«Կոռուպցիոն ռիսկեր կան, երբ պաշտոնյաների հիմնադրած կամ նրանց զոքանչի, եղբոր ղեկավարած ընկերությունները մասնակցում են գնումներին ու շահում». փորձագետ

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի իրավական հարցերով փորձագետ Հայկ Մարտիրոսյանը

– Պարո՛ն Մարտիրոսյան, այսօր «Հետքը» գրել էր վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալի հարստացման մասին և տեղեկացրել, որ նա ԱՄՆ-ում գնել է տուն՝ շուրջ 600 հազար ԱՄՆ դոլարով: Ձեր կարծիքով՝ ինչպե՞ս է ստացվում, որ հայաստանցի պաշտոնյան կարողանում է նման գումարով տուն գնել ԱՄՆ-ում: Կասկածելի չէ՞:

– Այդ հարցին միանշանակ պատասխանելը դժվար է: Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը պետք է ուսումնասիրի նրա հայտարարագրած ունեցվածքը, աղբյուրները, ինչ միջոցներով է նա ձեռք բերել այդ գույքը: Ընդհանուր առմամբ՝ դա քաղաքացու իրավունքն է, բայց ամեն դեպքում ցանկալի չէ, որ պաշտոնյան նման մեծ գումարներով գործարք կատարի երկրից դուրս, նա կարող էր այդ գումարներով ձեռք բերել Հայաստանում մի գործունեություն, որը կնպաստեր Հայաստանի տնտեսության զարգացմանը: Ամեն դեպքում այդ գործարքի կասկածելի լինել-չլինելու մասին ինֆորմացիա կարող են տալ իրավապահ մարմիններն ու Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը:

– Ի դեպ, դա նույն պաշտոնյան է, որի ղեկավարած ընկերությունը, ըստ մամուլի, ճանապարհաշինության ոլորտում պետական գնումների հիմնական հաղթողն է: Արդյոք չե՞ք տեսնում այստեղ կոռուպցիոն շղթա՝ պաշտոնյա է, որը ընկերության հիմնական բաժնետերն է, և որ այդ ընկերությունը մասնակցում է ու շահում է գնումների մրցույթներում: Սա նորմա՞լ է:

– Դա շատ ցավոտ հարց է: Միայն նա չէ, այլ պաշտոնյաների մասին ևս հրապարակումներ են եղել: Հստակ կոռուպցիոն ռիսկեր կան, երբ պաշտոնյաների հիմնադրած ընկերությունները, թեկուզ հանձնված են կառավարման, կամ դրանց հիմնադիրները մեկի կինն է, մյուսի՝ զոքանչը, մասնակցում են գնումներին ու շահում:

Նման դեպքերը խնդրահարույց են ու խնդրահարույց են այն իմաստով՝ ինչպես են առավելագույն կամ մեծ չափաքանակի գնումներում հաղթող ճանաչվում հենց նրանց ընկերությունները՝ փոխկապակցվող կամ հենց այդ պաշտոնյաներին պատկանող: Սա ուսումնասիրության հարց է: Հատկապես ճանապարհաշինության ոլորտի գնումներում շահութաբերությունը շատ է, ինչն էլ պատճառ է, որ այդ ընկերությունները դիմեն ու հաղթեն:

Քանի դեռ մեր պատկան Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, իրավապահ մարմինները պատշաճ չեն ուսումնասիրում այդ հարցերը, մենք չենք կարող ստանալ դրանց վերաբերյալ պատասխաններ:

– Պարո՛ն Մարտիրոսյան, շատերը չէին մտածում, որ 2018-ի քաղաքական իրադարձություններից հետո կլինի այնպիսի իրավիճակ, ինչպիսին մինչև 2018-ն էր, քանի որ ժողովրդին տրվում էր խոր արժեքային փոփոխությունների խոստում: Դուք փոփոխություններ սպասո՞ւմ էիք:

– Եթե ինձ ժողովրդի մաս դիտարկեմ, բնականաբար, բոլորն էլ սպասում էին, որ նման երևույթները գոնե պետք է նվազագույնի հասցվեն: Բայց հենց 2018-ի իրադարձություններից հետո շատ մոտ ապագայում իրադարձությունները ցույց տվեցին, որ նման սպասումները, մեղմ ասած, տրամաբանական չեն: Նույնն է գրեթե ամեն ինչ՝ բարձրաստիճան պաշտոնյաների կամ նրանց հետ փոխկապակցված անձանց ընկերությունները մասնակցում են գնումներին, շահում, կապ ունեն խոշոր ներմուծումների հետ և այլն:

Միանշանակ է՝ ժողովրդի սպասումներն արդարացված չեն: Ի դեպ, շատ տարօրինակ կերպով Հայաստանի բոլոր ժամանակների պետական գնումների մրցույթներում հաղթում են հենց բարձրաստիճան պաշտոնյաներին կամ նրանց հետ փոխկապակցված անձանց պատկանող ընկերությունները: Ցավալի է, որ այս միտումը շարունակվում է:

– Իսկ դուք՝ որպես ոլորտի փորձագետ, տեսնո՞ւմ եք կոռուպցիայի դեմ գործնական պայքար: Վարչապետին կից հակակոռուպցիոն քաղաքականության խորհուրդ կա, որը վերջին նիստը գումարել է 2019-ին:

– Եթե նայենք հարուցված քրեական գործերի քանակով, տպավորություն կստեղծվի, որ պայքարը շատ ակտիվ է ու արդյունավետ, բայց եթե այդ քրեական գործերի հետևանքներն ուսումնասիրենք, կտեսնենք, որ ամենևին էլ արդյունք չկա: Սա նաև քաղաքական կամքի բացակայության դրսևորում է:

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am