Փետրվարի 13-ի ուշ երեկոյան Սևանի քրեական հետախույզները օպերատիվ տեղեկություն են ստացել, որ Գայի փողոցի մի առանձնատնից գողություն է կատարվում:
Ոստիկանական խումբը մեկնել է դեպքի վայր, առանձնատնից գողություն կատարելու պահին հայտնաբերվել և ժամը 23-ին բաժին բերման է ենթարկվել Սևան քաղաքի Իսակովի փողոցի բնակիչ, 44-ամյա մի տղամարդ:
Նա խոստովանել է, որ մոտ 20 րոպե առաջ տեխնիկական միջոցի գործադրմամբ բացել է պատուհանը, մտել տուն, սակայն ոչինչ չի հասցրել գողանալ, քանի որ բռնվել է ոստիկանության ծառայողների կողմից:
Տղամարդը ոստիկանությունից ներկայացվել է տարածքային քննչական բաժին, հարցաքննվել ու ձերբակալվել:
Հետագա միջոցառումների շնորհիվ պարզվել է նաև, որ անցած տարվա օգոստոսի վերջերին ձերբակալվածը նույն առանձնատան առաջին հարկի պատուհանով մտել էր ներս ու գողացել կենցաղային իրեր: Այս գողության մասին տանտերը ժամանակին չէր հայտնել:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Նախաքննությունը շարունակվում է: