«ԱԳՆ պատմության մեջ սա բացառիկ իրավիճակ է». Սուրեն Սարգսյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար, միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը

– Պարո՛ն Սարգսյան, ԱՄՆ նախագահ Բայդենը խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ շնորհավորել է Հայաստանի ժողովրդին և Փաշինյանին: Ի՞նչ եք մտածում այդ շնորհավորանքի վերաբերյալ:

– Բնականաբար սպասելի էր, որ ԱՄՆ նախագահի կողմից պետք է շնորհավորանք լինի, ինչպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ մյուս երկրների կողմից այդ շնորհավորանքը եղավ: Կարծում եմ՝ կշնորհավորեն նաև վարչապետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: Սա, ընդհանուր առմամբ, ընդունված պրակտիկա է, երբ Հայաստանի բոլոր ղեկավարները Միացյալ Նահանգներից և այլ պետություններից շնորհավորանքներ են ստացել՝ պաշտոնում ընտրվելու և վերընտրվելու կապակցությամբ:

– Բայդենի շնորհավորանքի տեքստում կա արտահայտություն՝ «մենք հավատարիմ ենք Հայաստանի հետ համագործակցության ամրապնդմանը»: Ի՞նչ է սա նշանակում:

– Այդ հայտարարությունը նորություն չէ, ստանդարտ հայտարարություն է, քանի որ տարբեր ժամանակներում Վաշինգտոնի կողմից Հայաստանի հետ հարաբերությունները զարգացնելու մասով հայտարարություններ հնչել են: Ոչ մի բացառիկ բան, կարծում եմ՝ չկա:

– Հայաստանի ԱԳՆ-ի մասին, պարո՛ն Սարգսյան. արտաքին քաղաքական գերատեսչությունը երկար ժամանակ է՝ ղեկավար չունի: Այս շարունակվող անորոշությունը որքանո՞վ կարող է անդրադառնալ Հայաստանի դիվանագիտության վրա:

– Միանշանակ՝ բացասաբար: Հետպատերազմյան բանակցությունների մեջ գտնվող երկիրը, որը չունի արտաքին գործերի նախարար և նախարարի տեղակալներ, ուղղակի աղետ է: Բայց ունենք այն, ինչ ունենք: Ընդհանուր առմամբ, այս իրավիճակը շատ ադեկվատ է վերջին մի քանի տարիների իրողությունների համատեքստում:

Այնպես որ, ես անձամբ զարմացած չեմ, որ նման իրավիճակում է մեր արտգործնախարարությունը:

– Նրա հրաժարականից հետո ԱԽ քարտուղարը հայտարարել էր, որ Արա Այվազյանը խոչընդոտել է գերիների վերադարձը հայրենիք:

– Արտաքին գործերի նախարարը արտաքին քաղաքականության իմպլեմենտացիայի գործիքներից մեկն է, և նախարարը համակարգում է այդ աշխատանքը: Եթե ինչ-որ բան չի ստացվում, ապա դա, բնականաբար, նախարարի մեղքը չէ, այլ նրա ուղղակի ղեկավարի, որը պետք է կարողանա ճիշտ համակարգել: Նման համակարգման բացակայությունը մեր երկրի ԱԳՆ պատմության մեջ երբևէ չի եղել: Սա բացառիկ իրավիճակ է:

Իսկ ԱԽ քարտուղարի այդ հայտարարությունը քաղաքական մանիպուլյացիա է, մանավանդ մի մարդու կողմից, որը բացարձակ գաղափար չունի՝ ինչ է անվտանգությունը, ինչ է հայրենիքը, ինչ է Արցախը՝ չնայած զբաղեցնում է Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը: Բնականաբար, պետք է մեղավոր գտնեն ու բոլոր նետերն ուղղեն նրա ուղղությամբ:

– Մամուլը գրում է, որ ԱԳ նախարարի պաշտոնին կարող է նշանակվել քաղաքական դեմք, և նշվում է Ռուբեն Ռուբինյանի անունը…

– Ընդհանրապես, քաղաքական նշանակումները սովորաբար ադեկվատ են լինում, եթե նշանակվող քաղաքական ֆիգուրը ադեկվատ, պրոֆեսիոնալ և համապատասխան կարողություններ ունեցող գործիչ է: Բայց, կարծում եմ՝ Ռուբինյանի պարագայում դա այդպես չէ: Համենայնդեպս, սպասենք, տեսնենք՝ ով կլինի այդ պաշտոնյան:

– Այս պահին ո՞վ է անցնում ձեր մտքով, ո՞վ կարող էր նշանակվել ԱԳ նախարար:

– Ոչ մեկին չեմ մտաբերում բացարձակ, որը կցանկանար աշխատել այս իշխանությունների հետ:

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am