«Թերևս ձեռնտու էր, որպեսզի Հոկտեմբերի 27-ի գործով դատավորը փախչեր, և ասեին՝ այ, տեսեք, փախավ»․ Ավետիք Իշխանյան

«Թերևս  ձեռնտու էր, որպեսզի Հոկտեմբերի 27-ի գործով դատավորը փախչեր, և ասեին՝ այ, տեսեք, փախավ»․ Ավետիք Իշխանյան
«Թերևս ձեռնտու էր, որպեսզի Հոկտեմբերի 27-ի գործով դատավորը փախչեր, և ասեին՝ այ, տեսեք, փախավ»․ Ավետիք Իշխանյան

Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը «Մեդիալաբի» հետ զրույցում անդրադարձել է դատավոր Սամվել Ուզունյանի նկատմամբ հարուցված քրեական գործին ու դատավորի՝ Հայաստանից հեռանալու հանգամանքներին։

Իշխանյանը հիշեցնում է, որ դատավոր Ուզունյանը հանրությանը հայտնի է որպես 1999-ի հոկտեմբերի 27-ի գործը քննող դատավոր։ Նրա գործունեության այլ աղմկահարույց դրվագի մասին հանրությունը տեղյակ չէ։

«Ես ամենևին չեմ բացառում, որ դատավոր Ուզունյանը եղել է Հայաստանի կոռումպացված դատավորներից, մանավանդ ինչ-որ լրատվամիջոցում հրապարակում եղավ նրա ունեցվածքի, դղյակի մասին։ Բայց այստեղ մի շատ կարևոր հարց կա՝ ինչո՞ւ հանկարծ այդ դատավորի դեմ ինչ-որ մեկը ցուցմունք տվեց և ասաց, որ այսքան կաշառք է տվել։ Այստեղ մտածելու տեղիք կա։ Եվ ես այն մարդկանցից չեմ, որ հալած յուղի տեղ ընդունեմ իրավապահ մարմինների ցանկացած գործողություն»,- «Մեդիալաբին» ասում է Ավետիք Իշխանյանը։

Հիշեցնենք, որ օրերս գլխավոր դատախազությունը հաղորդագրություն տարածեց, ըստ որի՝ «Հոկտեմբերի 27»-ի գործով դատավոր, Ավան և Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանի նախկին նախագահ Սամվել Ուզունյանը «2014 թվականին քաղաքացիական գործով հայցվորի օգտին դատական ակտ կայացնելու համար միջնորդել, իսկ մյուս դեպքում՝ դեռ 2007-ին տեղի ունեցած հանցագործության քննության ժամանակ տուժողի օգտին գործողություններ է կատարել և իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ենթադրյալ հանցագործությունը կատարած անձանց քրեական պատասխանատվության ենթարկելուն նպաստելու համար»: 

Իր այս գործողությունների համար, ըստ դատախազության, այժմ նախկին դատավորը քաղաքացիներից պահանջել և տարբեր ժամանակահատվածներում ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ մի դեպքում 13 հազար դոլարին, մյուս դեպքում՝ 38 հազար դոլարին համարժեք դրամի կաշառք:

Այնուհետև գլխավոր դատախազությունը հայտնեց, որ Ուզունյանը, որի նկատմամբ դատարանն արդեն կալանքի որոշում է կայացրել, հատել է ՀՀ սահմանը: Թեպետ ըստ տեղեկության՝ Սամվել Ուզունյանի ուղեբեռում օդանավակայանում հայտնաբերվել էին փամփուշտներ, սակայն նրան թույլատրել էին լքել Հայաստանը: Ըստ մամուլի տեղեկությունների՝ Ուզունյանը մեկնել է Երևան-Մոսկվա չվերթով:

Բարձրագույն դատական խորհուրդը թույլատրել էր, որ դատավորի նկատմամբ քրեական հետապնդում սկսվեր: Դեկտեմբերի 20-ին Սամվել Ուզունյանը գործով ներգրավվել էր որպես մեղադրյալ, և որոշումն ուղարկվել էր ՀՀ ՀՔԾ՝ նրան մեղադրանք առաջադրելու և խափանման միջոցի ընտրության հարցը լուծելու նպատակով: Ապա դատարանը բավարարել էր նրա նկատմամբ կալանքը՝ որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը, և ոստիկանությանը հանձնարարվել է նրան ներկայացնել վարույթն իրականացնող մարմնին: Սակայն տվյալներ են ստացվել, որ միջնորդությունների ներկայացման և քննարկման ժամանակահատվածում Ուզունյանը լքել է ՀՀ պետական սահմանը, որոշում է կայացվել նրա նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին, տեղեկացրել էր դատախազությունը։

«Այն մարդը, որը ենթադրաբար կաշառք է տվել, դժվար թե հանկարծ նրա մեջ քաղաքացին «արթնանար», և տարիներ անց իր կամքով գնար ու ասեր, որ կաշառք է տվել։ Չէ՞ որ նա կաշառք տվել է իր անձնական հարցերը լուծելու համար»,- «Մեդիալաբի» հետ զրույցում ասում է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը։ 

Նա հարցադրում է անում. «Ինչո՞ւ հանկարծ այդ դատավորի նկատմամբ գործ հարուցվեց։ Ինձ մոտ միանգամից հարց է առաջանում՝ դա ոչ թե ինչ-որ դատավորի նկատմամբ է եղել, այլ հատկապես այդ դատավորի»։

Այսպիսով, ըստ Ավետիք Իշխանյանի, կասկածները, որ կան այդ դատավորի հարցով, որ նա «Հոկտեմբերի 27»-ի գործը քննել է պատվերով և չի բացահայտել ամեն ինչ, ավելի են սրվում։

«Այսինքն՝ ես կարող եմ ենթադրել, որ սա հատկապես արված էր մարդկանց զգացմունքների վրա ազդելու համար՝ խաղարկելով «Հոկտեմբերի 27»-ի գործը։ Եվ կարելի է ասել, որ այս հարցում «հաջողություն» գրանցվեց։ Տարբեր տրամաչափի գործիչներ նորից սկսեցին «լուրջ» վերլուծություններ անել «Հոկտեմբերի 27»-ի գործով: 

Եթե այդ գործը դատավոր Ուզունյանը քննած չլիներ, այլ ուրիշ դատավոր, ապա դարձյալ կհայտնվեր մեկը, որը նույնպես հայտարարություն կտար, որ ինչ-որ ժամանակ կաշառք է տվել նրան, իսկ Ուզունյանն անկախ նախկինում կոռումպացված լինել-չլինելուց հանգիստ կշարունակեր իր գործը»,- ասում է իրավապաշտպանը։

Ինչ վերաբերում է Սամվել Ուզունյանի՝ երկրից հեռանալուն, ըստ Ավետիք Իշխանյանի, այստեղ կարելի է երկու ենթադրություն անել։ Մեկն այն է, որ քրեական գործից արտահոսք է եղել, և նա իմացել է այդ ամենի մասին։ Եվ քանի որ լավ է ճանաչում իրավապահ համակարգը, չվստահելով իրավապահ մարմիններին, որ իրեն կալանավորելու են մեկ մարդու ցուցմունքով, հեռացել է։

«Մյուս վարկածն այն է, որ մեկ մարդու ցուցմունքով կալանավորելն ու դատավարություն անելը բավական բարդ ապացուցելի գործ էին։ Եվ թերևս սա ձեռնտու էր, որպեսզի նա փախչեր, և ասեին՝ ա՛յ, տեսեք, «Հոկտեմբերի 27»-ի գործով դատավորը փախավ»,- հավելեց Իշխանյանը։

Արդյունքում, ըստ նրա, իրավապահ մարմինները, նույնիսկ առանց իրենց մեկնաբանությունների, ապահովում են իրենց. «Ա՛յ արդեն բացահայտվելու էր «Հոկտեմբերի 27»-ի գործը, բայց…» Հանրությունն էլ իր հերթին ասում է. «Ա՛յ «Հոկտեմբերի 27»-ի գործի դատավորը փախավ, ըըըը…»՝ «մոռանալով», որ դատավորի նկատմամբ գործն այլ հիմքով է հարուցված։

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am