Հայկական կինոյի թախիծն ու ժպիտը.Մահացել է ականավոր դերասանուհի Գալյա Նովենցը

Հայկական կինոյի թախիծն ու ժպիտը.Մահացել է ականավոր դերասանուհի Գալյա Նովենցը
Հայկական կինոյի թախիծն ու ժպիտը.Մահացել է ականավոր դերասանուհի Գալյա Նովենցը

Այսօր, 75 տարեկան հասակում ծանր հիվանդությունից հետո վախճանվել է հայ թատրոնի և կինոյի նշանավոր վարպետ, Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր, միջազգային կինոփառատոների մրցանակակիր Գալյա Նովենցը:
Այս մասին տեղեկացնում է news.am լրատվական կայքը:
Նովենցը հիսունից ավելի դեր է խաղացել թատրոնում, ռադիոբեմադրություններում, հարյուրից ավելի կրկնօրինակումներ է կատարել: Նա նկարահանվել է մոտ երեք տասնյակ ֆիլմերում, մասնավորապես` «Բարև, ես եմ», «Մենք ենք, մեր սարերը», «Այս խաչմերուկում», «Հին օրերի երգը», «Նահապետ», «Մեր մանկության տանգոն», «Գիքորը», «Սպիտակ անուրջներ», «Կտոր մը երկինք»:

«Ականավոր դերասանուհին իր ստեղծագործական կենսագրությունը սկսել էր 1958 թվականին՝ ավարտելով Երևանի պետական թատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետն ու աշխատանքի անցնելով Կապանի պետական թատրոնում: Այնուհետև երկար տարիներ նա աշխատել է Սունդուկյանի անվան ակադեմիական, Գյումրու Վարդան Աճեմյանի անվան, Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան, Սոս Սարգսյանի գլխավորած «Համազգային» թատրոններում:

Կյանքի վերջին տարիներին նա Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի դերասանուհի էր:Գալյա Նովենցը հայկական կինոէկրան բերեց հայ կնոջ կերպարը: Նրան համարում էին բոլոր ժամանակների հայ և խորհրդային կինոյի ամենանշանավոր և ամենատաղանդավոր վարպետներից մեկը»,-նշում է աղբյուրը:

««Մեր մանկության տանգոն» ֆիլմի շնորհիվ դերասանուհին վաստակեց փառք, հաջողություն` վայելելով հանդիսատեսի սերը: Թեպետ նկարահանումից առաջ Նովենցն արդեն հայտնի ու կայացած դերասանուհի էր, սակայն ֆիլմի էկրանավորումից հետո շատերը նրան ոչ թե Գալյա, այլ Սիրանուշ էին դիմում: Թերեւս դա է նովենցյան դերասանական ուժի գաղտնիքը` կերպարանափոխվել ու հրաշալի մարմնավորել յուրաքանչյուր հերոսուհու` ֆրանսիական ժամանակակից մադամ, հայ ավանդական կին, թե որդեկորույս մայր»,-տարիներ առաջ դերասանուհու կյանքին անդրադառնալով գրում է «Ազգը»՝ նկարագրելով ականավոր դերասանուհուն, որպես «հայկական կինոյի թախիծն ու ժպիտը» :

«Ես ու Սիրանուշը ունենք բնավորության նման գծեր: Նվիրված է ոչ միայն ընտանիքին, այլեւ շրջապատին, ընկերներին: Ինձ համար էլ կարեւորագույն նշանակություն ունեն երեխաներս, թոռներս: Կցանկանայի նրա նման ակտիվ կին լինել: Ներքուստ ակտիվ անձնավորություն եմ, բայց երեւի ինքնատիրապետումս ուժեղ է: Շատ վատ բնավորություն ունեմ: Նույնիսկ եթե ամեն ինչ լավ է ընթանում, միեւնույն է` անհանգստանում եմ: Այդ «բա որը» կարծես հետապնդում է: Չէ՜, մարդ պետք է մի քիչ լավատես լինի: Դա, թերեւս, գալիս է կյանքի դժվարություններից: Շատ հուսահատվող կին եմ: Դժվարությամբ եմ ուրախանում, կարծես վախենում եմ երջանիկ լինել: Սիրանուշն էլ էր այդպիսին: Հոռետես չեմ, սակայն կյանքին վարդագույն ակնոցներով չեմ նայում: Թերեւս այս նմանությունն էր պատճառը, որ կարողացել եմ թափանցել կերպարի հոգու խորքը, բացահայտումներ անել ու ներկայացնել Սիրանուշին, որ հետագայում դարձավ իմ կերտած լավագույն դերը»,-ասել է Գալյա Նովենցը:

© Medialab.am

Հատված «Մեր մանկության տանգոն» ֆիլմից

http://www.youtube.com/watch?v=o5fQ33I5otI