Մինչեւ ե՞րբ. ընդդիմությունը դեռևս սպասում է իշխանության պատասխանին

 
 
Չնայած իշխող Հանրապետական կուսակցության ներկայացուցիչների այն հայտարարություններին, թե իշխանություններն ընդդիմության հետ երկխոսելու համար պատվիրակություն չեն ձևավորելու և չեն քննարկելու արտահերթ ընտրությունների հարցը, ընդդիմությունը դեռևս սպասում է իշխանությունների արձագանքին:
«Մեդիալաբի» հետ զրույցում ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը, ով նաև ընդդիմության կողմից բանակցությունների համար ձևավորված պատվիրակության ղեկավարն է, նշեց, որ «մինչև այսօր ընդդիմությունը չունի որևէ պատասխան իշխանությունների կողմից»:
«Իշխանություններ ասելով մենք հասկանում ենք Սերժ Սարգսյանին: Նրա կամ նրա կողմից որևէ լիազորված անձի, ներկայացուցչի կողմից մենք դեռ որևէ պատասխան չունենք»,- նշեց Զուրաբյանը:

 

Հիշեցնենք, որ այսօր` հունիսի 6-ի առավոտյան, ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ, որտեղ նշել է, թե «տնտեսական, սոցիալական, քաղաքական, աշխարհաքաղաքական կամ ցանկացած այլ ոլորտի` Հայ ազգային կոնգրեսի բոլոր առաջարկները, քանի հոգանոց խմբերով էլ ներկայացվեն, Հայաստանի համապատասխան պետական կառույցները, գերատեսչությունները պատրաստ են շահագրգիռ քննարկման և համատեղ լուծումների»:

ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանն էլ նշել է, թե «պատվիրակություն ստեղծելու հարց Հանրապետականի օրակարգում չկա և անգամ քննարկման ենթակա չէ»:

«Հայ ազգային կոնգրեսն ասում է` «մենք 5 հոգով ենք ուզում առաջարկություններ անել», մենք էլ ասում ենք` «պատրաստ ենք, մենք ունենք մեր գործադիր կառույցները, խնդրեմ` ե՞րբ եք ուզում, ո՞ր ժամին եք ուզում»,- ասել է Սահակյանը:

Լևոն Զուրաբյանը, սակայն, «Մեդիալաբի» հետ զրույցում նշեց, որ «ոչ ոք երբևէ չի խոսել ՀՀԿ-Կոնգրես երկխոսության մասին»:

«Խոսքը գնացել է Կոնգրեսի` որպես ընդդիմության և իշխանությունների միջև բանակցությունների մասին»,- նշեց Կոնգրեսի համակարգողը:

Հիշեցնենք, սակայն, որ մայիսի 31-ին Ազատության հրապարակում տեղի ունեցած ընդդիմության հանրահավաքից մեկ օր հետո, երբ ընդդիմության առաջնորդ, Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ ընդդիմությունը պատրաստ է երկխոսության և մի քանի օրվա ընթացքում կհրապարակի այդ նպատակով ստեղծվելիք պատվիրակության կազմը, ԱԺ նախագահ, ՀՀԿ անդամ Հովիկ Աբրահամյանը հայտարարել էր, թե «դա շատ ողջունելի է, որ արմատական ընդդիմությունը նման առաջարկ է ներկայացնում իշխանություններին»:

«Իմ կարծիքով՝ հանրապետության նախագահը կգնա այդ քայլին, և կկազմակերպեն այդ երկխոսությունը, որը, իհարկե, համոզված եմ, որ բխելու է Հայաստանի Հանրապետության և ժողովրդի շահերից»,- ասել էր Աբրահամյանը: Հիշեցնենք նաև, որ նույն Էդուարդ Շարմազանովը օրերս հայտարարել էր, թե երկխոսության համար պատվիրակություն կազմել-չկազմելու հարցը Սերժ Սարգսյանի որոշելիքն է:

Սակայն, մի քանի օրվա ընթացքում իշխող Հանրապետական կուսակցության ներկայացուցիչների դիրքորոշումը դարձել է ավելի կոշտ և հակասական:

«Հանրապետական կուսակցության անդամների հակասականությունը մեկնաբանելը իմ իրավասությունների շրջանակի մեջ չի մտնում: Մենք դեռ իշխանությունների կողմից ի դեմս Սերժ Սարգսյանի պատասխան չունենք, մեր կողմից բոլոր քայլերն արված են, և մենք պատրաստ ենք պատասխանի»,- ի պատասխան արձագանքեց Զուրաբյանը:

«Մեդիալաբի» հարցին, թե ընդդիմությունը որքա՞ն է պատրաստ սպասել իշխանության արձագանքին, Զուրաբյանը պատասխանեց. «Ամեն ինչի համար կա ինչ-որ բանական ժամանակ, որևէ օր կամ ժամկետ մենք չենք սահմանում, սա վերջնագրերով խոսելու առիթ չէ: Եթե դուռը երկխոսության համար բացված է, մենք մեր քայլը դեպի այդ երկխոսություն արել ենք, իշխանությունների կողմից դեռևս պատասխան չկա»:

Հարցին էլ, որ եթե մինչև ընդդիմության հունիսյան հանրահավաքը պատասխան չլինի, ի՞նչ կանի ընդդիմությունը, Զուրաբյանը նշեց. «Այդ դեպքում մենք հունիսյան հանրահավաքում կտանք մեր բոլոր գնահատականները մեր ապագա անելիքների մասին»:

Զուրաբյանը նաև հիշեցրեց, որ ընդդիմությունը մայիսի 31-ին, հավատարիմ մնալով իր խոստմանը, այն բանից հետո, երբ կատարվեց երկխոսության համար ընդդիմության վերջին նախապայմանը, և ազատ արձակվեցին քաղբանտարկյալները, ինչպես և խոստացել էր 2008 թվականից` իր պատրաստակամությունն է հայտնել իշխանությունների հետ երկխոսություն սկսելու համար:

«Ավելին` որ այդ ամենին գործնական բնույթ հաղորդենք, մենք նաև ստեղծել ենք նման բանակցություններ վարելու համար լիազորված մարմին`ի դեմս հինգ հոգանոց պատվիրակության: Այսինքն` մեր կողմից պահանջվող բոլոր քայլերը մենք արել ենք»,- նշեց Զուրաբյանը:

Հիշեցնենք, որ հունիսի 2-ին տեղի ունեցած Կոնգրեսի քաղխորհրդի նիստում որոշվել է իշխանությունների հետ երկխոսության համար ստեղծված պատվիրակության հետևյալ կազմը` Լևոն Զուրաբյան` պատվիրակության ղեկավար, Կոնգրեսի համակարգող, Դավիթ Շահնազարյան` Կոնգրեսի կենտրոնական շտաբի անդամ, Վահագն Խաչատրյան` Կոնգրեսի տնտեսական հանձնաժողովի անդամ, Սամվել Աբրահամյան` ՀՀՇ վարչության փոխնախագահ և Ֆելիքս Խաչատրյան` ՀԺԿ վարչության քարտուղար:

Քրիստինե Խանումյան

Լուսանկարը` Իննա Մխիթարյանի

© Medialab.am