Ryanair-ի ինքնաթիռի ուղևորի կինը պատմել է, թե ինչպես է թռիչքի ժամանակ բռնել ամուսնու ոտքերից և մյուս ուղևորների օգնությամբ նրան ներս քաշել, երբ տղամարդու մարմնի կեսն արդեն ինքնաթիռից դուրս էր հայտնվել։
Ինչպես գրում է The Guardian-ը, Հունաստանի Սալոնիկ քաղաքից Գերմանիայի Մեմինգեն քաղաք մեկնող չվերթի ժամանակ շարժիչի խափանման հետևանքով պոկված բեկորները հարվածել և կոտրել են ինքնաթիռի պատուհանը։ Պատուհանի մոտ նստած Լյուբիշա Կարովիչը գլխով առաջ դուրս է քաշվել ինքնաթիռից։
«Նրա մարմնի կեսը ինքնաթիռից դուրս էր։ Ես անմիջապես արձագանքեցի և բռնեցի նրա ոտքերից։ Այդ պահին մտածեցի՝ եթե մեռնել, ապա միասին»,- պատմել է նրա կինը՝ Սվետլանա Գրկովիչը։
Կնոջ խոսքով՝ ամուսինը մոտ երկու րոպե մինչև կրծքավանդակը գտնվել է ինքնաթիռից դուրս։ Երկու ուղևորների օգնությամբ նրան հաջողվել է տղամարդուն ներս քաշել։ Դեպքի ընթացքում նա երեք անգամ կորցրել է գիտակցությունը։
Ինքնաթիռում ճնշման կտրուկ անկում է գրանցվել, առաստաղից իջել են թթվածնային դիմակները, իսկ ուղևորներից շատերը խուճապահար հեռացել են իրենց նստատեղերից։ Թռիչքից մոտ տասը րոպե անց ինքնաթիռը կտրուկ նվազեցրել է բարձրությունը շուրջ 2700 մետրով։
61-ամյա Լյուբիշա Կարովիչը շարունակում է բուժում ստանալ Հունաստանի հիվանդանոցներից մեկում։ Նրա կինը հայտնել է, որ տղամարդը ծանր վնասվածքներ և այրվածքներ ունի, չի կարողանում հաղորդակցվել և ամբողջությամբ չի հիշում կատարվածը։
Ինքնաթիռը բարեհաջող վերադարձել է Սալոնիկի օդանավակայան։ Միջադեպի պատճառները քննվում են Հունաստանի օդային և երկաթուղային անվտանգության հետաքննության մարմնի կողմից։



















