«Մեր առջև բարձր նշաձող պետք է դնենք և հավակնոտ նպատակներով ու ծրագրերով ձգտենք հասնել այդ նշաձողին»․ Հայկ Չոբանյան

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնակատար Հայկ Չոբանյանը հուլիսի 6-ին այցելել է «Սինոփսիս Արմենիա»  ընկերություն։ 

Հանդիպման սկզբում Հայկ Չոբանյանը շրջայց է կատարել ընկերությունում: «Սինոփսիս Արմենիա»-ի տնօրեն Հովիկ Մուսայելյանը նախարարի պաշտոնակատարին է ներկայացրել  ընկերության  գործունեությունը, տարիների ընթացքում ձեռք բերված հաջողությունները և  ընթացիկ ծրագրերը։  Մասնավորապես անդրադարձ է եղել միկրոէլետրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադային, «ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար»  պետական մրցանակին,  ավագ դպրոցների ճարտարագիտական ծրագրին և ոլորտային մի շարք այլ նախաձեռնություններին։ 

Նախարարի պաշտոնակատարը նշել է, որ բարձր տեխնոլոգիաների ոլորտի կարևոր խնդիրներից է որակյալ կրթությունը, գործնական հմտություններ ու ձիրքեր ունեցող բարձրակարգ մասնագետների պատրաստումն ու նրանց արագ ինտեգրումը ոլորտային ընկերություններում։ Հայկ Չոբանյանը կարևորել է «Սինոփսիս Արմենիա»  ընկերության ներկայությունը Հայաստանում և  ընկերության կողմից կայուն և շարունակական կերպով իրականացվող մի շարք ծրագրերը, այդ թվում՝ կրթական։  

«Նմանօրինակ կրթական ծրագրերը մեծ նշանակություն ունեն մեր երկրի և ոլորտի շարունակական, դինամիկ աճի տեսանկյունից։ Այս ծրագրերն անհրաժեշտ է սկսել դպրոցից և կրթությունից զատ անհրաժեշտ է ստեղծել գրավիչ աշխատանքային միջավայր, ինչը թույլ կտա ոլորտի լավ մասնագետներին պահել և նրանց ներուժն իրացնել հենց Հայաստանում։ Մյուս կողմից կարևոր է սերտ համագործակցությունն արտերկրում աշխատող և բնակվող մեր հայրենակիցների հետ, ովքեր կարող են իրենց ներդրումն ունենալ երկրի և ոլորտի զարգացման գործում։ Մենք պետք է մեր առջև բարձր նշաձող դնենք ու հավակնոտ նպատակներով ու ծրագրերով ձգտենք հասնել այդ նշաձողին»-, ընդգծել է նախարարի պաշտոնակատարը։ 

Ընկերության տնօրեն Հովիկ Մուսայելյանը  կարևորել է թե՛ իրենց ընկերության, թե ոլորտի զարգացման գործում պետության հետ սերտ համագործակցությունը, ինչը թույլ է տալիս համակարգված և հաստատուն քայլերով հաջողություններ գրանցել։  

Հանդիպման ավարտին որոշվել է առաջիկա օրերին կազմակերպել աշխատանքային հանդիպում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության, «Սինոփսիս Արմենիա»  ընկերության և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ներկայացուցիչների հետ՝ ավելի գործնական և առարկայական քննարկման համար։