Հայկական կողմի հետ շփումներում պարբերաբար բարձրացնում ենք Հայաստանում ռուսական բիզնեսի գործունեության պայմանների թեման։ Տարբեր մակարդակներում մեզ հավաստիացնում էին, որ հայրենական ներդրումներին ոչինչ չի սպառնում։ Սակայն, ինչպես տեսնում ենք, այդ հայտարարությունները ամեն ինչում չեն համընկնում իրականության հետ։Դրա մասին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։
Վառ օրինակ է ռուս-հայ գործարար Ս.Ս. Կարապետյանին պատկանող «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի շարունակվող ազգայնացման գործընթացը։ Իշխող թիմը իր գործողությունները փորձում է արդարացնել «կոռուպցիայի դեմ պայքարի», ապօրինի ձեռք բերված միջոցները պետական գանձարան վերադարձնելու և ընկերության արդյունավետությունը բարձրացնելու կարգախոսներով։ Այդ հիմնավորումների ճշմարտացիությունը, այնուամենայնիվ, բավական կասկածելի է։ Իրականում սա ավելի շատ նման է ներքաղաքական դաշտում մրցակիցներից մեկի նկատմամբ քաղաքական դրդապատճառներով հաշվեհարդարի։ Հատկանշական է, որ մինչև գործարարը հանրապետության քաղաքական կյանքում հայտնվելը ընկերության գործունեության նկատմամբ որևէ պահանջ չի ներկայացվել։ Միևնույն ժամանակ, նոր ղեկավարները, որքան կարելի է դատել, առանձնապես հաջողություններ չեն արձանագրել այն ձեռնարկության ղեկավարման գործում, որի մեջ ներդրվել են հարյուրավոր միլիոնավոր դոլարներ։
Ամենայն լրջությամբ ենք ընկալում Հայաստանի ղեկավարության հայտարարությունները՝ Հայաստանի երկաթուղային ցանցի կառավարման համար «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի՝ «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի դուստր ձեռնարկության, կոնցեսիան ինչ-որ երրորդ երկրի վաճառելու անհրաժեշտության վերաբերյալ։ Պնդվում է, թե ռուսական ներկայությունը, իբր, զրկում է Հայաստանին մրցակցային առավելություններից՝ արևմտյան պատժամիջոցների սպառնալիքի պատճառով։ Իրականում, սակայն, հակառակն է՝ ռուսական ընկերությունը երկար տարիներ իր ամբողջ եկամուտը ներդնում է Հայաստանի երկաթուղային ենթակառուցվածքի պահպանման, արդիականացման և զարգացման մեջ։
Բերեմ մի քանի ցուցանիշ։ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի ներդրումները 2008 թվականից կազմել են 30 միլիարդ ռուբլի (ներկայիս փոխարժեքով՝ մոտ 388 միլիոն ԱՄՆ դոլար), իսկ հարկերի վճարումները՝ 15 միլիարդ ռուբլի (ներկայիս փոխարժեքով՝ մոտ 194 միլիոն ԱՄՆ դոլար)։ Վերանորոգվել է ավելի քան 520 կմ երկաթուղային ճանապարհ, այն դեպքում, երբ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի կառավարման ներքո գտնվող ցանցի շահագործման երկարությունը կազմում է մոտ 700 կմ։ Փոխարինվել է քնոցների 50 տոկոսը, վերանորոգվել և վերակառուցվել է ավելի քան 50 կառույց, այդ թվում՝ 38 կամուրջ և երկու թունել։ Ընկերությունը, որպես գործատու, ապահովում է ավելի քան 2,5 հազար մարդու զբաղվածությունը։
Այս ամենը հնարավորություն է տվել պահպանել Հայաստանի ռազմավարական ակտիվը և, որպես հետևանք, ստեղծել նախադրյալներ հանրապետությունը միջազգային տրանսպորտային ցանցում արդյունավետորեն ներառելու համար՝ տարածաշրջանային հաղորդակցությունների լիարժեք ապաշրջափակման դեպքում, ինչը հատկապես կարևոր է դեպի ծով ելք չունեցող երկրի համար։
Կոնցեսիան վաճառելու մասին համառ պնդումները, առանց համոզիչ բացատրության, թե ինչու դա կարող է անհրաժեշտ լինել ռուսական կողմին, կարող են վկայել այն մասին, որ դրանց հետևում թաքնված է երկաթուղիների առգրավումն ու այլ պետությունների աշխարհաքաղաքական նախագծերի շահերից ելնելով դրանց փոխանցումն ապահովելու մտադրություն։
Մենք ուշադիր հետևում ենք Հայաստանում ռուսական տնտեսական օպերատորների օրինական շահերի պահպանմանը։ Դրանց խախտումը ոչ միայն վնաս կհասցնի հանրապետության ներդրումային միջավայրին, այլև Ռուսաստանի կողմից չի մնա առանց համապատասխան արձագանքի։



















