«Ատեստավորման արդյունքները շատ մտահոգիչ են. 37000 ուսուցչից 900-ն են մասնակցել». Սերոբ Խաչատրյան

 «Մեդիալաբի» հարցերին պատասխանում է կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը

– Պարո՛ն Խաչատրյան, գործադիրի այսօրվա նիստում հիմնական քննարկման թեման ուսուցիչների կամավոր ատեստավորումն էր, որը ներկայացվեց որպես աննախադեպ բարեփոխում: Որո՞նք են այս գործընթացի դրական ու բացասական կողմերը:

– Դրականն այն է, որ ուսուցիչների որոշ մասը հավելավճարի հնարավորություն է ստանում, այսինքն՝ դա զուտ առանձին մասնագետների համար լրացուցիչ եկամուտ է, ավելին վաստակելու հնարավորություն, այդքանով լավ է:

Մտածել, որ այս քայլով կրթական համակարգում էական բաներ կփոխվեն, իհարկե սխալ է, որովհետև միջազգային փորձը ցույց է տալիս, որ այն ներդրումները, որ կատարվում են այս կարգի ծրագրերում, համակարգային արդյունքի չեն բերում, ընդամենը ուսուցիչների մի մասը մի փոքր ավելի է վճարվում, բայց կրթության որակն ընդհանուր չի փոխվում: Կրթության որակը փոխելու համար ավելի գլոբալ փոփոխություններ պետք է արվեն:

– Իսկ ընդհանուր գործընթացն ինչպե՞ս եք գնահատում՝ հաշվի առնելով մասնակիցների թվաքանակը, առանձին առարկաներից գրանցված շատ ցածր ցուցանիշները:

– Ատեստավորան արդյունքները շատ մտահոգիչ են: Նախարարությունը պլանավորել էր, որ ավելի քան 2000 ուսուցիչ կմասնակցի, բայց փաստացի դիմել են 1300-ը, այն էլ՝ երկու փուլով անցկացնելու պայմանով: Ստացվում է, որ 37000 ուսուցչից 900-ն են մասնակցել, ինչը շատ ցածր ցուցանիշ է:

– Պարո՛ն Խաչատրյան, իսկ այս ցածր ցուցանիշի պատճառը ո՞րն է:

– Առաջինն այն է, որ ուսուցիչների համար շատ բան անհասկանալի էր: Նրանց համար այդպես էլ հստակ չեղավ՝ իրենց ի՞նչ են հարցնելու, շտեմարան չկար, առաջադրանքների մոտավոր պատկերացում էլ չկար: Մի պատճառն այս անորոշությունն էր, մյուսը՝ ենթադրում եմ, որ գուցե որոշ ուսուցիչներ համարում էին, որ սա ավելի վիրավորական ձև է, այսինքն՝ եկեք քննություն տվեք, որ ձեզ ավելին վճարենք: Մի մասն էլ այս պատճառով չմասնակցեց:

Ամեն դեպքում 900 ուսուցիչ մասնակցեց, բայց մոտավորոպես 53%-ը չի հաղթահարել ատեստավորման անցողիկ շեմը, իսկ սա այն դեպքում, երբ նախարարությունը շեմը փոխեց, այսինքն՝ 80%-ից բարձր պետք է ստանային, իսկ հիմա իջեցրել են 70%-ի:

Ենթադրվում էր, որ այդ 900 ուսուցիչը Հայաստանի լավագույններն էին, ու ակնկալվում էր բարձր արդյունք: Խնդիր է նաև այն, որ առարկաների միջև ցուցանիշները շատ տարբեր էին, օրինակ՝ քիմիայի դեպքում՝ 11%-ն է հաղթահարել անցողիկ շեմը, իսկ մաթեմատիկայի դեպքում՝ 86%-ը:

Ընդամենը երկու առարկա՝ մաթեմատիկան ու ֆիզիկան է, որ 50%-ից բարձր է, մյուս առարկաների գծով կեսից շատը չեն հաղթահարել 70%-ի շեմը: Հնարավոր է՝ թեստերը համարժեք չեն եղել, դա հստակ կասեն առարկայի մասնագետները, իսկ երկրորդ պատճառը՝ կարծում եմ, որ բարձր ստացան այն ուսուցիչները, որոնք կրկնուսույցներ են:

– Պարո՛ն Խաչատրյան, եթե ատեստավորման նպատակը ավելի կիրթ ու բանիմաց ուսուցչին նախապատվությունը տալն է, ճիշտ չէ՞ր լինի, որ այն պարտադիր լիներ:

– Պարտադիր վերապատրաստում էլ կա, բայց այդ պարագայում հավելավճար չեն ստանում: Կամավոր ատեստավորման պատճառն այն է, որ չեն կարողանում բոլորի աշխատավարձը բարձրացնել, դրա համար ասում են՝ լավ, գոնե մի մասինը բարձրացնենք, ովքեր կհաղթահարեն այդ շեմը: Պարտադիր դեպքում ուղղակի իրենք պահպանում են իրենց աշխատատեղը, իսկ այս պարագայում լրավճար են ստանում:

– Ի վերջո, կամավոր ատեստավորման գործընթացն աննախադեպ բարեփոխում համարո՞ւմ եք:

– Ո՛չ, որովհետև դա մի քանի ուսուցչի համար է լավ լինելու, իսկ կրթության համակարգը զարգանում է այն դեպքում, երբ մեծ մասն է ոգևորվում, լավ աշխատում, իսկ այդ 500 հոգին մեր ուսուցիչների 1,5%-ն է, իսկ այդ 1,5%-ով համակարգը շատ չի փոխվում:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am