«Եթե ծնողը պայքարում է դիմակ դնելու դեմ, բնականաբար, երեխայի համար դպրոցում ադապտացիան բարդ կլինի». հոգեբան

Առաջին դասարանցիների համար մուտքը դպրոց ադապտացիոն շրջան է՝ նոր միջավայր, նոր մարդիկ, պատասխանատվության ավելացում, և, մասնավորապես, նոր կորոնավիրուսային իրավիճակից բխող կանոնների և սահմանափակումների պարագայում առավել քան կարևոր է ծնողի մոտեցումը՝ երեխայի հարմարվողականության շրջանը սահուն իրականացնելու համար։ Այս մասին «Մեդիալաբին» ասում է «Ժեստ» հոգեբանական կենտրոնի հոգեբան Անի Ապիտոնյանը։

«Առաջանում են շփման այլ ձևեր, երեխաները ձգտելու են վազվզել, բնականաբար դրանք որոշակի սահմանափակումներ են, որոնք բերելու են մի փոքր հուզական կաշկանդվածության»,- նշում է հոգեբանը և կարծիք հայտնում, որ այդ որոշումները պարբերաբար, հավանաբար իրավիճակից կախված, կթարմացվեն:

«Համավարակն ամբողջ աշխարհում գոյություն ունի, բոլորս էլ փորձելու ենք մնալ ինչ-որ սահմանների մեջ։ Այստեղ չափազանց կարևոր է ծնողի վերաբերմունքը, քանի որ երեխան իր ծնողի հույզերը շատ լավ է զգում, քանի որ իր զգայական դաշտը զարգացած է: 

Եթե ծնողը պայքարում է դիմակ դնելու դեմ և համարում է իր իրավունքների սահմանափակում, իր առողջության համար թիվ մեկ թշնամի, բնականաբար, երեխայի համար ադապտացիան բարդ կլինի: Չպետք է ընկնել ծայրահեղությունների մեջ, այլ պետք է դիմակ դնել և երեխային ավելի նրբորեն ասել, որ բոլորդ դիմակներով եք լինելու, ինչ հետաքրքիր է։ Այսինքն՝ ծնողի և մանկավարժի մոտեցումից երեխան չի էլ մտածում դրա մասին»,- ընդգծում է հոգեբանը։

Հոգեբանը կարևոր է համարում հարմարվողականության հատկանիշը, որը հիմա ամբողջ աշխարհում է դրսևորվում։

«Հարմարվելու և հարմարվողականության շնորհիվ են մարդիկ, կենսաբանական տեսակները գոյատևել։ Այսինքն՝ հարմարվողականությունը ոչ միայն կենսաբանական ձևով է լինում, այլև հոգեբանական, երբ մարդը, հաշվի առնելով փաստերը, որոնք իրականում գոյություն ունեն, կարող են վնաս տալ իրեն, իր կենսաբանական տեսակին, ճկունություն է դրսևորում իրավիճակին գիտակցաբար հարմարվելու և այլևս էներգիա չի ծախսում դրա վրա։ 

Մենք ինչքան էներգիա ենք ծախսում դիմակի մասին խոսելու վրա, երբ պարզապես կարելի է կրել։ Կարծում եմ՝ երեխաները այս մի քանի ամիսների ընթացքում ադապտացվել են այդ վիճակին, նրանց համար տարօրինակ չէ տեսնել դիմակով ուսուցչին»,- նշում է հոգեբանը։

Անի Ապիտոնյանի դիտարկմամբ՝ ընդհանրապես երեխայի մուտքով դպրոց սկիզբ է դրվում ծնող-երեխա լարվածությանը։ Այս շրջանում երեխաների մոտ սկսվում է նաև 7 տարեկանին բնորոշ ճգնաժամը՝ երեխաները խաղային գործողությունից անցնում են ուսումնական գործունեության, և պատասխանատվությունը զարգանում է, լարվածությունը մեծանում է։

«Նոր միջավայր են գնում, պետք է հարմարվեն, ծանոթանան նոր մարդկանց հետ, կարողանան շփումներ հաստատել, նորից դիրքեր գրավել, բնականաբար, կախված նաև անձնային առանձնահատկություններից՝ յուրաքանչյուրը հարմարվողականության շրջանը տարբեր կերպ է անցնում։ 

Պատասխանատվության զգացումից, որը ծնողն ուզում է դնել երեխայի վրա, ծնողական ամբիցիաներից, սպասումներից, որ իր երեխան պետք է դասարանում ամենալավը լինի, ամենալավը սովորի, սկսվում է լարվածության մի մեծ շղթա։ 

Ուսումը մեկ օրվա չէ, ուսում նշանակում է ձեռք բերել 12 տարում»,- նշում է Ապիտոնյանը։

Հոգեբանը խորհուրդ է տալիս ծնողներին այդ լարվածությունից խուսափելու համար երեխային դպրոց տանել ոչ թե գնահատականի կամ ինչ-որ մարդկանց կամ ինքն իրեն որևէ բան ապացուցելու համար, այլ հանձնել 12 տարի ուսումնառության․

«Իմ աշխատանքային պրակտիկայում ծնողների մեծ մասը երեխաներին հոգեբանական ճշնման է ենթարկում, ինչու չէ, նաև խփում է, սկսվում է սեպտեմբերի մեկից, էստեղից լարվում է, որովհետև ծնողը իր սպասումները միանգամից տեղափոխում է երեխայի վրա, որը չունի այդ սպասումները և չի էլ հասկանում՝ ինչ են իրենից ուզում։ Նախ ծնողը պետք է սպասի, որ երեխան ադապտացվի, ինչու է դպրոց գնում։

Կարևոր է նաև, թե ով է ուսուցիչը, ինչ մանկավարժական հմտություններ և անձնային որակներ ունի, որով պայմանավորված դասարանը ադապտացիան դանդաղ կամ հանգիստ է անցնում»,- նշում է հոգեբանը։

Հոգեբանը նաև ընդգծում է ուսուցչի դերը այս հարցում։ 

«Մանկավարժական մոտեցումների խնդիր ևս կա, ուսուցիչը ծանրաբեռնված է, չի հասցնում ամեն ինչին ուշադրություն դարձնել ու գումարած նրա անձնային որակները։ Մանկավարժը հենց սկզբից պետք է հասկանա յուրաքանչյուրի առանձնահատկությունը, երեխայի դրական կողմերը քաջալերելով՝ տանի դեպի ուսումնառություն»,- նշում է հոգեբանը։

Արփինե Արզումանյան

MediaLab.am