«Սիրելի կնոջս, սիրում եմ հավերժ». «Ալամեզոն» Բլոգ

«Սիրելի կնոջս, սիրում եմ հավերժ». «Ալամեզոն» Բլոգ
«Սիրելի կնոջս, սիրում եմ հավերժ». «Ալամեզոն» Բլոգ

Այսօր տնից դուրս էի եկել ֆրանսիական շոկոլադի մասին նյութ պատրաստելու, արդյունքում` վերադարձա տուն ամուսնուս համար գնած շոկոլադով, վերցրեցի սուրճս, նստեցի համակարգչի առաջ ու որոշեցի գրել սիրո մասին ։ Չէ՛, չեմ փիլիսոփայելու, ոչ էլ հատուկ գաղտնիքներ եմ բացելու այն մարդկանց համար, ովքեր կողակից չունեն։ Իսկ գաղտնիք կա՞ որ։ Կարծում եմ` չկա, թերևս իմ տարբերակը` մշտապես սպասել հրաշքին։ Իսկ հրաշքներ լինում են ամեն քայլափոխին:

2013 թվականի ամռանը, երբ տեղափոխվել էինք քաղաքի ծայրամասերից մեկը վարձով բնակվելու, նկատեցի, որ կողքիս հարևանը միայնակ ապրող աղջիկ է։ Մի օր հանդիպեցինք վերելակի դռան մոտ, հարցրեց. 

– Որտեղի՞ց ես:

– Հայաստանից:

– է՜, հարևան ջանո՜ւմ, ես էլ թուրք եմ, կգաս մի օր սրճենք:

Այդպես սկսվեց իմ ու Գյուլի ընկերությունը։ Դժվար կյանք ապրած երիտասարդ Գյուլը մի մեծ և կարևոր դեր պիտի խաղար իմ կյանքում։ Հենց նա ինձ ծանոթացրեց Ժորդանի հետ, դեհ, ծանոթացնելը ո՞րն է, սպառնալիքներով, խնդրելով, բացատրելով. «Ախր ես գիտեմ, հենց Ժորդանն է քո ապագա ամուսինը»։

Նույնիսկ տարօրինակ էր, թե ոնց էր համառորեն պնդում, կարծես ինքն ավելի հստակ էր տեսնում ապագաս, քան ես, դա էլ հրաշք է, չէ, ընկերական սերը, երբ ընկերուհուդ ավելի մեծ երջանկություն ցանկանում ես, քան ինքդ ունես։ 

Իսկ Ժորդանը Հայաստանի և հայերի մասին բացարձակապես ոչինչ չգիտեր.

– Որտեղի՞ց ես,- հարցրեց ինձ առաջին հանդիպմանը:

– Հայաստանից:

– Որտեղի՞ց, Հայաստանը որտե՞ղ է…

– Ո՞նց,- զարմացա ես,- Հայաստանի մասին երբեք ոչինչ չե՞ս լսել: 

– Երբեք:

Այսպես սկսվեց մեր տարօրինակ հանդիպումը. հայ, որ մի կերպ էր գնացել հանդիպման, ֆրանսիացի, ով ոչինչ չգիտեր հայերի մասին։

Ահա, արդեն 5 տարի, երկու երեխա և Ժորդանի համար հայագիտության 5-ամյա դասընթացից հետո կարող եմ հստակ ասել. չէ՛, իրականում հրաշքներ լինում են, իսկ հրաշքի սպասումը շատ ավելի քաղցր և համեղ է դարձնում կյանքը, ճիշտ այնպես, ինչպես ֆրանսիական շոկոլադը։ 

Երբ շոկոլադ պատրաստող պարոն Շմիթին հարցրեցի` ո՞րն է այս համեղ շոկոլադի գաղտնիքը, ասեց` ամեն ինչ անում ենք մեծ սիրով, ոչինչ մեխանիկորեն չի ստացվում, ամեն շոկոլադե նվեր պատրաստելիս պատկերացնում ենք այն մարդուն, ում համար պիտի նվերը գնեն։ Իսկ Վալենտինի տոնին ֆրանսիացիները մեծ նվերներ չեն գնում` մի փոքրիկ տուփ շոկոլադ, մի փոքրիկ փունջ ծաղիկներ։

Ավելի հուզիչ է, երբ տոնը նշում են մեծահասակները։ Երբ խանութում զրուցում էի պարոն Շմիթի հետ, տեսա թե ինչպես է տարեց մի մարդ փայլող աչքերով պատվիրում շոկոլադ և խնդրում գրառել. «Սիրելի կնոջս, սիրում եմ հավերժ»:

Ձեր՝ Ռոզա Սարգսյան Ֆենդեր

MediaLab Blog