Լեւոն Զուրաբյան. «Ադրբեջանին խաղաղ կարգավորման ուղու վրա կարող է դնել միայն ժողովրդավարական, հզորացող Հայաստանը, որը դեռ գոյություն չունի»

Լեւոն Զուրաբյան. «Ադրբեջանին խաղաղ կարգավորման ուղու վրա կարող է դնել միայն ժողովրդավարական, հզորացող Հայաստանը, որը դեռ գոյություն չունի»
Լեւոն Զուրաբյան. «Ադրբեջանին խաղաղ կարգավորման ուղու վրա կարող է դնել միայն ժողովրդավարական, հզորացող Հայաստանը, որը դեռ գոյություն չունի»

ՀԱԿ համակարգող, ԱԺ պատգամավոր Լեւոն Զուրաբյանը գնահատելով սահմանում տեղի ունեցած վերջին միջադեպերը, չի բացառում, որ դա կարող է նաեւ «ռազմական գործողությամբ արտահայտված քաղաքական մեսիջ» լինել Հայաստանին եւ միջազգային հանրությանը, ցույց տալու, որ Ադրբեջանը չի ցանկանում հաշտվել այս ստատուս քվոյի հետ, եւ սպառնում է հակամարտության ռազմական լուծմամբ:
Հիշեցնենք, որ սահմանային միջադեպերը համընկան ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինտոնի՝ տարածաշրջանային այցի հետ:
«Մեդիալաբի» հետ զրույցում Զուրաբյանն ասում է, որ այդ միջադեպերին Հայաստանյան կողմի արձագանքը միգուցե եւ համարժեք էր, «գուցե արվել է այն, ինչ հնարավոր է այսօրվա վիճակում անել», բայց նրա խոսքով, «Հայաստանի ռեակցիան ադեկվատ չէր վերջին տանսամյակի ընթացքում»:
«Որովհետեւ, ի վերջո, այն, ինչ հիմա կատարվում է, դա հետեւանք է տասնյակ տարիների ոչ կոմպետենտ, ապաշնորհ, միայն սեփական հարստացմամբ հետաքրքրվող մի իշխանության քաղաքականության: Կեղծված ընտրություններ, քրեաօլիգարխիկ ռեժիմ, որ խեղդում է տնտեսական զարգացումը, դրա հետեւանքով առաջացած արտագաղթ, խայտառակ վիճակ բանակում, ինչը միայն նպաստում է Ադրբեջանի լկտիությանը»,- ասում է Զուրաբյանը:

Ընդդիմադիր պատգամավորի խոսքով, Ադրբեջանը որեւէ «ստիմուլ» չի տեսնում, որեւէ շահագրգռվածություն չունի ղարաբաղյան խնդիրը խաղաղ ճանապարհով կարգավորելու մեջ: Զուրաբյանը նշում է, Ադրբեջանը այսօր համարում է, որ օրեցոր հզորանում է` ի շնորհիվ իր նավթային եկամուտների, ռազմավարական ռազմական գնումների` ավիացիա եւ հեռահար զրահատեխնիկա, մյուս կողմից էլ տեսնում է իր առաջ օրեցօր թուլացող Հայաստան:

«Ադրբեջանին այսօր խաղաղ կարգավորման ուղու վրա կարող է դնել միայն ժողովրդավարական, հզորացող Հայաստանը, որը դեռ գոյություն չունի: Այնպես որ, միգուցե եւ իշխանության այօսրվա գործողությունները համաչափ ու ադեկվատ են, բայց այդ գործողությունների համաչափությունն ու ադեկվատությունը որեւէ կերպ չի կարող արդարացնել տասնյակ տարիներ վարվող այս կործանար քաղաքականությունը»,- ասում է Զուրաբյանը:

Քրիստինե Խանումյան

© Medialab.am