Պատասխան գնահատական տալը ևս չի սահմանափակվում. Մակունցը՝ գործադիրի հրաժարականի օրակարգ ձևավորողներին

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը վստահեցնում է, որ երկրում քաղաքական հայտարարությունները ոչ ոք չի կարող սահմանափակել, ինչպես նաև չեն կարող սահմանափակվել պատասխան քաղաքական հայտարարությունները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Մակունցը նման տեսակետ հայտնեց արտակարգ դրության ժամկետը երկարաձգելու հարցով գումարված ԱԺ հատուկ նիստում:

Անդրադառնալով գործընկերների տեսակետներին՝ բողոքի ձայն հնչեցնելու իրավունքի մասին, նա ասաց. «Իհարկե, բողոքի ձայն հնչեցնելու իրավունքը երաշխավորված է ՀՀ սահմանադրությամբ և օրենքներով: Միևնույն ժամանակ, ՀՀ սահմանադրությունը ենթադրում է հատուկ իրավիճակներում արտակարգ դրության սահմանում, որն իր հերթին ենթադրում է հատուկ իրավական ռեժիմ: Եվ ՀՀ բոլոր քաղաքացիները, Հայաստանում գտնվող բոլոր անձինք պարտավոր են ենթարկվել այդ իրավական ռեժիմով սահմանված բոլոր միջոցառումներին և վարքագծին՝ անկախ մասնագիտությունից, զբաղեցրած դիրքից, քաղաքական կուսակցության պատկանելությունից: Քաղաքական հայտարարություններն, իհարկե, ոչ ոք չի կարող սահմանափակել, ինչպես նաև չեն կարող սահմանափակվել պատասխան քաղաքական հայտարարությունները»,-ասաց Մակունցը:

Նա նշեց, որ քաղաքական, ոչ այնքան քաղաքական միավորներն ազատ են քաղաքական օրակարգ ձևավորելու համար: «Բայց, եթե այդ արտահայտությունը հնչեցնելով նկատի է առնվում վերջին շրջանում շատ ակտիվ շրջանառվող միակ  քաղաքական օրակարգը, այն է՝  կառավարության և վարչապետի հրաժարականի պահանջը, ապա վերահաստատում են արտակարգ դրության պայմաններում «Իմ քայլը» խմբակցության քաղաքական դիրքորոշումը»,-ասաց խմբակցության ղեկավարը: