Ադրբեջանը քրիստոնյա հայերին ինտեգրելու ծրագիր չունի. Մարուքյան

Ադրբեջանն ամեն օր ապացուցում է, որ ի վիճակի չէ անգամ ապահովելու այն նարատիվները, որոնք ձևակերպում է միջազգային հանրության աչքի առջև։

«Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ նման տեսակետ է հայտնել Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը՝ «Թվիթեր»-ի իր էջում անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի նկատմամբ պաշտոնական Բաքվի կողմից իրականացվող քաղաքականությանը։
 

Վկայակոչելով Ադրբեջանի պնդումն առ այն, որ իրենք ցանկանում են ինտեգրել Լեռնային Ղարաբաղի հայերին, և որ նրանք իրենց քաղաքացիներն են՝ Մարուքյանն ընդգծել է, որ միջազգային հանրությունն այդ առթիվ Ադրբեջանից պահանջել է վստահության ամրապնդման միջոցներ ձեռնարկել և ուղիղ բանակցություններ սկսել Լեռնային Ղարաբաղի հայերի ներկայացուցիչների հետ՝ ներդնելով միջազգային մեխանիզմ՝ Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության երաշխիքներով։

«Դրան ի պատասխան, քրիստոնյա հայերին ինտեգրելու փոխարեն, Ադրբեջանը սպանում է նրանց՝ կազմակերպելով տարբեր դիվերսիոն գործողություններ, ապա ոչնչացնում քրիստոնեական եկեղեցիներն ու քրիստոնեական ժառանգության հուշարձանները, հետևաբար Ադրբեջանը քրիստոնյա հայերին ինտեգրելու ծրագիր չունի։ Ավելին, շուրջ 7 ամիս դադարեցրել է գազամատակարարումն ու էլեկտրաէներգիան, շրջափակման մեջ է պահում Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությանը, արդեն արձանագրվել են սովի պատճառով երեխաների մահանալու դեպքեր»,- նշել է Մարուքյանը «Թվիթեր»-ի իր էջում։

Նրա դիտարկմամբ՝ նման քայլերով Ադրբեջանը կատարում է միջազգային քրեական հանցագործություն՝ բոլորին հասկացնելով, որ վստահություն ստեղծելու միջոցներ չի ձեռնարկում։ Դա ցույց է տալիս, որ իրականացվող քաղաքականությունը կոչված է ոչ թե հայ ժողովրդին ինտեգրելու, այլ Լեռնային Ղարաբաղը էթնիկ զտումների ենթարկելու՝ ի վերջո թողնելով մի կտոր հող առանց ժողովրդի։

«Բացահայտ փաստարկների ճնշման տակ, որոնք արդեն իսկ ապացուցված են ստույգ իրողություններով, միջազգային հանրության լիբերալ ժողովրդավարական ինստիտուտները կամ պետք է ընդունեն, որ իրենք կիսում են Լեռնային Ղարաբաղի 120.000 հայերի, այդ թվում՝ 30.000 երեխաների սովի, սպանությունների և էթնիկ զտումների քաղաքականությունը, կամ պետք է հստակ քայլեր ձեռնարկեն միջազգային հանրության միջամտության տեսքով՝ դադարեցնելու մարդկության դեմ ուղղված այդ հանցագործությունները։ Հակառակ դեպքում 21-րդ դարը նշանավորվելու է մարդու իրավունքների ևս մեկ զանգվածային ոտնահարմամբ, ավելի կոնկրետ՝ միջազգային քրեական հանցագործությամբ, որը դեռ հնարավոր է կանխել միջազգային հանրության միջամտությամբ»,- եզրափակել է Մարուքյանը։