Նոր շտամի շուրջ քննարկումները շարունակվում են

Նախագահ Բայդենի խոսքերով COVID-19-ի նոր տարբերակը, հայտնի որպես omicron, «մտահոգության, այլ ոչ թե խուճապի» պատճառ է: Նա կրկին պաշտպանեց այս առումով շատ քննադատված իր որոշումը՝ հարավաֆրիկյան տարածաշրջանի հետ հաղորդակցումը սահմանափակելու վերաբերյալ, գրում է Ամերիկայի ձայնը։

Կորոնավիրուսի խիստ փոխանցվող նոր տարբերակը հայտնի որպես օմիկրոն առաջին անգամ բացահայտվել է հարավաֆրիկացի գիտնականների կողմից և անվանվել հունական այբուբենի 15-րդ տառի անունով:

«Այս տարբերակը մտահոգության տեղիք է տալիս, ոչ թե խուճապի։ Մենք ունենք աշխարհի լավագույն պատվաստանյութ, լավագույն դեղամիջոցներ, լավագույն գիտնականներ, և մենք ամեն օր ավելին ենք իմանում : Պայքարելու ենք այս տարբերակի դեմ գիտական և բանիմաց գործողություններով, այլ ոչ քաոսի և շփոթության պայմաններում»,- ասել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը:

Նոր տարբերակի բացահայտումից անմիջապես հետո Բայդենը ճանապարհորդական սահմանափակումներ է կիրառել հարավաֆրիկյան մի քանի երկրների հանդեպ: Այս որոշումն արժանացել է Հարավային Աֆրիկայի նախագահի քննադատությանը:

«Այս սահմանափակումները լիովին անհիմն են և անարդարացիորեն խտրական են մեր երկրի և մեր հարավաֆրիկյան քույր երկրների նկատմամբ»,- հայտարարել է նախագահ Սիրիլ Ռամաֆոսան:

Բայց Բայդենը պնդում է, որ նա օգտագործում է սահմանափակումները ժամանակ շահելու նպատակով՝ ավելի շատ ամերիկացիներին պատվաստելու և այլ կանխարգելիչ միջոցներ ձեռնարկելու համար:

Նախագահ Բայդենը կոչ է արել չպատվաստված ամերիկացիներին պատվաստվել, իսկ պատվաստվածներին՝ անել հավելյալ պատվաստումներ: Սա ճիշտ գիտական խորհուրդ է, ասում է Թայսոն Բելը Վիրջինիայի համալսարանից Zoom հարթակով Ամերիկայի ձայնին տված հարցազրույցում: Ըստ նրա՝ դա վերաբերվում է ոչ միայն ամերիկացիներին:

Բելը ասում է, որ գիտնականները դեռևս շատ տեղեկություն չունեն այս նոր տարբերակի մասին. օրինակ՝ արդյոք որքանով է այն վտանգավոր: Առանց այդ տեղեկության, ըստ նրա, դժվար է պատկերացում կազմել, թե որոնք են պայքարի լավագույն միջոցը: Նա ևս խտրական է որակում հաղորդակցման դադարեցումը հարավային Աֆրիկայի երկրների հետ՝ վստահություն հայտնելով, որ ամերիկյան կողմը փորձում է ժամանակ շահել:

Հաշվի առնելով նոր տարբերակների ի հայտ գալն ու հիվանդների աճող թիվը՝ բժիշկները շարունակում են վերադառնալ նույն հռետորաբանությանը. պարտադիր՝ դիմակ, հեռավորություն և պատվաստում: