««Չարի վերջը» հանճարեղ հեքիաթ է, այն մեր վախերի մասին է, պատրաստ ենք զոհաբերել մեր երեխաներին, որովհետև մեզ վախեցնում են» . Ռուբեն Բաբայան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը

– Պարո՛ն Բաբայան, փետրվարի 19-ը Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է: Եթե անդրադառնանք Թումանյանի ստեղծագործություններին, որքանո՞վ են դրանք արդիական այսօրվա համար, նույն «Անխելք մարդը», մյուսները:

– Ես կարծում եմ, որ Թումանյանը՝ որպես հանճարեղ գրող, միշտ արդիական է: Ինքս բեմադրել եմ Թումանյանի չորս գործ, որից մեկը ձեր հիշատակած «Անխելք մարդն» է: «Անխելք մարդը» մենք ցուցադրել ենք 10 երկրի միջազգային փառատոներում: Հավատացեք, բոլոր երկրներում մեզ մոտենում էին և ասում՝ այդ պատմությունը մեր մասին է:

Սա բոլորի խնդիրն է՝ սեփական երջանկության կողքով անցնել ու չնկատել, հետո դժգոհել, որ դու այդ  երջանկությունը, այդ բախտը չունես: Եվ Թումանյանի մեծությունն այն է, որ իր հեքիաթներով նա կարողանում է բերել այնպիսի փիլիսոփայական, համամարդկային պրոբլեմներ, ինչպես, օրինակ, «Չարի վերջն» է:

Ես շատ երկար ժամանակ չէի սիրում այդ հեքիաթը, մտածում էի՝ այս ի՞նչ հեքիաթ է, կկուն իր ձագերին տալիս է աղվեսին: Հետո հասկացա, որ այդ հեքիաթը հանճարեղ հեքիաթ է, այն մեր վախերի մասին է: Մենք պատրաստ ենք զոհաբերել մեր երեխաներին, որովհետև մեզ վախեցնում են: Սա շատ խոր իմաստ ունի:

Եվ Թումանյանը շատ ճիշտ ձև է ընտրել՝ սկսել հեքիաթներից, երեխաներից, որովհետև ինչ գաղափարներով կմեծանա երեխան, հետագայում այդպիսի քաղաքացի նա կդառնա: Դրա համար ես կարծում եմ, որ մենք կարիք ունենք ամեն օր շփվել Թումանյանի հետ, բայց շփվել ոչ թե մակերեսային, այլ խորը: Ես այսօր իմ Ֆեյսբուքի էջին Թումանյանի «Անկեղծ չենք» հոդվածից մի փոքր հատված տեղադրեցի: Նա 1907 թվականին է գրել դա, ժամանակակի՞ց է, իհարկե ժամանակակից է:

– Այսինքն՝ մեր օրերում շարունակո՞ւմ են արդիական մնալ Թումանյանի ստեղծագործություններն ու դրանց հերոսները:

– Ես կարծում եմ՝ այո՛: Եվ գիտե՞ք ինչու են արդիական, որովհետև Թումանյանը գրել է մարդու մասին, ոչ թե սոցիալական վիճակների մասին: Վիճակը կարող է փոխվել, եթե փոխվի մարդը: Եթե մարդն իր մեջ փոփոխություն չի կատարում և սպասում է, թե երբ պետք է շրջապատը փոխվի, շրջապատը չի փոխվում, և իր կյանքը չի փոխվում: Եվ մենք դարեր շարունակ կասենք՝ «Ապրեք երեխեք, բայց մեզ պես չապրեք», բայց երեխաները միշտ կապրեն մեզ պես, որովհետև մենք մատը մատին չենք տալիս՝ մեր մեջ փոխելու մեզ:

– Եվ ի՞նչն է պատճառը, որ այդ դասերը չենք քաղում:

– Մենք մշակույթին ու գրականությանը չպետք է վերաբերվենք որպես ժամանցի կամ պարտադիր առարկայի: Դրա տակ մեծ իմաստ է, և երբ մենք շփվում ենք այդ ստեղծագործությունների հետ, հասկանում ենք, թե ի՛նչ բարդ արարած է մարդը է և ի՛նչ մեծ ճանապարհ ունի անցնելու, որպեսզի իրականում մարդ դառնա, որպեսզի կարողանա իր մեջ այդ մարդն արթնացնել: Իսկ մարդ արթնացնել նշանակում է նաև դիմացինի մեջ մարդ տեսնել, նոյնիսկ եթե դու նրա հետ համաձայն չես ոչ մի հարցով: Սա ճանապարհ է, որ պետք է անցնի յուրաքանչյուրս: Մեր գրականությունը, արվեստը, համաշխարհային գրականությունը, արվեստը տալիս են այդ ուղեցույցը, մնում է պարզապես օգտվել դրանից:

Մեղադրանքները՝ ուղղված ուրիշներին, սեփական չկայացած կյանքի պատճառները բերելն անարդյունավետ են: Ես կածում եմ՝ մեղադրել կարելի է միայն երևույթները և սեփական անձը: Ո՞վ է մեզանից այդքան իդեալական, որ իրավունք ունի մեղադրել ուրիշ անհատների: 

Մենք կարող ենք երևույթը մեղադրել, որովհետև եթե մեղադրում ենք անհատներին, հետո փոխում ենք այդ անհատներին, գալիս են նոր անհատներ, և մենք սկսում ենք նրանց մեղադրել, որովհետև մենք չենք փոխում համակարգը: 

Ես կարծում եմ՝ այն ճանապարհը, որով անցան նախկին սոցիալիստական հանրապետությունները և մի քանի սովետական հանրապետություններ, այն էր, որ նախ վերլուծեցին իրենց անցյալը, գտան այդ պատճառները, ոչ թե պարզապես մեղադրեցին մարդկանց: 

Երբ մեղադրում ես մարդկանց, ստացվում է, որ համակարգը լավն է, պարզապես այդ մարդիկ են վատը, եկեք այս գողերին, ավազակներին փոխենք, և լավ կլինի: Բայց այդ լավը կարող է շատ երկար չտևել, որովհետև եթե մենք համակարգը չենք փոխում, շատ հավանական է, որ շատ արագ կարող ենք վերադառնալ նախորդ վիճակին: 

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am