Կովկասյան հովազի պահպանման ծրագիրը շահեց դրամական մրցանակ

Կովկասյան հովազի պահպանման ծրագիրը շահեց դրամական մրցանակ
Կովկասյան հովազի պահպանման ծրագիրը շահեց դրամական մրցանակ

Հանրության ակտիվ աջակցության շնորհիվ Կովկասյան հովազի պահպանման հայաստանյան ծրագիրն արժանացավ դրամաշնորհի Գերմանիայի Նեյշնլ Գեոգրաֆիկի կողմից (շուրջ 30,000 եվրոյին համարժեք դրամ):

Մարտի 17-ից 31-ը Եվրոպական բաց տարածքների պահպանման ասոցիացիայի (EOCA) կողմից կազմակերպված վիրտուալ քվեարկության արդյունքում Կովկասյան հովազի պահպանման ծրագիրն ընտրվեց 6 լավագույնների շարքում և երկրորդ փուլում ստացավ 7,238 ձայն 21,179 ձայներից, որը կազմում է ընդհանուր ձայների շուրջ 34 %-ը:

Հայաստանյան ծրագիրը հաղթեց Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի գործընկերների, հայաստանցիների և  մյուս բոլոր ընկերների եռանդուն քվեարկության արդյունքում: Մասնավորապես բրիտանական Վորլդ Լենդ Թրաստ ընկերությունը նախագիծը ներկայացրեց իր վեբկայքում և իր բոլոր միջազգային գործընկերների ցանցում, իսկ FPWC-ի  գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ը  իր բոլոր բաժանորդներին տեղեկացրեց հեռախոսային հաղորդագրությունների միջոցով: Այս քարոզարշավի արդյունքում Կովկասյան հովազի պահպանման հայաստանյան ծրագիրը ստացված ձայների մեծամասնությունն ու դարձավ քվեարկության առաջատարը:

Կովկասյան հովազը վտանգված կենդանատեսակ է, գրանցված ԲՊՄՄ Կարմիր ցուցակում <<Վտանգված կարգավիճակով>>: Բնության մեջ Կովկասյան հովազի քանակը չի գերազանցում 1300-ը, իսկ Հայաստանում կարող է հանդիպել առավելագույն 15 հովազ (ըստ ԲՊՄՄ տվյալների): Բացի պետական արգելոցներից, Կովկասյան հովազը Հայաստանում պահպանվում է նաև օրենքով:

Դեռ 2013 թվականին Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի կողմից կառավարվող <<Կովկասյան կենսաբազմազանության ապաստարան>>-ի տարածքում  տեղադրված տեսախցիկներն արձանագրեցին Հայաստանում բնակվող Կովկասյան հովազներից մեկին:

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը  նշված միջոցները կօգտագործի Կովկասյան հովազի համար անհրաժեշտ տարածքների պահպանման և ընդլայնման, ինչպես նաև այս վտանգված կենդանատեսակի մասին հետազոտություններ կատարելու նպատակով:

Կովկասյան հովազի պահպանմանն ուղղված ծրագիր Հայաստանում իրականացնում են Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամն ու WWF Հայաստանը, որը նաև մշակել է անհետացման եզրին գտնվող այս կենդանատեսակի պահպանման ռազմավարություն: 

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը իր գործընկերներ ՎիվաՍել-ՄՏՍ և Վորլդ Լենդ Թրաստ բրիտանականընկերության հետ համատեղ իր խորին շնորհակալությունն է  հայտնում բոլոր այն անձանց, ովքեր քվեարկեցին Հայաստանում անհետացման եզրին գտնվող Կովկասյան հովազի պահպանման համար:

Այս մասին տեղեկացնում է Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի հաղորդագրությունը:

© Medialab.am