ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հնարավոր է համարում մինչև տարեվերջ ապահովել բնակչության մինչև 20 տոկոսի պատվաստումը կորոնավիրուսի դեմ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ավանեսյանն այս մասին ասաց ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանին՝ պատասխանելով ԼՀԿ-ից Արկադի Խաչատրյանի հարցին:
Նախարարը նախ հիշեցրեց. «Երեկվանից Հայաստանում սկսվել է լայնածավալ պատվաստումային գործընթացը: Քաղաքացիների կողմից պատվաստումային գործընթացին ակտիվ մասնակցությունն անչափ կարևոր է»:
Արկադի Խաչատրյանը նկատեց, որ նախարարը մի առիթով ասել է, որ մինչև տարեվերջ պլանավորվում է 600-700 հազար մարդ պատվաստել:
«Արդեն իսկ պայմանավորվածություն է ձեռք բերվել բարձր մակարդակում ՌԴ-ից 1 մլն դոզա պատվաստանյութ ձեռք բերելու: Եվ բացի դրանից, այլ պայմանավորվածությունները ևս հաշվի առնելով ՝ մենք հնարավոր ենք համարում, որ մինչև տարվա վերջ կկարողանանք իմ կողմից մատնանշված նշաձողը ապահովելու և բնակչության մինչև 20 տոկոսի պատվաստման գործընթացը կազմակերպելու»,-ասաց Ավանեսյանը:
Նա վստահեցրեց, որ միայն մի քանի երկրներ կան, որ կարողացել են 30-40 տոկոսի պատվաստում ապահովել հիմա, երկրների մեծամասնությունը գտնվում է 1-15 տոկոսի շրջակայքում:
Հայաստանում ապրիլի 13-ից սկսվել է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ լայնածավալ պատվաստումների գործընթացը: Հայաստանի Հանրապետությունը կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ «AstraZeneca» պատվաստանյութի առաջին խմբաքանակը՝ 24 հազար դեղաչափ, ձեռք է բերել «COVAX FACILITY» նախաձեռնության միջոցով: «AstraZeneca» պատվաստանյութն ունի Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից արտակարգ իրավիճակներում կիրառման թույլտվություն: Ապրիլի լույս 8-ի գիշերը Հայաստան է բերվել նաև ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի առաջին խմբաքանակը՝ 15 հազար դեղաչափ: «AstraZeneca»-ով պատվաստման համար սահմանվել է տարիքային շեմ: