«Ինձ 15-ում ասում էին, որ տանն եմ մնացել…»․ «Ալամեզոն» Բլոգ

«Ինձ 15-ում ասում էին, որ տանն եմ մնացել…»․ «Ալամեզոն» Բլոգ
«Ինձ 15-ում ասում էին, որ տանն եմ մնացել…»․ «Ալամեզոն» Բլոգ

Այսօր թուրք հարևանուհուս հետ ավտոբուսով միասին գնում էինք քաղաքի կենտրոն։ Դեսից-դենից էինք խոսում, հարցրեց` քանի՞ տարեկան եմ, ասեցի՝ 32, զարմացավ.

– Աղջկաս տարիքին ես:

Ես էլ զարմացա, դե մոտավոր հաշվարկ անելով՝ մտածեցի, որ 55 կամ 56 է, մայրիկիս տարիքի, մայրս բավական շուտ էր ամուսնացել՝ 21-ում։

Ասաց՝ չէ, ես 48 եմ, որովհետև 16-ում աղջկաս եմ ունեցել և 15-ում էլ ամուսնացել եմ։

Ասել թե՝ զարմացա, չէ իհարկե, քիչ չեն նաև Հայաստանում, հատկապես հեռավոր գյուղերում 16-17 տարեկանում ամուսնանալը։ Էդ առումով մեր ու մեր հարևանների տարբերությունը զուտ բնակչության թվաքանակն է։ Թուրքերը շատ են, հետևաբար և շատ են երևում։

– Ինձ 15-ում ասում էին, որ տանն եմ մնացել,- պատմում էր հարևանուհիս:

Իհարկե, այլ տարբերություն կա, օրինակ՝ պատմեց, որ նախապես չի տեսել ամուսնուն, դեռ բախտը բերել է, որ բարի տղա է եղել, ձգտող, աշխատող, ասում է, ինձ հուսադրում եմ, որ ինձ վերևում սիրում են, լավ աչքով են նայել, հետո մեղմ ժպտաց ու ավելացրեց, որ ամուսին ընտրել չկարողանալը սարսափելի է։

Մեր տարածաշրջանում այս խնդիրը դեռ առկա է։ Ի՞նչ կապ ունի ազգը, հումանիզմի տեսանկյունից անչափահաս, կարելի է ասել՝ երեխային ամուսնացնելը ինձ համար սարսափելի է, լինի հայ, թուրք, վրացի, ֆրանսիացի։

Ֆրանսիայում էլ, Եվրոպայում էլ այլ խնդիրներ կան դեռահասների հետ կապված, դա էլ կարող է լայն, ծավալուն թեմա լինել, բայց եթե Եվրոպայում մեծ մասամբ ամոթ է համարվում չկայացած լինելը աշխատանքի, ուսման առումով, ապա Հայաստանում, Երևանից դուրս կնոջ կայացած-չկայացած լինելը որոշվում է ամուսնությամբ կամ երեխա ունենալով, ինչը և դրդում է կանանց հապճեպ «այդ հարցը լուծել», և հաճախ, ցավոք, հապճեպության պատճառով նաև սխալ կողակից են ընտրում։

Այո՛, սերը կարևորն է կյանքում, յուրաքանչյուր առողջ և բանական մարդ ձգտում է սիրել և սիրված լինել։ Բայց չամուսնացած կանանց թիրախավորել և հասցնել մահացու հիվանդության մակարդակի, անտանելի է, երբ 25-26 տարեկան աղջիկներին այնպես են նայում, կարծես ոչ թե չեն ամուսնացել, այլ մահվան շեմին են։

Ամուսնուս պապը 5 երեխա ունի՝ 4 դուստր և որդի։ Մեկ անգամ, երբ փեսաներից մեկը կատակեց, թե լավ էր ամուսնացանք, Միղեյն արդեն 32 էր, թե չէ Էրիկը քրոջից առաջ չէր կարող ամուսնանալ, պապը մեջքը ձգեց ու  ասաց.

– Իմ աղջիկներից և ոչ մեկին չեմ ունեցել էն հույսով, որ կամուսնանան։ Նպատակ էլ չեմ ունեցել շուտ ամուսնացնելու, իմ միակ նպատակը նրանց ապահովելն էր ու աջակցելը, թե երջանկությունը գտել են ձեր մեջ, էդ իրե՛նց ընտրությունն էր, ոչ իմը։

5 երեխատեր պապը, որի բոլոր երեխաները երկարամյա և երջանիկ ընտանիք ունեն, կարծես ավելի ճիշտ է կյանքը տեսնում և ընկալում, քան հազար ադաթավոր տղամարդ, որ գլխիկոր է ման գալիս, ինչ է թե՝ իր 25-ամյա աղջիկը չի ամուսնացել։

Ձեր՝ Ռոզա Սարգսյան Ֆենդեր

MediaLab Blog