ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է մահացած զինծառայողի հարազատներին

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է հունվարի 30-ին Պաշտպանության բանակի N զորամասում մահացած ժամկետային զինծառայող Վահրամ Ավագյանի հարազատներին։

Պաշտպանության նախարարը մահացածի հարազատներին ևս մեկ անգամ իր ցավակցությունն է հայտնել և վերահաստատել, որ իր իրավասությունների շրջանակներում հետևողական է լինելու դեպքի բոլոր մանրամասների բացահայտման հարցում։

Դավիթ Տոնոյանը Վահրամ Ավագյանի հարազատներին տեղեկացրել է Պաշտպանության բանակում ձեռնարկված կարգապահական միջոցների, այդ թվում՝ մի շարք պաշտոնատար անձանց զբաղեցրած պաշտոններից ազատումների մասին։

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը նաև ընդգծել է, որ ՊՆ-ն իր լիազորությունների շրջանակներում աջակցելու է նախաքննության օբյեկտիվ իրականացման գործընթացին։ 

Այս մ,ասին տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: