Բուհերի ընդունելության երկրորդ փուլի քննությունները տեղի կունենան հուլիսի 4-9-ը

Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի հրամանով` հաստատվել են միասնական քննությունների երկրորդ փուլի քննությունների օրերը` ըստ առարկաների: «Քննությունները տեղի կունենան հուլիսի 4-9-ը.

  • «Կենսաբանություն» և «Աշխարհագրություն»- հուլիսի 4
  • «Օտար լեզուներ» (անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, իտալերեն, իսպաներեն, պարսկերեն) – հուլիսի 5
  • «Հայոց լեզու և հայ գրականություն» – հուլիսի 6
  • «Մաթեմատիկա» – հուլիսի 7
  • «Հայոց պատմություն», «Ֆիզիկա» – հուլիսի 8
  • «Քիմիա», «Ռուսերեն» – հուլիսի 9»,- «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից:

Ըստ աղբյուրի՝ երկրորդ փուլի միասնական քննությունները կազմակերպվում են Երևանում։

Նշվում է, որ բուհերի ընդունելության երկրորդ (լրացուցիչ) փուլի դիմում-հայտերի ընդունելությունը  մեկնարկել է հունիսի 26-ին և կշարունակվի մինչև հուլիսի 1-ը` ժամը 17:00-ը ներառյալ: 

«Առցանց եղանակով ընդունելության քննություններ և մասնագիտություններ կարող են հայտագրել՝

  • օտարերկրացիները և երկքաղաքացիները,
  • օտարերկրյա ուսումնական հաստատություններն այս ուսումնական տարում ավարտած ՀՀ քաղաքացիները,
  • 2022 թվականի ամառային զորակոչից զորացրված կամ մինչև հուլիսի 31-ը զորացրվող քաղաքացիները,
  • առաջին փուլում ընդունելության դիմում-հայտ չներկայացրած ՀՀ քաղաքացիները»,- հայտնում է ԿԳՄՍ նախարարությունը: