«Երևանցիներն իրենց մեջ սեր ունեն, ու հենց դա էլ ես ցույց եմ տալիս»․ լուսանկարիչ Նարեկի «Սերևանցիներ»-ը՝ մարդիկ, գույներ, կյանք

Այն, ինչ վրիպում է շատերի աչքից, հայտնվում է 25-ամյա Նարեկ Մանուկյանի «սիրո» օբյեկտիվում։ «Սերևանցիներ»՝ այսպես է կոչվում Նարեկի այն ֆոտոշարքը, որը պատմություն է Երևանի փողոցներում լուսանկարչի կողմից վայրկյանում անշարժացրած սիրո, ժպիտների, ապրածի ու պահի տակ ծնված զգացմունքների մասին։ 

​​

Լուսանկարիչն ասում է՝ «Սերևանցիներ»-ի հիմնական առանձնահատկությունն այն է, որ երևանցիները միշտ երջանիկ են՝ բոլոր իրավիճակներում:

«Երևանցիներն իրենց մեջ սեր ունեն, ու հենց դա էլ ես ցույց եմ տալիս իմ լուսանկարների միջոցով։ Ես այդ սերը տեսնող եմ, դրա համար էլ ծնվեց «Սերևանցիներ»-ը»,- ասում է Նարեկը։ 

«Սերևանցիներ»-ին բնորոշ է նաև բնականությունը, մարդիկ լուսանկարներում միշտ բնական են, չեն փորձում ոչինչ ձևացնել, քանի որ տեղյակ չեն, որ հայտնվել են ինչ-որ մեկի ֆոտոխցիկի առաջ, իսկ նկատելու դեպքում էլ ուղղակի ժպտում են։ 

​​

«Երբ մարդը գիտի, որ իրեն լուսանկարում են, փորձում է արհեստական կեցվածք ընդունել, բայց դա այլևս իրական չէ, դա այլևս ինքը չէ, իսկ այսօրվա աշխարհը մեզ տարել է դեպի արհեստականություն, սոցցանցերը մեզ հնարավորություն են տալիս, օրինակ՝ տարբեր ֆիլտրերով լուսանկարվել, ու դրա արդյունքում մենք կորցնում ենք մեր իրական «ես»-ը, իսկ դա ինձ դուր չի գալիս, որովհետև բնականը ամենասիրունն է»,- նշում է Նարեկը: 

Նա նշում է, որ հազվադեպ է լինում, որ քաղաքացիները հրաժարվեն լուսանկարվելուց:

«Շատ քիչ դեպքերում են ինձ նկատում ու երբ նկատում են, անպայման ձեռքով եմ անում, իրենք էլ՝ ինձ։ Հաշված դեպքեր են եղել, երբ մարդիկ չեն ուզել լուսանկարվել կամ էլ ասել են՝ նկարը սիրուն է ստացվել, բայց ուզում են, որ էջիցս ջնջեմ, ես էլ ջնջել եմ։ Ինձ թվում է՝ էդ դեպքերը լրիվ նորմալ են, բայց եթե շատ լինեին, ես չէի շարունակի լուսանկարել»,- ասում է Նարեկը։ 

​​

Իսկ թե ինչու են «Սերևանցիներ»-ի հիմնական կերպարները կանայք, Նարեկն ասում է՝ հայ կանայք այսօր ավելի ոճային և հետաքրքիր են, քան հայ տղամարդիկ։ 

​​

«Հայ տղամարդկանց մեջ էսօր շատ քիչ են հավես ոճով ու հետաքրքիր կերպարներով տղամարդիկ, իսկ կանանց մեջ էդպիսի կերպարները շատ են, դրա համար էլ հիմնականում կանանց եմ նկարում»։ 

Նարեկը հիշում է՝ «Սերևանցիներ» շարքի անվանումը նույնքան ինքնաբուխ էր, որքան լուսանկարչությամբ զբաղվելը։ «Սերևանցիներ» անունն էլ ընդամենը ամենապարզ բառախաղի արդյունք էր։ 

«Մարդիկ մտածում են, որ հատուկ եմ նման անուններ մտածել, բայց ոչ, ուղղակի մի տառ եմ ավելացրել բառի սկզբում, ու ստացվել է «Սերևանցիներ», իսկ այն, որ բառում «սեր» արմատն է, նույնիսկ մտքովս չի անցել»,- ասում է լուսանկարիչը։ 

Իսկ լուսանկարչությամբ Նարեկ Մանուկյանը սկսել է զբաղվել ծառայությունից վերադառնալուց հետո։ Հիշում է՝ նույնիսկ ֆոտոապարատ չուներ, հեռախոսով լուսանկարեց Երևանն ու որոշեց իր պատկերացրած աշխարհը փոխադրել լուսանկարի մեջ և ստանալ մի նոր Երևան: Լուսանկարը հրապարակելուց հետո արժանացած գովեստի խոսքերն էլ խթան հանդիսացան, որ շարունակի լուսանկարել: 

«Իմ ֆոտոների աշխարհն ավելի սիրուն է, քան մեր իրականությունը։ Ես բացասական ֆոտոներ երբեք չեմ հրապարակում, ամեն ինչ դրական է, որովհետև իմաստ չկա բացասականը փոխանցել մարդկանց, դա միշտ էլ կա»։

Հենց բացասականը չփոխանցելու պատճառով էր, որ պատերազմի օրերին Նարեկն ուղղակի որոշեց վայր դնել տեսախցիկը։ Հիշում է՝ հատկապես պատերազմից հետո մարդիկ շատ տխուր էին, կոտրված, և իրեն ոչինչ չէր մնում, քան միայն քաղաքով ուղղակի զբոսնել: 

«Չէի ուզում մարդկանց նկարել, մտածում էի, եթե այդ օրերին մեկն ուզեր ինձ նկարել, ինչքան վատ կզգայի։ Այդ ընթացքում ուղղակի զբոսնում էի ու փորձում էի աչքերով կադրեր որսալ, մտածում էի՝ ինչ կադրեր կանեի, եթե մոտս կամերա լիներ, բայց ոչ մի լավ կադր չկար, չէի գտնում»,- ասում է Նարեկը։ 

Նարեկի խոսքով՝ պատերազմից հետո իր օբյեկտիվի կենտրոնում հայտնվեցին զբոսաշրջիկներ, որովհետև նրանց հայացքում դրոշմված չէր այն ցավը, որ կար հայաստանցիների մոտ։ 

«Տուրիստները գալիս էին իրենց հանգիստն անցկացնեին, քայլում էին՝ միշտ ժպիտները դեմքներին ու շատ ուրախ, իրենք շատ բան չէին հասկանում էն ցավից, որ կար մեր ժողովրդի մեջ։ Իրենց ֆոնին մեր հուսահատ ու տխուր երևանցիները կարծես ավելի քիչ լինեին, ու քաղաքը մի քիչ սկսել էր ապրել, դրա համար պատերազմից հետո սկսեցի նաև օտարերկրացիների նկարել»,- ասում է Նարեկը: 

​​

Երիտասարդ լուսանկարիչն ասում է՝ այսօր, սակայն, քաղաքացիները փորձում են պատերազմի պատճառած ցավից հետո «շնչել»։ 

«Պատերազմից հետո անցել է երկու տարի, տրամադրությունը կարծես փոխվում է, մարդիկ կարծես սկսել են պակաս տխուր, կոտրված ու հուսահատ լինել, դա ինձ ուրախացնում է: Լուսանկարում եմ իրենց ու իրենց մեջ վերագտած սերը»,- նշում է Նարեկը։ 

Անի Մարտիրոսյան

MediaLab.am