Հերոին, մեթամֆետամին, մարիխուանա. ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության շղթա են բացահայտել. Տեսանյութ

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության և Արաբկիրի բաժնի ծառայողները համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումներով և նախաքննական մարմնի հետ համագործակցությամբ բացահայտել են ապօրինի թմրաշրջանառության, այսպես ասած՝ հերթական շղթան։

Ապրիլի 21-ին Արաբկիր վարչական շրջանում հայտնաբերվեցին ու, թմրամիջոց պահելու կասկածանքով, բաժին բերման ենթարկվեցին երկու տղամարդ, որոնց անձնական խուզարկությամբ հայտնաբերվեցին տարբեր քաշերով հերոինի և մարիխուանայի նմանվող զանգվածներ։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվեցին։

Ոստիկանները փաստական տվյալներ ձեռք բերեցին, թե բերման ենթարկվածները ումից են ձեռք բերել թմրամիջոցի նմանվող զանգվածները։ Տղամարդը ևս հայտնաբերվեց և, թմրամիջոց պահելու, օգտագործելու և իրացնելու կասկածանքով, մեքենայով հանդերձ, բերման ենթարկվեց ոստիկանության Արաբկիրի բաժին։ Տղամարդու խուզարկությամբ և մեքենայի զննությամբ հայտնաբերվեցին տարբեր քաշերով հերոինի և մեթամֆետամինի նմանվող զանգվածներ, դանակներ, մահակ և այլն։

Դատարանի որոշմամբ խուզարկվեց նաև բերման ենթարկվածի բնակարանը։ Դարձյալ հայտնաբերվեցին տարբեր քաշերով հերոինի, մեթամֆետամինի և մարիխուանայի նմանվող զանգվածներ, հոգեմետ դեղահաբեր և այլն։ Տղամարդը ձերբակալվել է։ Նշանակվել են փորձաքննություններ։ Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։ Այս մասին տեղեկացնում է ոստիկանությունը։