Փաշինյանի խոսքերը հակասական են և տրամաբանությունից կտրված․ հանցագործի դիլեման է՝ արդարացնել ու մաքրագրել իր գործողությունները. Խաչատրյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Հայ ազգային կոնգրես կուսակցության վարչության անդամ Արմեն Խաչատրյանը 

– Պարո՛ն Խաչատրյան, տարին մոտենում է ավարտին, բայց մինչև տարվա ձեռքբերումների ու կորուստների մասին խոսել, ձեր դիտարկումն եմ խնդրում Նիկոլ Փաշինյանի՝ առավոտյան ֆեյսբուքյան գրառման վերաբերյալ, ըստ որի «1994 թվականից ի վեր, այսինքն` հրադադարից հետո, մեկնարկի պահից՝ բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին»։ Ի՞նչ նպատակով է Փաշինյանը կրկին հրապարակում տեքստեր, որոնք բազմիցս հերքվելեն թե՛ ձեր, թե՛ այլ անձանց կողմից։

– Ես վստահ եմ, որ նա մեկ շարժառիթ ունի․ հանցագործի դիլեման է՝ անընդհատ արդարացնել իր կատարածը, անընդհատ մաքրագրել այն, ինչ արել է, կամ դրա համար լուրջ հիմնավորումներ գտնել, որ իր արածը հետևանք չի թողել։ Ոչ մի ղեկավար, եթե դա այլ պետությունների կողմից հավաքագրված ագենտուրա չէ, իր պետության, իր ժողովրդի դեմ ի սկզբանե չի ուզում հանցագործություն կատարել, ո՛չ Սաակաշվիլին, ո՛չ Զելենսկին որևէ նպատակ, ծրագիր չեն ունեցել իրենց պետության գլխին բերել արհավիրք, բայց իրենց անկարող կառավարման պատճառով որոշ ղեկավարներ իրենց ազգին բերում են մահ ու աղետ։ Երկրներ են քարուքանդ լինում, մենք դա մեր մաշկի վրա զգացինք, հիմա կողքից նայում ենք, թե Ուկրաինայում ինչ է կատարվում , ժամանակին տեսել ենք Վրաստանը, որ ռուսական զորքերը հասել էին մայրաքաղաքին։ Այդ մարդիկ հիմա փորձում են արդարացնել, որ իրենք միակ հնարավոր տարբերակով են գնացել, ինչ էլ անեին, միևնույն է, նույն արդյունքն էր լինելու։ 

Այս մասին Նիկոլ Փաշինյանը բազմիցս է ասել՝ թե՛ գրավոր, թե՛ բանավոր տարբերակով՝ «ունենալու էինք նույն արդյունքը, բայց առանց զոհերի»։ Սա հոգեբանական ծանր խնդիր է, չգիտեմ, Հիտլերը ինքնասպան եղավ, Էլչիբեյը գնաց մի գյուղում հարբեցողությամբ զբաղվեց, այդ պարտված պետությունների ղեկավարները, գրեթե բոլորը, ունենում են նույն ճակատագիրը։ Ես չեմ ուզում մեկնաբանել այդ գրառումը, հիմա նայում եմ, էլի համացանցում բարկության ալիք է սկսվել, ամեն մեկն ուզում է իր ձևով պատասխանել։ 

Նիկոլ Փաշինյանի բոլոր խոսքերն այնքան հակասում են իրար, այնքան կտրված  են տրամաբանությունից, երեկ ցավով նայում էի Հանրային հեռուստաընկերության եթերում մի բանավեճ է, ու երկու կողմից էլ կեղծիքի ու ստի մի այնպիսի դոզա տվեցին մեր ժողովրդին, որ երկու րոպեից ավելի անհնար էր նայել։ 

Մենք հայտնվել ենք այս իրավիճակում տարիներ շարունակ մեզ կերակրվող այդ միֆերի, կեղծումների պատճառով։ Այս արհավիրքից հետո, թվում է, թե պետք է ազգը դաստիարակվի, քաղաքական գործիչը, մտավորականը, պատգամավորը, պետք է հրաժարվեին այդ ամենից, բայց չէ։ Այս ամենից դասեր չքաղել, նորից մարդկանց սուտ մատակարարել, այն ժամանակ իշխող «ոչմիթիզական» գաղափարախոսությունը հերիք չէր, հիմա էլ մի ուրիշ կեղծիք են առաջ բերել, որ ի սկզբանե պարտված էինք, ամեն ինչ տված էր էն գլխից և այլն, և այլն։ Այնպես որ, ցավով եմ ուզում ասել, որ մեր հասարակությունը չի կրթվում, չի սովորում սխալներից դասեր քաղել, ու պետության առաջին դեմքի մակարդակով նման աբսուրդ հայտարարություն ենք լսում։ 

94-ից հետո եղել է ղարաբաղյան խնդրի կարգավորման մի քանի պլան, որի մեջ, այո՛, եղել է ընդհանուր պետության տարբերակ, եղել է տարբերակ, որով ճանաչում էին Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմում: Մենք արդեն գիտենք, որ եղել է տարբերակ, որով Լեռնային Ղարաբաղը միացվում էր Հայաստանին՝ նկատի ունեմ տարածքների փոխանակում։

Էականն այն է, որ մինչև Նիկոլ Փաշինյանի հայտնվելը երբևէ չի եղել Ղարաբաղի այնպիսի ստատուս, որը կա հիմա, միայն նրա հայտնվելով ու իր գործունեության հետևանքով վերջնականապես կանխորոշվեց Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը։ Լեռնային Ղարաբաղը վերածվեց հայազուրկ ադրբեջանական շրջանների։

– Ի՞նչ ձեռքբերում է ունեցել Հայաստանն անցնող տարվա ընթացքում։

– Ցավոք սրտի, որևէ շոշափելի ձեռքբերում չեմ կարող նշել, չեմ էլ կարծում, թե կգտնվի մի խելամիտ մարդ, որը ինչ-որ ձեռքբերում կնշի։ Զրո ձեռքբերում, կորուստներ՝ ինչքան ուզեք, սկսած այդ տարածքային ու անվտանգային զիջումներից․ հյուսիսային շրջաններում մենք զիջեցինք մեր պաշտպանական քիչ թե շատ ամուր մնացած համակարգի մի ամբողջական հատված։ Դա տվեցին, բայց դիմացը որևէ բան չստացանք:

Միջազգային ասպարեզում մենք ունենք զրո ձեռքբերում, ունենք բազմաթիվ կորուստներ, օրինակ՝ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ռազմավարություն էր մշակել, որ Քամալա Հարիսը կհաղթեր, իրենք կշարունակեն հակառուսական քաղաքական գիծը, ձեռք կբերեն նոր դաշնակից ու կունենան որոշակի երաշխիքներ՝ ըստ այդ պլանի: 

Չեմ ասում՝ լավ կամ վատ է այդ պլանը, բայց մեկ էլ հաղթեց Թրամփը, ու այդ ռազմավարությունը հօդս է ցնդում, արդյունքում՝ չենք ունենում նոր դաշնակից, հնի հետ էլ մեր հարաբերությունները հնարավորինս փչացրել ենք։ Սրանից մեծ կորուստ Հայաստանի նման պետության համար ես չգիտեմ։ Թող մեկն ինձ ապացուցի, որ սա փոքր կորուստ է։ 

Մենք էլի մեր ռազմավարությունը, արտաքին դոկտրինը կառուցել էինք տարածաշրջանում խաղաղության խաչմերուկ դառնալու հեռանկարով, բայց մեր տարածաշրջանն այսօր վերածվել է եռացող կաթսայի։ Իրանը, ըստ էության, ռազմական դրության մեջ է Իսրայելի հետ, Թուրքիան կամ թուրքական ազդեցության ուժերը Սիրիան են գրավում, Վրաստանը գեոպալիտիկ վայրիվերումների մեջ է, բայց մենք խաղաղության ծրագիր ենք առաջ քաշում։ 

Այդ խաղաղության խաչմերուկն ո՞ւմ համար ենք կառուցում, որ Սյունիքն ու Վայքը իրար հետ խաղա՞ղ ապրեն, այսպես թե այնպես, խաղաղ են ապրում, մենք այսօր չունենք խաղաղ տարածաշրջան, ու այդ նախագիծը չի կարող ծառայել այս իրականության մեջ։ Միայնակ այս եռացող կաթսայի մեջ դու չես կարող խաղաղության խաչմերուկ ունենալ։ Ու փոխանակ մենք այս պարագայում մտածենք հնարավոր զարգացումների դեպքում նվազագույն կորուստներով դուրս գալու մասին, խաղաղության խաչմերուկ ենք կառուցում, մենք խաղաղություն ենք մուրում աշխարհից։ Այնպես որ, ցավոք սրտի, նախորդ տարում մենք ունեցել ենք կորուստներ անհամար, չենք ունեցել որևէ ձեռքբերում։ 

 – Պարո՛ն Խաչատրյան, իսկ գալիք տարում ի՞նչ ենք ունենալու՝ հաշվի առնելով աշխարհաքաղաքական զարգացումներն ու Հայաստանի ներկայիս վարած քաղաքականությունը։ 

– Ցավոք սրտի, լավատեսական որևէ բան չկա, որի հիման վրա կարող ենք մեր ժողովրդին խոստանալ, որ հաջորդ տարին կարող է լինել ավելի հանգիստ, ավելի կայուն, չեն լինելու այդ լարվածությունները։ Մարդիկ կան, սակայն, որ հավատացել են, թե մենք խաղաղության խաչմերուկում ենք ապրում, որ ապագա կա։ 

Սովետական մի շատ լավ անեկդոտ կա, ասում է՝ հորդ ինչի՞ համար կալանավորեցին, պատասխանում է՝ թերթ կարդալու, ասում է՝ դե լավ, թերթ կարդալու համար չեն կալանավորի, ասում է՝ հայրս համ էլ հասկանում էր։ Մեր ժողովրդի մոտ այդ հասկանալու ունակությունն անջատել են։ Ներողություն արտահայտությանս համար, բայց երբ կենդանուն տանում են սպանդանոց, միայն վերջին պահին, երբ արյան հոտն առնում է, նոր է հասկանում, թե ինչ է կատարվում, բայց մենք, ախր, մի քանի հազար տարի դաժան իրադարձությունների, միլիոնավոր սխալների միջով անցած ազգ ենք, 21-րդ դարում գոնե պետք է սկսեինք այդ սխալներից դասեր քաղել ու դրանք չկրկնել։ 

Հարյուր տարվա ընթացքում մենք 9 հազար կամ 11 հազար քառակուսի կիլոմետրից, որը կուզեք ելակետ համարեք, եկանք հասանք 30 քանի հազար քառակուսի կիլոմետրի, վերջապես հայրենիք ունեցանք ու հիմա նորից եկել կանգնել ենք այդ եղածը կորցնելու վտանգի առաջ։ Բայց այս վտանգը չեն տեսնում, իսկ որպեսզի վտանգին դիմակայես, պետք է զգաս այդ վտանգը։ Տա Աստված, որ հաջորդ տարում աշխարհում խաղաղություն հաստատվի, որովհետև դա արդեն իսկապես մեզանից կախված չէ, բայց այն, որ եթե այդ խաղաղությունը չեղավ, մենք այդ ամենից մեր անկայունության բաժինն ենք ունենալու, այդ մեծ խաղի մեջ կորուստներ ենք տալու, փաստ է։ 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am