Հրադադարի միակ տարբերակը ՏԱՆԸ ՄՆԱԼՆ Է եւ առաջնագծի բժիշկների թիկունքը ՏԱՆԸ ՄՆԱԼՈՎ պահելը. Գայանե Աբրահամյան

ԱԺ պատգամավոր Գայանե Աբրահամյանը գրում է.

«Մեր հայրենակիցները երբեք էլ չեն փայլել կարգապահությամբ, բայց կենսական պայքարն ու խնդիրները մեզ մոբիլիզացրել են։

Սա ԳՈՅԱՄԱՐՏ է, որն արդեն խլել է 3 մեր հայրենակցի կյանք, աշխարհում` երեք տասնյակ հազարից ավելին։ Այս գոյամարտում մեզնից պահանջվում է զգոնություն ու կարգապահություն, մեր խրամատը մեր տունն է, արդյո՞ք սա բարդ է, արդյո՞ք այդքան դժվար է տանը մնալը, արդյո՞ք հնարավոր չէ մի քանի շաբաթ բակերում չհավաքվելն ու նարդի չխաղալը… թե՞ չենք գիտակցում վտանգը, թե՞ պետք է ամեն քայլափոխի բոլորին տուգանել։

Այս վերաբերմունքն արդեն լուրջ չէ, մենք պատերազմ ու երկրաշարժ ենք անցել, սա գուցե թվում է ոչինչ, բայց սողացող ու անտեսանելի այս պատերազմը բարդ հաղթահարելի է, բանակցություններ կամ հրադադար չկա այստեղ, հրադադարի միակ տարբերակը ՏԱՆԸ ՄՆԱԼՆ Է եւ առաջնագծի բժիշկների թիկունքը ՏԱՆԸ ՄՆԱԼՈՎ պահելը։

Ցավակցում եմ մահացածների հարազատներին, ցավակցում եմ բոլորիս, սա բոլորիս ցավն է եւ բոլորիս պետք է սթափեցնի»։