Նոյեմբերի 9-ի հայտարարությամբ՝ նոր ճանապարհը պետք է շրջանցի միայն Շուշին, բայց ոչ երբեք Բերձորը կամ Աղավնոն. Շահեն Շահինյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քարտեզագրող Շահեն Շահինյանը

– Պարո՛ն Շահինյան, օգոստոսի 25-ից Արցախ-Հայաստան կապը պետք է ապահովվի Լաչինի միջանցքի այլընտրանքային ճանապարհով։ Այլընտրանքային ճանապարհը Սյունիքի Կոռնիձորով է անցնելու, որը սակայն պատրաստ կլինի եկող տարվա գարնանը։ Մինչ այդ երթևեկությունը պետք է իրականացվի 4 կիլոմետրանոց հողային ճանապարհով, որը միանում է այս պահին գործող մայրուղուն։ Այս այլընտրանքն ի՞նչ նոր խնդիրների առաջ է կանգնեցնելու հայկական երկու պետությանը։

– Նոր ճանապարհի գործարկումը բավականին բարդ և մասնագետների լայն ներգրավվածություն պահանջող աշխատանք է, ու այդտեղ անհրաժեշտ են լուրջ ինժեներական վերլուծություններ՝ հասկանալու համար՝ արդյոք այն ճի՞շտ է նախագծվել, նորմերին համապատասխա՞ն է։ Այդ ճանապարհը պետք է լինի երկարակյաց, պետք է ծառայի տասնամյակներով ու հնարավորություն ստեղծի կապ ապահովել ամբողջ տարվա ընթացքում, այսինքն՝ չլինի մի եղանակ, որի պարագայում այն կփակվի։ 

Այս առումով բավականին լուրջ մասնագիտական աշխատանքներ պետք է անցկացվեին երթուղին նախապես համաձայնեցնելու շուրջ, իսկ մենք, ինչպես հասկացանք, երթուղին կա՛մ համաձայնեցված չէ, կա՛մ համաձայնեցված է գաղտնի կերպով, ինչի հիման վրա էլ Ադրբեջանը սկսել է կառուցել ու հիմա էլ հայտարարում է, որ շինարարությունն ավարտել է իր մասում։ 

Այստեղ բավականին մեծ վտանգներ կան, որովհետև մենք ընդհանրապես տեղեկություն չունենք այդ նոր ճանապարհի ինժեներական մասի վերաբերյալ, իսկ այն, ինչ տեսել ենք վերջին մի քանի տարիներին, թույլ է տալիս ենթադրել, որ մեր հարևան երկիրը ընդունակ չէ որևէ լավ բան մեզ համար անել։ 

Հարցի մյուս կողմն էլ այն է, որ դարձյալ հայտնի չէ, թե ինչպիսի՞ն են լինելու այդ նոր միջանցքի պարամետրերը՝ որտեղո՞վ է անցնելու, ի՞նչ բնակավայրեր է ներառելու։ Այստեղ պետք է դիտարկել Բերձոր, Աղավնո և Սուս բնակավայրերի հարցը, որոնք գտնվում են Լաչինի միջանցքին հարակից, որտեղ փաստացի ապրում են հայեր, իսկ այդ մասը կարգավորված չէ ո՛չ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ, ո՛չ էլ դրան հաջորդող ոչ մի փաստաթղթում։

– Արդեն պարզ է, ձեր նշած այդ տարածքներն անցնելու են թշնամու վերահսկողության տակ։ Ձեր դիտարկմամբ՝ հնարավո՞ր էր այդ այլընտրանքային ճանապարհն այնպես նախագծել, որ գոնե Աղավնոն, ինչպես Արցախի նախագահն էր ասում, թե հույսեր կան, որ կկարողանանք պահել, մնար հայկական։

– Իրականում նոյեմբերի 9-ի հայտարարության՝ ճանապարհին վերաբերող դրույթներում հստակ գրված է, որ ճանապարհի փոփոխությունը հիմնականում կատարում են նրա համար, որպեսզի շրջանցի Շուշի քաղաքը, այսինքն՝ այդ ճանապարհը կարելի էր փոխել ոչ թե 70%-ով, այլ՝ 10-20%-ով, այսինքն՝ շրջանցել միայն Շուշի քաղաքը։ 

Փոխարենը հատուկ նախագծվեց այնպիսի ճանապարհ, որն անցնում է ավելի հարավ՝ Լաչինի միջանցքի ամբողջ տարածքից ու մտնելով Արցախի ներկայիս հատված՝ շրջանցում է Շուշին, այսինքն՝ նրանք նպատակաուղղված փոխեցին ամբողջ ճանապարհը, որն այս պահին իրավական ոչ մի հիմք չունի, որովհետև նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ կա դրույթ միայն Շուշիի մասին, որ այդ նոր ճանապարհը պետք է շրջանցի միայն Շուշին, բայց ոչ երբեք Բերձորը կամ Աղավնոն։ Միանշանակ՝ կարծում եմ, որ պետք է և՛ դիվանագիտական , և՛ այլ հնարավոր բոլոր խողովակներով քայլեր ձեռնարկվեին պահպանել Բերձորն ու Աղավնոն հայկական։ 

-Կոռնիձորով անցնող այլընտրանքային ճանապարհն ի՞նչ վտանգներ է ունենալու Արցախի և Հայաստանի համար, պարո՛ն Շահինյան։

– Վտանգները շատ են, իրականում Ադրբեջանի նպատակն է մեկուսացնել Արցախն ու հայաթափել։ Թուրքերն ունեն հստակ քաղաքականություն՝ «չկա հայ, չկա խնդիր», այդ տրամաբանությամբ էլ շարժվում են, փորձում են հայաթափել Արցախը, ու եթե չկա հայ ազգաբնակչություն Արցախում, ապա չի լինելու նաև Արցախի խնդիր։ 

Վտանգների մասով․ առաջին հերթին կարող է խզվել Հայաստան-Արցախ անվտանգ կապը, պարբերաբար խոչընդոտվել և՛ տրանսպորտային երթևեկությունը, և՛ բեռնափոխադրումները։ Հայտնի չէ, թե այդ նոր կառուցված ճանապարհը ի՞նչ բարձունքների տակ է գտնվում, արդյոք այդ բարձունքները հսկելու են ռուս խաղաղապահնե՞րը, թե՞ ադրբեջանցիները, այսինքն՝ եթե ճանապարհն այնպիսի երթուղով է կառուցվել, որ հնարավոր է հրաձգային զենքով բլոկադայի ենթարկել, դա պարունակում է շատ լուրջ վտանգներ։

– Արցախի Քաշաթաղի շրջանի, ըստ էության, ադրբեջանական վերահսկողության տակ անցնելը Հայաստանի համար ի՞նչ հետևանքներ է ունենալու, որովհետև խնդիրը միայն Արցախով չի սահմանափակվում, վտանգվում են նաև այդ շրջանին մոտ գտնվող բնակավայրերը ևս, այնպես չէ՞։

– Իրականում, Քարվաճառի ու Քաշաթաղի շրջաններն Ադրբեջանին հանձնելով՝ մենք Հայաստանի սահմանի շատ լուրջ մերկացում ունեցանք, որովհետև առաջ այդ հատվածն առանձին սահմանային գոտի չէր։

Հիմա այն սահման է, որտեղ հաճախ բավականին լուրջ բախումներ են լինում։ Տեսանք Ադրբեջանի ներխուժում Հայաստանի ինքնիշխան տարածք, ու այս տեսանկյունից Լաչինի միջանցքի փոփոխությունը մեծ փոփոխություններ չի բերի, քանի որ հայկական սահմանը ինչպես ենթարկվել ու ենթարկվում է ադրբեջանական ոտնձգության, այնպես էլ շարունակվելու է, այսինքն՝ Լաչինի միջանցքն անցնի ավելի հարավ կամ հյուսիս, էական ոչինչ չի լինի, որովհետև նրանք արդեն իրենց հենակետերն ունեն ՀՀ ինքնիշխան տարածքում։ Մեծ հաշվով՝ պահպանվելու են մինչ օրս առկա վտանգները։ 

– Պարո՛ն Շահինյան, հնարավո՞ր էր այլընտրանքային ճանապարհը նախագծել այնպես, որ վտանգները հնարավորինս քիչ լինեին։

– Միանշանակ կարելի էր ու հիմա էլ կարելի է ճանապարհն այնպես նախագծել, որ վտանգները քիչ լինեն, բայց ամբողջ հարցն այն է, որ Ադրբեջանը հարցերը դիտարկում է ուժի տեսանկյունից։ 

Եթե ճանապարհը համաձայնեցված չէ, ապա մենք կարող ենք հրաժարվել դրանից օգտվել ու մինչև նոր ճանապարհի համաձայնեցումն ու կառուցումը օգտվենք ներկա պահին գոյություն ունեցող Լաչինի միջանցքից, բայց այստեղ բավականին լուրջ վտանգներ կան, որովհետև Ադրբեջանն իրեն զգում է ամենակարող ու Հայաստանից ստանում է այն, ինչ ցանկանում է, և եթե անգամ մի փոքր բան չստանա, կրկին դիմելու է ագրեսիայի, ինչպես դրան ականատես եղանք օրեր առաջ և՛ Արցախում, և՛ Հայաստանում։ 

Հնարավորության տեսանկյունից՝ այո՛, հնարավորություն ունենք հրաժարվել նոր կառուցված ճանապարհից ու պնդել, որ ամեն բան պետք է ընթանա նոյեմբերի 9-ի փաստաթղթի համաձայն, սակայն ուժի տեսանկյունից, երբ Ադրբեջանը ուժ կիրառի, չկարողանանք ուժով հակազդել՝ ստանալու է այն, ինչ ուզում է։

– Ամփոփելով՝ կարո՞ղ ենք ասել, որ Լաչինի այլընտրանքային ճանապարհը մեզ համար վտանգավոր է, ու Արցախ-Հայաստան անխափան կապը հնարավոր է չապահովվի։

– Նոր այլընտրանքային ճանապարհն առաջին հերթին վտանգավոր է նրանով, որ մենք ոչինչ չգիտենք նրա կառուցման, տեխնիկական բնութագրերի վերաբերյալ, չունենք այդ ճանապարհի աշխարհագրության վերաբերյալ մանրամասն տեղեկություններ։ Ելնելով մեր փորձից՝ կարող ենք ասել, որ այս ճանապարհի կառուցումը չի ենթադրելու ինչ-որ մեծ նվեր հայ ժողովրդին։ Երբեք չի կարելի վստահել թշնամուն, այն էլ՝ թուրքի նման թշնամուն։

 Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am