«Մի տարի անցավ, նոր գլխի եմ ընկնում՝ ինչ ա կատարվում, քարացել էի»․ Արիության մեդալի արժանացած 20-ամյա Վահանը զոհվել է Ջրականում

70 օր էր մնացել, որ 20-ամյա Վահան Բուդոյանը ավարտեր իր զինվորական ծառայությունը և տուն վերադառնար։ Սակայն Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով Բուդոյանների ընտանիքը այդպես էլ որդուն չդիմավորեց: 

Վահանը զոհվել է Ջրականում՝ թեժ մարտերի ժամանակ։

Վահանի մայրը՝ Գոհար Բուդոյանը, ասում է, որ տարիներ առաջ ընտանիքով տեղափոխվել էին Ռուսաստան, սակայն երբ հասնում է Վահանի զորակոչվելու տարիքը, վերադառնում է Հայաստան և մեկնում հայրենիքին իր պարտքը տալու։

«Մի օր էլ եկավ, ասեց՝ քիչ մնաց, պիտի գնամ բանակ, անպայման պիտի գնամ։ Մենք էլ համաձայնվեցինք։ Վռազելով, 3 ամիս շուտ եկավ Հայաստան»,- պատմում է Գոհարը։

Մայրն ասում է՝ պատերազմի օրերին որդին երբեք չէր ասում, որ թեժ մարտերի է մասնակցում, ընտանիքին մշտապես ասում էր՝ ամեն ինչ լավ է։

«Ինքը շատ քաջ էր։ Որպես ծնող անհանգստանալով մի անգամ ասեցի՝ Վահա՛ն ջան, հո չե՞ս վախենում, ասեց՝ չէ՛։ Ինքը ցույց չէր տալիս, բայց իրա ձայնից զգում էի, որ թեժ ա պատերազմը։ Ասեցի՝ պետք լինի, մենք էլ կգանք, ասեց՝ մա՛մ, բա մենք ինչի՞ համար ենք ստեղ»,- կսկիծով պատմում է որդեկորույս մայրը։

Գոհարը պատմում է, որ որդին մարտի ժամանակ փրկել է հրամանատարի կյանքը։ Երբ հակառակորդը հարվածել է տանկին, հրամանատարը վիրավորվել է, Վահանը նրան տանկից դուրս է հանել և օգնություն ցույց տվել:

«Վահանս տանկի մեջ ա եղել, հրամանատարը վզից վիրավոր ա եղել, հանել ա, իր ձեռքով օգնություն ցույց տվել: Էդ ժամանակ փրկվել են, հենց հրամանատարն էլ մեզ պատմեց»,- ասում է մայրը։

Վահանը ընտանիքի հետ վերջին անգամ կապ է հաստատել հոկտեմբերի 15-ին։

Մայրը նշում է՝ որդու զոհվելը զգացել է։ Որդին ԱԹՍ հարվածից է զոհվել, Գոհարն ասում է՝ տպավորություն էր՝ ինքն էլ է այդ հարվածը զգում։ «Ես ոնց քնած էի, ոնց որ միանգամից զարթնեցի, ասեցի՝ ինչ ա կատարվում ինձ հետ։ Ես զգացի հարվածը՝ հոկտեմբերի լույս 15-ի գիշերը»։ 

Ասում է՝ այնուհետև բարեկամների միջոցով իմացանք ողբերգական դեպքի մասին, սակայն նաև լուրեր էին ստանում, թե տղան գուցե Իրանի սահման է անցել, չի զոհվել։ 

Սակայն երկու ամիս անց որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվում է Վահանի մարմինը։

«Մի որոշ ժամանակ խաբար չունեինք, ամուսինս եկավ Հայաստան: Իրանց չաստը տրաքացրել էին, թուրքերն առաջ էին եկել: Գնացել էր Գորիս, այն ծնողները, ում երեխեքը անհայտ կորած էին, գնացել էին էնտեղ, հետո որոշել էին Ղարաբաղ գնալ, Մուրադովի հետ գնացել էին որոնողական աշխատանքների։ Ու բերեցին, դեկտեմբերի 18-ին Վահանիս բերեցին»,- հուզվում է մայրը։

Գոհարն ասում է՝ կյանքը միանգամից շրջվեց, ասում է՝ մինչ վերջերս չէր կարողանում գիտակցել՝ ինչ է տեղի ունեցել։

«Մեծ սթրես տարա, մի տարի անցավ՝ նոր եմ գլխի ընկնում՝ ինչ ա կատարվում, անգամ չէի կարում լացեի… Շատ ծանր էի, քարացած էի, չէի իմանում՝ ինչ ա կատարվում հետս»։

Գոհարն ասում է՝ Վահանն ընտանիքի միակ տղան էր, ծնվել էր երեք աղջիկներից հետո։ Որպես միակ տղա և տան փոքր՝ շատ ուշադիր և հոգատար էին Վահանի նկատմամբ:

«Շատ էինք փայփայում, իրան շատ լավ ենք պահել»,- ասում է մայրն ու նշում՝ որդին շատ ընկերասեր էր, շատ ջերմ։

Մայրն ասում է՝ Վահանը մինչ բանակ գնալն աշխատում էր ու փորձում ընտանիքին ֆինանսապես օգնել։ Առաքիչ է աշխատել, իսկ երբ տեղափոխվել են Ռուսաստան, սկսել է արհեստավորի գործ կատարել։

«Մենք ֆինանսական խնդիրներ ունեցանք, ինքն սկսեց աշխատել ու մեզ օգնում էր։ Ես մի քիչ վատառողջ էի, ասում էր՝ մա՛մ, ես որ գամ, դու էլ չես աշխատի»։

Գոհարն ասում է՝ որդին ցանկանում էր բանակից գալ, ընտանիք կազմել, աշխատել։ 

«Ասում էր՝ դե մի հատ աղջիկ ճարի, ասում էի՝ ե՞ս պիտի ճարեմ, դու պետք ա քո սրտով ընտրես, ասում էր՝ գամ-ամուսնանամ։ Ես առաջին անգամ զարմացել էի, իմ տղեն արդեն հասունացել էր, էդ հարցն էր դնում»։

Մայրն ասում է՝ որդին սիրում էր նաև սպորտով զբաղվել, կարատեով է զբաղվել, գովասանագրեր ու պատվոգրեր ստացել։

Նշում է՝ որդու կորստից հետո ծանր ու իրարամերժ զգացողություններ ունի։ 

«Մեկ լացում եմ, մեկ ասում են՝ պիտի հպարտ լինես։ Խառը զգացմունքներ են։

Իր ներկայությունը զգում եմ, ասում եմ՝ կնեղանա, որ շատ լացեմ»,- կսկիծով ասում է Գոհարը։

Վահան Բուդոյանը հետմահու պարգևատրվել է Արիության մեդալով։

Արփինե Արզումանյան

MediaLab.am