Սպիտակի 30-ամյա բնակիչը խոշոր չափի հափշտակություն է կատարել․ գործի նախաքննությունն ավարտվել է․ ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և դատավարական այլ մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են Լոռու մարզի 30-ամյա բնակչի կողմից երկու տարբեր ընկերություններից առանձնապես խոշոր և զգալի չափերով հափշտակություն կատարելու դեպքի հանգամանքները:

Այս մասին տեղեկանում ենք Քննչական կոմիտեից։ Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 30-ամյա տղամարդը 2020թ. սեպտեմբերից մինչև 2021թ. հունվարն ընկած ժամանակահատվածում, սոցիալական օգնություն տրամադրելու, բուքմեյքերական առցանց խաղերով շահած գումարը ստանալու և այլ պատրվակներով, Սպիտակ քաղաքում ձեռք է բերել տարբեր քաղաքացիների դեմքի և անձնագրի լուսանկարները, որոնք առցանց եղանակով ուղարկել է բանկ և նրանց անվամբ լրացնելով վարկ ստանալու առցանց դիմում՝ կնքել է կեղծ պայմանագրեր:

Տղամարդը վերոնշյալ քաղաքացիների անվամբ նշված պայմանագրերով ձևակերպել է անգրավ վարկեր, որոնք «Իդրամ» վճարահաշվարկային համակարգի միջոցով փոխանցել է իր անվամբ առկա հաշվեհամա­րին: Բացի այդ, 2020թ. հոկտեմբերից մինչև 2021թ. հունվարն ընկած ժամանակահատվածում 30-ամյա տղամարդը նույն քաղաքում վերոնշյալ պատրվակներով ձեռք է բերել տարբեր քաղաքացիների «Իդրամ» վճարահաշվարկային համակարգի գաղտնաբառերը:

Այնուհետև, վարկային կազմակերպությունից խաբեությամբ գումար հափշտակելու դիտավորությամբ, առանց վերջիններիս գիտության կամ թույլտվության, օգտագործելով նշված վճարահաշվարկային համակարգում պահպանված՝ նրանց դեմքի և անձնագրի լուսա­նկարները, առցանց եղանակով դրանք ուղարկել է նշված կազմակերպություն:

Նշված քաղաքացիների անվամբ լրացնելով վարկ ստանալու առցանց դիմում՝ տղամարդը կնքել է կեղծ պայմանագրեր, որոնցով վերջիննեիս անվամբ ձևակերպել է վարկեր, որոնք «Իդրամ» համակարգի միջոցով փոխանցել է իր անվամբ առկա հաշվեհամա­րին:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Սպիտակ քաղաքի 30-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 325-րդ հոդվածի 1-ին մասով, 178-րդ հոդվածի 1-ին մասով և 325-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին: