Հայտնի ջութակահար Հրաչյա Ավանեսյանը նամակ է հղել հայաստանյան լրատվամիջոցներին` խնդրելով միջնորդել Հայաստանի համապատասխան մարմիններին, որպեսզի իրենից գոնե ժամանակավորապես հանվի իր համար անսպասելի հայտարարված հետախուզումն, ու ինքը կարողանա մուտք գործել ՌԴ` մասնակցելու Չայկովսկու անվան հեղինակավոր մրցույթին:
«Սա իմ վերջին անհույս փորձն է` ինչ-որ լուծում գտնելու, ըստ իս՝ մի շատ կարևոր խնդրի»,- գրել է Ավանեսյանը:
Ինչպես «Մեդիալաբին» տեղեկացրեցին ոստիկանությունից, Ավանեսյանը հետախուզման մեջ է գտնվում` պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու համար: Եվ ըստ օրենսդրության, այդ կապակցությամբ հայտարարված հետախուզումը գործում է ԱՊՀ երկրների տարածքում, ինչի պատճառով էլ այժմ ջութակահարը չի կարողանում մուտք գործել Ռուսաստան:
Հրաչյա Ավանեսյանն ավարտել է Երևանի Չայկովսկու անվան միջնակարգ մասնագիտական երաժշտական դպրոցը, ապա` Բրյուսելի Թագավորական կոնսերվատորիան՝ հինգ տարի ուսանելով Իգոր Օյստրախի դասարանում:
Այժմ սովորում է Գերմանիայում` Քյոլն քաղաքի ասպիրանտուրայում և Բելգիայի Եղիսաբեթ թագուհու անվան ակադեմիայում, որտեղ, ի դեպ, նրան են տրամադրել Իտալացի աշխարհահռչակ վարպետ Անտոնիո Ստրադիվարիուսի պատրաստած Piatti ջութակը, որը երկար տարիներ նվագել է լեգենդար ջութակահար Նիկոլո Պագանինին:
Նա իր նամակում նշում է, որ ուսման տարիներին մասնակցել է մի շարք միջազգային մրցույթների և գրավել առաջին մրցանակ. Եհուդի Մենուհինի անվան, Հենրի Վիետանի, Կարլ Նիլսենի և այլ մրցույթներ:
«Այս տարվա հունիսի 13-ին Ռուսաստանում տեղի է ունենալու Չայկովսկու անվան հերթական միջազգային մրցույթը, որն ամենաբարդն է բոլոր երաժշտական մրցույթների մեջ և համարվում է երաժշտության օլիմպիադան: Այս տարի նախընտրական ունկնդրման համար հանձնաժողովի դատին էր ներկայացվել աշխարհի լավագույն երաժիշտ կատարողների 300-ից ավելի տեսաերիզ, և դրանցից ընտրվել է ընդամենը 20 կատարում, որոնց թվում է նաև իմ կատարումը»,- գրում է ջութակահարը:
Սակայն նամակի հեղինակը հավելում է, որ բոլորովին վերջերս պարզվել է, որ ինքը գտնվում է հետախուզման մեջ և Ռուսաստան մտնելու իրավունք չունի:
«Հարգելի´ խմբագրություն, խնդրում եմ միջնորդեք, որպեսզի նամակս կարդան համապատասխան անձինք, ովքեր կկարողանան օժանդակել, որպեսզի գոնե ժամանակավորապես հետախուզումից հանեն իմ անունը, և ես հանգիստ կերպով կարողանամ Ռուսաստան մեկնել ու պատշաճ կերպով ներկայացնել Հայաստանը: Ինչպես նաև խնդրում եմ նրանց օգնությունը իմ կարգավիճակը նպատակային պարզեցում՝ այն է` տարկետում սահմանելու առումով»,- գրել է ջութակահարը:
Փաստաբան Երվանդ Վարոսյանը, սակայն, «Մեդիալաբի» հետ զրույցում նշեց, որ «հետախուզում հայտարարելու մասին որոշումը ժամանակավորապես չի կարող կասեցվել»:
«Այն կարող է վերացվել, եթե այդ մարդը ներկայացել է կամ հայտնաբերվել է, կամ նրա նկատմամբ դադարեցվել է քրեական հետապնդումը: Այլ տարբերակ չկա»,- նշեց Վարոսյանը:
Ի դեպ, Ավանեսյանը նաև գրել է, որ նախընտրական փուլին ադրբեջանցի երեք դիմորդներից և ոչ մեկի տեսագրությունը չի արժանացել հանձնաժողովի հավանությանը: Համանման արդյունքի են արժանացել նաև «մոտ 80 միլիոնանոց Թուրքիայից ուղարկված տեսանյութերը», և ինքը միակ հայ ջութակահարն է, որը ստացել է մրցույթին մասնակցելու իրավունք:
Քրիստինե Խանումյան
© Medialab.am