Օգոստոսի 21-ին կմեկնարկի «ՖՐԵՍԿՈ» 13-րդ միջազգային փառատոնը

Օգոստոսի 21–28-ը Սպիտակում, Երևանում և Վանաձորում կանցկացվի «ՖՐԵՍԿՈ» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի միջազգային ներառական 13-րդ փառատոնը։

Փառատոնն իրականացվում է ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ՝ «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից։ Ծրագրում ընդգրկված են թատերական ներկայացումներ, համերգներ, միջազգային ֆիլմերի ցուցադրություններ և քննարկումներ, վարպետության դասեր ու ստեղծագործական հանդիպումներ։

Փառատոնի բացման արարողությունը տեղի կունենա օգոստոսի 21-ին Սպիտակի քաղաքային զբոսայգում։ Գլխավոր իրադարձությունը կլինի Վանաձորի «Հորովել» երգի-պարի պետական անսամբլի «Տիրուհիները» թատերականացված պարային ներկայացումը, որը կներկայացնի հայոց պատմության հինգ թագուհիների՝ Զարուհու, Սաթենիկի, Փառանձեմի, Խոսրովանույշի և Կեռանի կերպարները։

Այս տարվա ծրագրի առանձնահատուկ միջոցառումներից է «Բացառիկ համերգ տոտալ մթության մեջ» նախագիծը, որի ընթացքում հանդիսատեսը երաժշտությունը կընկալի առանց տեսողական բաղադրիչի։

Փառատոնի շրջանակում տեղի կունենա նաև հանդիպում չեխական «Մեկ աշխարհ» մարդու իրավունքների միջազգային կինոփառատոնի ներկայացուցիչ Աննա Սկոչդոպոլովայի հետ՝ «Արհեստական բանականությունը ներառականության ապահովման գործիք․ էթիկա, կինո և մշակութային փառատոներ» թեմայով։

Օգոստոսի 23-ին Սպիտակում և 24-ին Երևանում վարպետության դաս կանցկացնի իսրայելցի լուսանկարիչ Դ. Բրիկմանը, իսկ օգոստոսի 24-ին Երևանում՝ նաև վրացի լուսանկարիչ Յուրի Մեչիտովը։

Փառատոնի ընթացքում կցուցադրվի 12 երկրի 30 ֆիլմ, որոնք անդրադառնում են սոցիալական խնդիրներին, մարդասիրական արժեքներին և ներառականությանը։

«ՖՐԵՍԿՈ» 13-րդ միջազգային փառատոնը կեզրափակվի օգոստոսի 28-ին Վանաձորում՝ Գյումրու երիտասարդական թատրոնի «Պարուհին» ներկայացմամբ։