Ամանորյա թանկարժեք տոները՝ Երևանից դուրս. «Դեռ նոյեմբերի սկզբին եմ զանգել Ծաղկաձոր, թե՛ սենյակները, թե՛ քոթեջները սպառված էին, ազատ տեղեր չկային»

«Դեռ նոյեմբերի սկզբին եմ զանգել Ծաղկաձորի «Էլեգանտ» հյուրանոց, որտեղ թե՛սենյակները, թե՛ քոթեջները սպառված էին, ազատ տեղեր չկային: Մեկ ազատ ստանդարտ համար էր մնացել, որտեղ վեց օր մնալու համար պետք է վճարեինք 1 մլն 80 հազար դրամ»,- «Մեդիալաբին» ասում է Երևան քաղաքի բնակչուհի 31-ամյա Անի Պողոսյանը, որը ցանկացել է 5 հոգանոց ընտանիքի հետ ամանորյա հանգիստն անցկացնել քաղաքից դուրս:

Ծաղկաձորի «Սայա» հյուրանոցում էլ Անիին առաջարկել են վեց օրվա համար վճարել 700 հազար դրամ, բայց գումարի մեջ սնունդը ներառված չի եղել:

«Ծաղկաձորի բարձր գների, նաև ազատ տեղեր չլինելու պատճառով, որ կարողանայինք մեր սրտով համար ընտրել, ամուսնուս հետ որոշեցինք ամանորյա արձակուրդն անցկացնել Սևանի հյուրանոցներից մեկում»,- ասում է Անին:

Սևանի հյուրանոցային համալիրի քոթեջը, որտեղ նախընտրել է Անին անցկացնել ընտանեկան հանգիստը, ընտանիքը կարողացել է վարձակալել 90 հազար դրամ օրավարձով, որն իր մեջ ներառել է միայն նախաճաշը: Ստանդարտ համարների օրավարձն այդ հյուրանոցում սկսվում է 40 հազար դրամից:

Սակայն, ամառվա լավագույն հանգստի ուղղություն համարվող Սևանա լիճն իր հյուրանոցներով և հյուրատներով, ձմռան և Ամանորի նախաշեմին այնքան էլ մրցունակ և նախընտրելի չէ Նոր տարին դրսում նշել ցանկացողների համար։ 

Սևանն այս շրջանում պահանջված ուղղություն չէ, նախընտրելի ուղղություններ են Դիլիջանը, Աղվերանը, Ծաղկաձորը, Գյումրին ու Գորիսը: Այս ուղղություններով հյուրանոցներում ու հյուրատներում այս օրերին՝ Ամանորից մեկ ամիս առաջ, ազատ տեղեր գտնելն այնքան էլ հեշտ չէ։ 

«Վանաձոր, Գորիս, Գյումրի՝ այսօր, որպես ամանորյա փաթեթ, առաջարկում ենք միայն այս ուղղությունները: Ընտրվել են այս երեքը, որովհետև բավականին ակտիվ են, ու մի քանի տարի է՝ իրականացնում ենք այս ուղղություններով տուր փաթեթներ, ու բավականին մեծ արձագանքներ կան»,- «Մեդիալաբին» ասում են «Ուան վեյ տուր» տուրիստական գործակալությունից, որը Հայաստանում այն քիչ գործակալություններից է, որ իրականացնում է և՛ արտագնա, և՛ ներգնա տուրեր:

Գործակալության խոսքով՝ այս տարի Դիլիջան, Ծաղկաձոր, Աղվերան ուղղությունները չեն ընդգրկել, փոխարենն առաջարկում են Վանաձոր, Գորիս, Գյումրի ուղղությունները:

Երկու գիշեր, երեք օր տարբերակով տուր փաթեթը Վանաձորի պարագայում արժի 79 հազար դրամ, Գյումրիինը՝ 69 հազար դրամ, իսկ Գորիսինը՝ 95 հազար դրամ, որն իր մեջ ներառում է երեքանգամյա սնունդ, ի տարբերություն նախորդ երկուսի, որոնցում միայն նախաճաշն է ներառված գումարի մեջ:

Պայմանավորված հանգամանքով, որ այս տարի ամանորյա հանգստյան օրերը կրճատվեցին, և այս տարի ոչ աշխատանքային կլինի դեկտեմբերի 31-ից հունվարի 3-ը ներառյալ, առաջարկվող ամանորյա փաթեթները հենց երեք օրով են տրամադրվում:

«Դիլիջան-պարկ ռեզորթ» հյուրանոցում, որտեղ մարդիկ ամանորյա ամրագրումներն անում են դեռ նոյեմբերի սկզբից, այս պահին շատ քիչ ազատ տեղեր են մնացել:

«Ստանդարտ համարները՝ երկու անձի համար, երեքանգամյա սնունդով և տոնական ընթրիքով, արժի 350 հազար դրամ: Կախված սենյակի դասակարգումից ու փաթեթում ներառվածից՝ արդեն արժեքը բարձրանում է: Փաթեթը հիմնականում երեքօրյա է, ցանկության դեպքում՝ կարող են երկարաձգել»,- «Դիլիջան-պարկ ռեզորթ» հյուրանոցի ադմինիստրացիայի բաժնից ասում են «Մեդիալաբին»:

«Աղվերան Արարատ ռեզորթ» հյուրանոցում, որտեղ մնացել է ընդամենը երկու-երեք ազատ տեղ, ևս ամանորյա եռօրյա փաթեթ են առաջարկում:

«Փաթեթները տարբեր են ու սկսվում են 410 հազար դրամից՝ երկու անձի համար: Ներառում է երկուանգամյա սնունդ: Կախված արդեն փաթեթներից՝ արժեքներն ավելանում են»,- «Մեդիալաբին» ասում են հյուրանոցի ադմինիստրացիայից:

Ծաղկաձորի «Ռոսիա» հյուրանոցում, որտեղ ազատ տեղեր չկան դեռ նոյեմբերի սկզբներից, գործում է վեցօրյա ամանորյա փաթեթ:

«Երկու անձի համար ստանդարտ համարում հանգիստն արժի 800 հազար դրամ, որն իր մեջ ներառում է երեքանգամյա սնունդ ու ծառայությունները, նաև Զատիկի նշում: 

Հաջորդաբար՝ կիսալյուքս համարներն արժեն 1 մլն 200 հազար դրամ, դելյուքս համարները՝ 1 մլն 300 հազար, լյուքսը՝ 1 մլն 800 հազար, իսկ նախագահականները՝ 2 մլն 100 հազար դրամ: 

Ընտանեկան փաթեթը՝ չորս անձի համար, արժի 1 մլն 200 հազար դրամ, իսկ ընտանեկան մի փոքր մեծ բաժինը՝ 1 մլն 400 հազար դրամ»,- «Ռոսիա» հյուրանոցի ադմինիստրացիայի բաժնից ասում են «Մեդիալաբին»:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am