Արտգործնախարարն ընդունեց Չինաստանի Կոմկուսի պատվիրակությանը

Արտգործնախարարն ընդունեց Չինաստանի Կոմկուսի պատվիրակությանը
Արտգործնախարարն ընդունեց Չինաստանի Կոմկուսի պատվիրակությանը

Փետրվարի 14-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Կոմունիստական կուսակցության պատվիրակությանը՝ կուսակցության Կենտկոմի միջազգային բաժնի վարիչի տեղակալ Չժոու Լիի գլխավորությամբ:

Ողջունելով պատվիրակությանը` նախարար Նալբանդյանը գոհունակությամբ նշեց, որ երկու երկրների ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն համատեղ ջանքերով տարբեր ոլորտներում հայ-չինական համագործակցությունը տարեցտարի ընդլայնվում և ամրապնդվում է։ 

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Չինաստանի Կոմկուսի պատվիրակության ղեկավարը Էդվարդ Նալբանդյանին փոխանցեց Չինաստանի ԱԳ նախարար Վան Յիի ողջյուններն ու բարեմաղթանքները և ընդգծեց, որ Չինաստանի Կոմունիստական կուսակցության պատվիրակության այցելության նպատակն է առավել խորացնել միջպետական և միջկուսակցական ակտիվ փոխգործակցությունը։

Էդվարդ Նալբանդյանն ու Չժոու Լին նշեցին, որ երկու երկրների դիրքորոշումները համընկնում կամ մոտ են միջազգային խնդիրների մեծամասնության շուրջ և դրան նպաստում է ակտիվ բարձրաստիճան քաղաքական երկխոսությունը։ Չժոու Լին ընդգծեց, որ Չինաստանը բարձր է գնահատում Հայաստանի ավանդական` «Մեկ Չինաստանի» վերաբերյալ դիրքորոշումը:

Նախարար Նալբանդանը հյուրերին ներկայացրեց տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ Հայաստանի մոտեցումները։ Այդ համատեքստում Չժոու Լին ընդծեց, որ Չինաստանը աջակցում է ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված Հայաստանի ջանքերին։

Զրույցի ընթացքում քննարկվեցին Հայաստանի և Չինաստանի միջազգային կազմակերպություններում համագործակցության սերտացման, ապակենտրոնացված փոխգործակցության, առևտրատնտեսական հարաբերությունների խորացման, գիտակրթական և մշակութային կապերի զարգացմանն առնչվող մի շարք հարցեր:

Նախարար Նալբանդյանը երախտագիտությամբ հիշատակեց Հայաստանին անկախությունից ի վեր Չինաստանի կողմից ցուցաբերվող տեխնիկական աջակցությունը։ 

Կրթական փոխգործակցության ընդլայման համատեքստում կարևորվեց Հայաստանի և Չինաստանի Նախագահների պայմանավորվածության համաձայն Երևանում չինական դպրոցի հիմնադրումը, ինչպես նաև Չինաստանի և Հայաստանի ԲՈւՀ-երում միմյանց ուսանողների ուսուցումը։ Հատուկ ընդգծվեց Կոնֆուցիոսի ինստիտուտի արդյունավետ գործունեությունը Հայաստանում։

Էդվարդ Նալբանդյանը խնդրեց իր բարեմաղթանքները փոխացնել չինացի գործընկերոջը՝ նախարար Վան Յիին։

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամլո հաղորդագրությունը:

© Medialab.am