Հիշողություններ, որոնք չեն մոռացվում․ «Ալամեզոն» Բլոգ

Հիշողություններ, որոնք չեն մոռացվում․ «Ալամեզոն» Բլոգ
Հիշողություններ, որոնք չեն մոռացվում․ «Ալամեզոն» Բլոգ

Ձմեռը Էլզասում թեև հիմնականում առանց ձյուն է անցնում, բայց անհանգիստ, սառը քամին ամենուր է : Տատս կասեր՝ «ցուրտը մտնում է ոսկորներս»: Չես ուզում ոչինչ անես, ձագուկիդ գրկես ու նստես քո տաքուկ տանը, սպասես մինչև ամառը գա: Հաղթահարելով ամբողջ ատելությունս ձմեռվա հանդեպ դուրս եկա տանից` հաց գնելու:

Չգիտեմ առանձնահատուկ ցուրտն էր մեղավոր թե տրամադրությունս, բայց երբ հացի խանութ մտա, ու ֆրանսիական բագետների, կրուասանների, բուլկիների զգլխիչ հոտերը խելքամահ արեցին, կարծես ինչ-որ մեկը թեվիցս քաշելով տարավ 90 ականնների իմ ծննդվայր՝ Էջմիածին, մեր հին փողոցի հացի խանութը …

Հետաքրքիր բան է հիշողությունը չէ՞, կյանքիդ որևէ դրվագ մեջդ քնած է լինում ու մեկ էլ մի հացի բույրի հետ դառնում է ժամանակի մեքենա ու քեզ տանում նույն ձմեռը, միգուցե նույն օրը 23 տարի առաջ, երբ 8 տարեկան երեխան, քնաթաթախ դուրս էր գալիս փողոց առավոտ կանուխ ու վազում հացի խանութ ձեռքին հացի տալոնը պինդ բռնած:

Նախանձով էի նայում հացի խանութի տիրոջն, իրան ինչ կա՞, միշտ հաց ունեն .. չեմ կարող ասել թե լիարժեք գիտակցում էի, որ մենք սոված ենք, մենք ` ազգովի, նույնիսկ հիմա հիշողություններս պրպտելով չեմ ասի վստահ, թե սովը զգացել եմ, բայց մատնաքաշը ձեռքերիս մեջ, հերթերի մեջ սպասելը ու հացը տաք֊տաք տուն հացնելը մի մեծ երջանկություն էր ․..

Հիշողություններ կան, որ ոչ ժամանակը ի զորու կլինի ջնջելու, ոչ էլ բարեկեցիկ կյանքը․․․

ֆրանսիական բուլանջեղիները ամենահայտնին են աշխարհում, ցանկացած խանութ մի խոհարարական գլուգործոցների թանգարան լինի կարծես: Ֆրանսիացիները ամեն ինչ թարմ, տեղում պատրաստած հաց են գնում, կրուասան, բուլկիներ:

Զվարճալին այն է, որ ամուսինս ոչ մի կերպ ինձ չի կարողանում «սովորեցնել» երեկվա հացը դեն գցել, ձեռքս չի բարձրանում, գյուղերում ասում են «հացը սուրբ է», հացի սրբությանը հավատալը դժվար է, բայց ամեն անգամ հաց գցելիս ինձ մեղավոր եմ զգում…

Չգիտեմ միգուցե հենց այդ նույն աղջկա հանդեպ, որ ցուրտ դեկտեմբերին տանից դուրս էր գալիս ու վազում փողոցի վերջ` հացի տալոնը ափի մեջ պինդ բռնած․․․

Չգիտեմ ոնց արեցի, ուրախ բանից սկսեցի հասա սրան 🙁

Ձեր՝ Ռոզա Սարգսյան Ֆենդեր

MediaLab Blog