերյալ RSF-ը ընդգծում է, որ «լրագրողի մասնագիտությունը արժեզրկվում է և ենթարկվում է ատելության խոսքի», իսկ «քաղաքական էլիտաների հակամեդիա հռետորաբանությունը ստեղծում է անհանդուրժողականության մթնոլորտ»։

Անվտանգության առումով կազմակերպությունը նշում է, որ «լրագրողները հաճախ ենթարկվում են ճնշումների, վիրավորանքների և բռնության՝ թե՛ իշխանական, թե՛ ընդդիմադիր շրջանակների կողմից», և «ընդհանուր առմամբ նման դեպքերը մնում են անպատիժ»։

Միևնույն ժամանակ RSF-ը արձանագրում է, որ Հայաստանը շարունակում է մնալ համեմատաբար բարձր դիրքերում տարածաշրջանում, պահպանելով մամուլի ազատության առաջատարի կարգավիճակ Հարավային Կովկասում։

Ըստ «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության՝ լրագրությունը որպես մասնագիտություն Հայաստանում հաճախ արժեզրկվում է և ենթարկվում ատելության խոսքի, քաղաքական գործիչները լրագրողներին մեղադրում են «կոռուպցիայի» կամ իրենց հակառակորդների շահերը սպասարկելու մեջ:

«Լրագրողները հաճախ ճնշումների, վիրավորանքների և բռնության են ենթարկվում ինչպես իշխանության ներկայացուցիչների, այնպես էլ ընդդիմադիր քաղաքական գործիչների և նրանց աջակիցների կողմից՝ խորհրդարանում, փողոցում և սոցիալական մեդիայում», – ասված է զեկույցում: Իրավապաշտպանները նկատում են, որ լրագրողների նկատմամբ բռնության դեպքերը հաճախ մնում են անպատիժ:

Չնայած նահանջին՝ Հայաստանը տարածաշրջանում առաջատարն է մամուլի ազատության առումով։ Վրաստանը 135-րդ տեղում է (նախորդ տարի զբաղեցնում էր 114-րդ տեղը), Ադրբեջանը 171-րդ տեղում է (2025-ին 167-րդն էր), Թուրքիան 163-րդն է (159-րդը՝ 2025 թվականին), Իրանը՝ 177-րդը (2025-ի համեմատ 1 տեղով նահանջել է )։ ՌԴ-ն նույնպես նախորդ տարվա համեմատ նահանջել է 1 տեղով և այժմ 172-րդն է։