Հայաստանից մի լավ աղջիկ բերեմ։
Չէ՛, չէ՛, չասե՛ք, թե սա զուտ հայկական սխեմա է։ Բոլոր ազգերը, ովքեր զանգվածաբար տեղափոխվել են, ունեցել են այս կարգի ամուսնություն։ Իտալացիները, իռլանդացիները, ռուսները, և ձևաչափը գրեթե չի փոխվել 21-րդ դարում ՝ հայերը, ռուսները, վրացիները, թուրքերը, չեչենները և այլք։
Համաձայնեք՝ էսկորտի պես է հնչում։ Բայց, չէ՛, էսկորտ չի, պարզապես «փոխշահավետ» ամուսնություն։ Հայ չամուսնացած տղաները, ովքեր ապրում են դրսում, տարիներով փափագ մը ունին՝ ամուսնանալ հալալ կաթնակեր, կույս ու հնազանդ մի հայ օրիորդի հետ։ Եվրոպայում ծնված կամ Եվրոպա տեղափոխված աղջիկներին երկրորդ դիվիզիոն են համարում (դե, իհարկե, նայած ընտանիքի)։ Չնայած, եթե անկեղծ լինենք, նման տղաները չես հասկանում կամ «դունչը խաղողին չի հասնում՝ ասում են՝ խակ է», կամ նեղվում են, որ եվրոպաբնակ աղջիկը տոտալ կախում չի ունենա իրենցից։
Էդպես էլ կազմում են հանձնաժողով՝ մոր, մորաքրոջ, քեռակնոջ գլխավորությամբ ու սկսում աղջիկ փնտրել։
Էս պահը միշտ հիշեցնում է էն, որ արքայազնը Մոխրոտին է փնտրում.
– Ում կլինի կոշիկը, կդառնա արքայազնի կինը, կապրի դղյակում ինչպես թագուհի։
Իսկ ո՞վ չէր ուզի:
Ծանոթանում են, սկայպով մի երկու անգամ խոսում ու մատանին Հայաստանում դնում են մատին (տղան էլի սկայպով «ներկա» է լինում) ու սկսում «գործ դասավորել», որ աղջիկը գա հասնի մուրազին։
Ցավոք, մուրազը միշտ չի երազած լինում։
Հաճախ աղջիկները չեն պատկերացնում կամ իրենց սխալ են ներկայացնում։ Տունը՝ անշուք, կյանքը՝ համեմատած Երևանի սրճարանների հետ, անհետաքրքիր։ Իսկ ասպետը, պարզվում է, էնքան էլ ասպետ չի, դղյակն էլ պետության սոցիալական տունն է, իսկ հարմարեցման խնդիրները՝ իրական և հաճախ՝ անհաղթահարելի։ Կարող ես մի մարդու հետ 20 տարի ապրել ու դեռ նրան չճանաչել, ուր մնաց երկու ամսվա կապից հետո։
Այս ամենը շատ դժվար է և շատ բարդ։ Վերջերս մի ծանոթ աղջիկ, ով նշանվել եկել էր, վերադարձավ, չէ՛, փախավ Հայաստան, այն էլ՝ հղի։
Կարծում եմ՝ սա պիտի հաշվի առնեն բոլորը, ովքեր նպատակ ունեն թե՛ Հայաստանից աղջիկ բերելու, թե՛ այն աղջիկները, ում տղաները համացանցով շքեղ կյանք են խոստանում։
Ձեր՝ Ռոզա Սարգսյան Ֆենդեր
MediaLab Blog