Եթե Տիգրանաշենը տալիս ես Ադրբեջանին, այդ ամբողջ ռեգիոնը դնում ես Ադրբեջանի ոտքերի տակ. Արմեն Խաչատրյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Հայ ազգային կոնգրես կուսակցության վարչության անդամ Արմեն Խաչատրյանը 

– Պարո՛ն Խաչատրյան, գործող իշխանությունը ո՞ւր է տանում Հայաստանը։

– Հաստատ չի տանում դեպի իր խոստացած լուսավոր ապագա, ակնհայտ է, որ նոր մարտահրավերների, արկածախնդրությունների, նոր փորձությունների է տանում երկիրը, ու, դժբախտաբար, անգամ վերլուծություններով դժվար է հասկանալ այն հանգրվանը, թե ո՛ւր կարող ենք մենք հասնել այս իշխանության հետ։ 

– Իսկ ըստ ձեզ՝ ինչո՞ւ է իշխանությունն ընտրել այս ճանապարհը։ Արցախի շուրջ տեղի ունեցող զարգացումների ժամանակ ասում էին, որ այն վիճահարույց տարածք է, Արցախը տալիս ենք, որ Հայաստանի ինքնիշխանությունը պահպանենք, բայց հիմա էլ Տավուշի չորս գյուղի հանձնման հետ կապված է հնչում գրեթե նույնը՝ տանք, որ պատերազմ չլինի։

– Դժվար է հավատալ այս իշխանության ասած որևէ խոսքին։ Նորից պետք է կրկնեմ բազմիցս ասած միտքս՝ մենք հաստատուն քայլերով գնում ենք դեպի անվերապահ կապիտուլյացիա։ Այս պարագայում դժվար է հասկանալ, թե ի՛նչ է նշանակում հանուն ինքնիշխանության, իրավազորության զիջել։ Այդ թելը կձգվի, կձգվի ու կկտրվի այն պահին, երբ մենք կհասկանանք, որ այլևս տարածքային ամբողջականություն չունենք, այն արդեն ոտնակոխ է եղել մեր թշնամիների կողմից։ 

Խաղաղություն կնքելու համար պետք է երկու կողմի հավասար բանակցային ստատուս, մենք այսօր ունենալով փաստացի շարունակական պարտությունների գնացողի, զիջողի ստատուս, չենք կարող այդ խաղաղությունը կնքել այն իմաստով, որ ունեինք հնարավորություն դա կնքել 1997 թվականին, որն իրապես արժանապատիվ խաղաղություն էր լինելու: 

Հիմա մենք չունենք այդ արժանապատիվ կեցվածքը, որը բանակցությունների սեղանի շուրջ թույլ է տալու մենք մեր կարմիր գծերն առաջ տանենք։ Եռամսյակը մեկ պարզվում է, որ մեր կարմիր գծերը բավականին հետ են քաշվել՝ մի դեպքում դա «Զանգեզուրի միջանցքի» տեսքով է, մի դեպքում՝ Ադրբեջանի գրաված ՀՀ տարածքների, դրա փոխարեն, սակայն, մենք չենք հասկանում, թե ինչ ենք ստանում։ 

Անընդհատ միակողմանի զիջումներ, որի փոխարեն որևէ երաշխավորված ստանալիք մենք չունենք, չի արձանագրվում այդ ստանալիքը։ Անգամ այդ խաղաղությունը, որը Նիկոլ Փաշինյանը մեզ խոստանում է, դրան հաջորդող նախադասությունը այն է, որ սրանով էլ չի երաշխավորվում, որ պատերազմ չի լինի։ 

– Բայց հույս ունի։

– Այդ հույսով հնարավոր է խաբել ժողովրդին, որը պարտության լուծը իր վրայից չի թոթափել, բայց մի օր այդտեղ կապը կտրվելու է, ես չեմ ուզում հավատալ, որ մեր ժողովուրդը հանդուրժելու է անընդհատ այս նվաստացուցիչ պայմաններով Ադրբեջանին կուլ գնալը։ Մենք չենք հասկանում, թե որտե՛ղ է կանգնելու, ո՛րն է լինելու այն վերջին սարը, պատը, քարը, որին դեմ է տալու մեջքն ու կանգնի, այ դա չի երևում, այդ անորոշությունն ավելի է սարսափեցնում: Դրա համար, երբ հարցնում եք, թե ո՞ւր է տանում, իսկապես անհայտ է, թե ուր է տանում, ինչքա՛ն է հետ գալու, ինչքա՛ն է նահանջելու։ 

– Պարո՛ն Խաչատրյան, մեր հարցազրույցներից մեկի ժամանակ ասացիք, որ չնայած բոլոր ռեալիստական դիտարկումները այլ բանի մասին են վկայում, բայց հույս հայտնեցիք, որ հայ ժողովուրդը թույլ չի տա, որ Արցախն ամբողջությամբ հայաթափվի։ Ինչպես տեսանք, ձեր այդ հույսը չարդարացավ, հիմա ձեր ասած այդ անվերապահ կապիտուլյացիան ժողովուրդը թույլ կտա՞, թե՞ ոչ։ 

– Ես վերջին վհատվողներից եմ, մինչև վերջ այդ հույսը չեմ համարի մեռած, բայց, իսկապես, դուք ճիշտ եք, թեև իմ բոլոր հաշվարկներով ակնհայտ էր, որ Արցախն արժանանալու էր այն ճակատագրին, ինչին արժանացավ, բայց ես մինչև վերջին պահը հույս եմ ունեցել, որ գալու է մի փրկության օղակ, որից մենք օգտվելու ենք։ Հայ ժողովուրդը թույլ չէր տա, եթե նրա համար ստեղծվեր թույլ չտալու այդ հնարավորությունը։ Դուք հիմա պատկերացնո՞ւմ եք Տավուշի գյուղերի այդ բնակիչներին, երբ պետության ղեկավարը գնացել է ոչ թե գոտեպնդի, այլ գնացել է սպառնա, որ եթե չհամաձայնեք այս լուծմանը, ապա Ադրբեջանը հարձակվելու է։ Հիմա ես ո՞նց հույս ունենամ, որ այդ մարդը կառչելու է իր տանը, իր հողին։ 

Երբ քո պետության ղեկավարն է պետությունդ հաստատուն քայլերով տանում դեպի պարտություն, այդտեղ քո ժողովուրդն արդեն հուսահատված է։ Հայաստանի չորս վարչական շրջանների ժողովրդին հավաքել է ու ասում՝ պիտի զիջենք, բացատրում է։ Շատ հայտնի բան կա, որ ասում է՝ բացատրել ես էլ կարող եմ, բայց, միևնույն է, չեմ հասկանում։ Բացատրել անընդհատ կարելի է, բայց անհասկանալի է, թե դու ո՛նց ես ամբողջ հյուսիսային շրջանը դնում հարվածի տակ, հարավայինդ ո՛նց ես պատրաստվում հարվածի տակ դնել։ 

Պետք է լրիվ տգետ լինել, որ չհասկանաս, եթե Տիգրանաշենը տալիս ես Ադրբեջանին, այդ ամբողջ ռեգիոնը դնում ես Ադրբեջանի ոտքերի տակ։ Նորից եմ ասում, ես վերջին վհատվողներից եմ, բայց պետք է այդ շանսը տանք ժողովրդին, որպեսզի այդ հույսն իրականություն դառնա։ 

– Հիմա իշխանությունը այդ շանսը չի տալիս, ո՞վ պետք է տա դա ժողովրդին։

– Հայաստանը երբեք այսքան թույլ իշխանություն չի ունեցել, բայց նաև այդ իշխանության դեմ պայքարելու ցանկությունը չկա այլևս, որովհետև մեր ժողովուրդն օբյեկտիվորեն այնքան կոտրված վիճակում է, որ այդ պայքարելու ջիղն ամբողջությամբ անջատած է, ինչն այսօր իսկապես լրջագույն խնդիր է։ 

Իշխանությունը, որ պարտավոր է սահմանները պահել, ինքն է այդ սահմանների դարպասները բացում՝ «էստի համեցեք» ասում, չգիտեմ, հավանաբար, երևի մեկ էլ հարյուր տարի առաջ է եղել, որ մեր պետությունն ու ժողովուրդն այս տեսակ արհավիրքի առաջ են կանգնած եղել։ 

Էլ չեմ ասում արտաքին քաղաքականության մեջ տարվող սխալները։ Արտաքին քաղաքականությունն ընդհանրապես նրա համար է, որ քո պետության գլխին կանգնած աղետները կարողանաս չեզոքացնել կամ թույլ չտաս, որ դրանք ծագեն։ Մեր իշխանության արտաքին քաղաքականությունը լրիվ հակառակ բանն է անում․ նոր աղետներ, խնդիրներ, վտանգներ բերում կախում է մեր՝ առանց այդ էլ բզկտված երկրի վրա։

– Եվրամիության անդամ են ուզում դառնալ, չի՞ օգնի Եվրամիությունը, պարո՛ն Խաչատրյան։

– Բայց հիմա պետք է հավատա՞նք դրան, մենք մեր աչքի տեսածի՞ն պետք է հավատանք, թե՞ պետք է հավատանք ինչ-որ մշուշոտ բանի։ Իսկ մենք ե՞րբ ենք հրաժարվել Եվրոպայից, եվրոպական պետությունների հետ համագործակցությունից, արևմտյան արժեքներից, միշտ էլ Հայաստանը ձգտել է դրան։ Այս քաղաքական առումով մենք կարո՞ղ ենք մեզ թույլ տալ ջարդել եղած անվտանգային ամբողջ համակարգը մինչև վերջ, դրա փոխարեն թղթի վրա ունենալ օդի մեջ ինչ-որ խոստում։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am