Սերժ Սարգսյանի ժառանգությունը՝ ամայի տարածքներից մինչև ամայի քաղաքացին

Սերժ Սարգսյանի ժառանգությունը՝ ամայի տարածքներից մինչև ամայի քաղաքացին
Սերժ Սարգսյանի ժառանգությունը՝ ամայի տարածքներից մինչև ամայի քաղաքացին

Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանն ասել է, որ Սերժ Սարգսյանի հետ խելք խելքի են տվել և որոշել են «պահպանել կառավարման կոնֆիգուրացիան, այսինքն` որպես առաջին դեմք ներկայացնել Սերժ Սարգսյանի թեկնածությունը»:

Խե՜ղճ Հայաստան:

Փոփոխությունների և դրայվի «խորհրդանիշն» ընդունում է իր կապիտուլյացիան լճացման և ճահճի խորհրդանիշի՝ վերջին բոլշևիկի, ընկեր «Բրեժնևի» առջև: Այս մարդկանց օրոք Հայաստանում ապրելն ուղղակի դարձել է ցունամիից հետո ճապոնական Ֆուկուսիմայի միջուկային ռեակտորների հենց սրտի մեջ ապրելու նման մի բան, այսինքն` կյանքն ընդամենը մահվան ռեժիմ է:

Երկուսն էլ՝ վարչապետի պաշտոնակատարն ու ապագա վարչապետը, գիտեն, որ ավելի վատ է լինելու, երկուսն էլ գիտեն, որ հասարակությունը կորցրել է արժանապատվության բոլոր օղակները և կենսագործունեության բոլոր օրգաններից զրկված պարզապես սպասում է, թե երբ Սերժ Սարգսյանը կհաջողացնի հեռանալ կամ մահանալ, որպեսզի մյուսները ինքնաբուժման հնարավորություն ունենան:

Հասարակությունը չի ուզում մարդասպան լինել, ցանկացած հանրապետականի դեմքը տեսնելիս և խոսքը լսելիս հասարակությունն իր մեջ խեղդում է մարդասպան լինելու հարյուրավոր մղումներ: Ինձ անհայտ մի հրաշքով մարդիկ հավատացին Կարեն Կարապետյանին, իսկ նա վերցրեց ու անդամագրվեց ՀՀԿ-ին: Վե՛րջ: Ավարտվեց հավատի տապալման վերջին սերիան: Այդպես ազգերը դառնում են վայրենի: Կարեն Կարապետյանն այս ամենը գիտի, իր մահվան ցանկությունը դեռ ոչ մեկի մոտ չկա, բայց բոլորն էլ տեսնում են, որ ինքը նախկին նախագահի անմահության «էլիքսիրներից» է՝ վարչապետի պաշտոնակատարը բառի բուն իմաստով խաբեց շարքային քաղաքացուն նախ` որպես փոփոխությունների ծիծեռնակ, հետո` որպես ՀՀԿ քարոզարշավի «կինոյի տղա»:

Ոչ մի ակնթարթ այս մարդու դեմքից չիջավ ժպիտը: Եվ այդ ժպիտին զուգահեռ թանկանում էր կյանքը, ինքնասպանության փորձերն ու մահացության տեմպերը մրցում էին արտագաղթի ցուցանիշների հետ, իսկ Կարեն Կարապետյանն ասում է, թե «մեր կանխատեսմամբ ունենալու ենք տնտեսական աճ»:

Մենք ուղիղ տասը տարի տնտեսություն ենք տապալում հավերժորեն իշխանությանը կառչած դեմքերով. նույն դեմքերով տնտեսական աճ չի լինում: Վերջին տասը տարում Հայաստանից 9 միլիարդ դոլար է դուրս բերվել, օֆշորները ձեր շնորհիվ են բարգավաճում, ձեր գոյության դաշտում ինտելեկտուալ լինելը նույնքան ծիծաղելի է, որքան անգլիական պառլամենտարիզմի մասին խոսելիս Գագիկ Ծառուկյանին ցիտելը:

Մենք ձեր շնորհիվ ոչ միայն դուրս ենք քաղաքակրթական միջավայրից, մենք նույնիսկ մեր անհատական ինտելեկտուալ միջավայրից ենք դուրս մղվել, մենք այլևս մեր մասին չենք: Մենք Հայաստանի մասին չենք: Ճահճում ապրողի առաքինությունն ու նախաձեռնողականությունը մեզ ավելի ծիծաղելի են դարձրել, մեզ այլևս,

Շեքսպիրի բառերով ասած, «ապուշի պատմած հեքիաթ» չի թվում Հանրային հեռուստաընկերությամբ Սերժ Սարգսյանի տասնամյա նվաճումների մասին ապրիլի 8-ի լույս 9-ի գիշերը պատմող ֆիլմը:

Ծիծաղելի չէ, որովհետև այդ ֆիլմը նման էր խորովածի կրակի շուրջը վայրենիների անկանոն խրախճանքին, մինչ խորովածացուն կրակից քիչ հեռու կապկպված մի քրիստոնյա միսիոներ է: Այս իրավիճակի սարսափելի կողմն այն է, որ ձեր վերջին զոհը դուք եք լինելու ըստ պատմական անհրաժեշտության, որովհետև մի օր տեսնելու եք, որ այն, ինչ կարելի էր գողանալ պետությունից, արդեն ձեր գրպաններում է:

Պետության հետ այսպիսի խաղերը չեն ներվում: Ե՛վ արտաքին, և՛ ներքին ճակատներում: Եվ այդ մարդը՝ Սերժ Սարգսյանը, վստահեցնում է, որ ինքը անվտանգության երաշխավո՞ր է: Մենք արդեն տեսել ենք, թե նրա երաշխավորած անվտանգությունից ի՛նչ է մնում՝ ամայի տարածքներ: Ժամանակն է, որ փաստենք՝ ամայացել է նաև քաղաքացին, նա չի կարող ոչ մի փոփոխություն առաջարկել, նա արդեն չի հիշում նույնիսկ, թե 1991-ի սեպտեմբերի 21-ին, դասականի տատիկի խոսքով ասած, ինչի համար էինք հավաքվել:

Մհեր Արշակյան

MediaLab.am