Ինչո՞ւ է ապագա հայ հարսը ֆրանսիացի սկեսրոջը նռնակ նվիրում. «Ալամեզոն» Բլոգ

Ինչո՞ւ է ապագա հայ հարսը ֆրանսիացի սկեսրոջը նռնակ նվիրում. «Ալամեզոն» Բլոգ
Ինչո՞ւ է ապագա հայ հարսը ֆրանսիացի սկեսրոջը նռնակ նվիրում. «Ալամեզոն» Բլոգ

Գալիս է մի տարիք, երբ բացահայտում ես, որ նուռը հեչ էլ միայն հայկական սիմվոլ չէ, ու ծանր ես տանում։ Հա՛, հա՛, ես ծանր տարա։ Երբ բացահայտեցի, որ, օրինակ՝ թուրքերը նույնպես նուռ են օգտագործում, ու երբ տատս ասեց՝ շատերն են օգտագործում, ինձ մի տեսակ խաբված զգացի։

Տարիներ հետո, երբ նոր էի ծանոթացել Ժորդանի հետ, իր մայրիկից նվեր էի ստացել և ուզում էի իմ կողմից նռան տեսքով հայկական կավե մոմակալ նվիրել Դոմինիկին։ Երբ Ժորդանն իմացավ, զարմացած հարցրեց. 

– Կներես, իսկ ինչո՞ւ հենց գրանատ (ախր ֆրանսերենում «նուռ» ու «նռնակ» բառերը նույն կերպ են հնչում: Դա էլ դարձավ ընտանեկան անեկդոտ, թե ինչու է ապագա հայ հարսը սկեսրոջը նռնակ նվիրում։)

Իսկ բազուկով աղցանն էլ պակաս հետաքրքիր էր, երբ նորահարս էի։ Սկեսուրս հա հրամցնում էր բազուկով աղցան՝ քացախ, բազիլիկ, սև պղպեղ, մանանեխ։ Մի օր չդիմացա. վերցրեցի և ավանդականը պատրաստեցի՝ նռով, սխտորով, ընկույզով: Հարկ կա՞ ասելու, որ սա նրա համար դարձավ ամենասիրած աղցաններից մեկը։

Ընդհանրապես, իմ ֆրանսիական ընտանիքը սկզբում ապշում էր, թե ինչ ջանասիրությամբ եմ նուռը «խորճկում» ամեն տեսակի ուտեստների մեջ, հետո՝ համակերպվեց, իսկ հետո թե՛ ամուսինս, թե՛ սկեսրայրս լռելյայն համաձայնությամբ տան մրգերի կողովում ավելացրեցին մշտական նուռը: Ու թեև էստեղ հայկական նուռ չկա, բայց մնացած երկրներինն էլ պակաս համեղ չէ (ինչը չես ասի, օրինակ՝ տեղի անհամ ծիրանի մասին):

Իսկ այս տարբերակը շատ ավելի դիետիկ, թեթև և համեղ է. 

Երկու խաշած բազուկ

Երկու թարմ գազար

Անցկացնել քերիչով, ավելացնել նուռ, ընկույզ, սխտորի փոշի, սև պղպեղ և աղ: 

Նաև՝ մեկ թեյի գդալ բնական, առանց հավելումների յոգուրտ (հունական կամ քամած մածուն):

Ձեր՝ Ռոզա Սարգսյան Ֆենդեր

MediaLab Blog