«Հոկտեմբերի 9-ին ցուցակում կարդացինք Հունանիս անունը ու վատացա, էլ բան չեմ հիշում»․ ըմբշամարտիկ Հունանը զոհվել է Թալիշում

«Հոկտեմբերի 9-ին նայում էինք ցուցակը ու կարդացինք Հունանիս անունը… Վատացա, էլ բան չեմ հիշում»,- հուզմունքով ասում է 51-ամյա Տիգրանուհի Մանվելյանը, որը 44-օրյա պատերազմում կորցրել է 20-ամյա որդուն։

Հունան Մանվելյանը ժամկետային զինծառայող էր, ծառայել է Մարտակերտի շրջանի Դրմբոն գյուղում։ Պատերազմը սկսվելուն պես եղել է Թալիշում, երկրորդ օրը՝ սեպտեմբերի 28-ին զոհվել է։ 

Մայրն ասում է, երբ սեպտեմբերի 27-ին որդու հետ զրուցել է, Հունանը ոչինչ չի հայտնել իր գտնվելու վայրի մասին, սակայն եղել է առաջնագծում։

«Սեպտեմբերի 27-ի առավոտ շուտ զանգեց՝ 7-ն անց 15-ին, ասեց՝ մա՛մ, ո՞նց եք, սաղ նորմա՞լ ա  ձեր մոտ: Ես ուզում էի հարցնեի՝ ձեր մոտ նորմա՞լ ա, բայց կապը կորավ ու կորավ, էլ կապ չունեցանք իրա հետ»,- հուզմունքը կոկորդում խեղդելով ասում է որդեկորույս մայրը։

Հունանի զինակից ընկերները պատմել են՝ երբ հրամանատարը հարվածից ընկել է, Հունանը վազել է, որ օգնություն ցույց տա, փրկի, բայց այդ պահին կրկին հակառակորդը հարվածել է, և տանկի կրակոցից Հունանն էլ է զոհվել։

Հունան Մանվելյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։

Հարազատները պատմում են՝ Հունանը ըմբշամարտիկ էր, մասնակցել է բազմաթիվ միջազգային ու տեղական մրցույթների Ռուսաստանում, Թուրքիայում, Իրանում, Վրաստանում՝ գրավելով պատվավոր տեղեր և արժանանալով մրցանակների։

«40 մեդալ ունի, 70 պատվոգիր, 20-25 հատ գավաթ։ 2016-ին Թուրքիայում բրոնզե մեդալակիր ա եղել, ադրբեջանցու հետ կռվել ա, Թուրքիայից հաղթանակով ա եկել»,- պատմում է Հունանի մայրը։ 

Մինչ բանակ գնալը Հունանն ավարտել է Երևանի օլիմպիական հերթափոխի մարզական քոլեջը՝ ստանալով ըմբշամարտի մարզիչի դիպլոմ։

Սպորտին զուգահեռ Հունանը սիրել է արվեստը՝ երգն ու երաժշտությունը։ Մայրն ասում է՝ որդին որոշել էր բանակից հետո սովորել կոնսերվատորիայում։

«Գործերը տվեց կոնսերվատորիա ու գնաց բանակ։ Շատ էր սիրում հայրենասիրական երգեր, վերջին տարիներին շատ էր երգում պատերազմի մասին երգեր։ Խնջույքներին ու առիթներին մշտապես երգում էր Հունանը»,- նշում է Տիգրանուհին։

Հունանը բարի էր, կամեցող, չափված-ձևված՝ ասում է մայրը։

«Ինքը տարբերվում էր իր պահվածքով, բոլորի հանդեպ հարգանքով, իրա տեղը դատարկ ա, չի լրացվի»,- ասում է ու հուզվում մայրը։

Տիգրանուհին ասում է՝ երբեք չէին պատկերացնի, որ պատերազմում որդուն կկորցնեին, այժմ որդու ձայն ու երգն են ականջին, ապրում են հիշողություններով, որդու նկարներով ու տեսանյութերով։

«Շատ ջիգյարով էր, քաղցր լեզու ուներ՝ մա՛մ ջան, ցավդ տանեմ, կյանքիդ մեռնեմ։ Միշտ ասում էր՝ չմտածես, մա՛մ ջան, ես քեզ լավ եմ պահելու»,- հիշում է որդու խոսքերը մայրը ու նշում, որ մինչև այսօր էլ չի կարողանում հավատալ ու համակերպվել, որ որդին զոհվել է։

«Սպասում եմ, որ մի օր դուռը կբացվի, ինքը ներս կգա»,- ասում է ու հուզմունքի պատճառով խոսքն ընդհատում Տիգրանուհին։

Արփինե Արզումանյան

MediaLab.am