Թարս առյուծներն ընդդեմ դատավոր Դանիբեկյանի

Թարս առյուծներն ընդդեմ դատավոր Դանիբեկյանի
Թարս առյուծներն ընդդեմ դատավոր Դանիբեկյանի

Դատավոր Դանիբեկյանի հետապնդումը փոքրոգի արարք էր։ Քոչարյանի կողմնակիցներին պակասում է մեղադրանքի ընկալման արժանապատվությունը։ Դա ըստ երևույթին պակասում է նաև հենց Ռոբերտ Քոչարյանին։ 

Ես անմեղությունն ընկալում եմ այսպես։ Եթե ես անմեղ եմ, ամբողջ աշխարհը կարող է ինձ մեղադրել, իսկ ես ոչ մի ձայն չհանեմ, միևնույն է, իմ անմեղությունն իմ փոխարեն կխոսի։ Այսօր չի խոսի, վաղը չի խոսի, մյուս օրը հաստա՛տ կխոսի։ Նույնիսկ եթե ես մոռանամ բառերը։ Նույնիսկ եթե ես բառերի փոխարեն միայն զառանցեմ։ Նույնիսկ եթե ես բղավեմ իմ մեղքը։ Նույնիսկ եթե ես բոլոր մանրամասներով լրացնեմ մեղադրանքն այնպես, որ նույնիսկ սեփական որդիներս ու հարսներս հավատան ինձ։ 

Դատավոր Դանիբեկյանի հետևից ընկնել պետք չէր։

Նա ձեզ ծախո՞ւ է թվում, համոզվա՞ծ եք, որ արդարադատություն գոյություն չունի, ավելին, գիտե՞ք, թե ինչպես է դա արվում, մի՛ անհանգստացեք, ամբողջ աշխարհն էլ անարդար լինի, անմեղության հետ ոչինչ չի պատահի։ Դուք տգեղ բան եք անում, տղանե՛ր։ Կեղծիքի դեմ անձամբ ես այդպես չէի պայքարի։

Վստա՞հ եք, որ Դանիբեկյանը ձեզնից լավ գիտի, որ ուղղորդված դատավոր է՝ ավելի լավ ձեզ համար և ավելի վատ նրա համար։ 

Բայց ձեր արարքում մի խայտառակ բան կա։ Դուք ընկել եք անպաշտպան մարդու հետևից։ Նա վախեցած է։ Եթե նույնիսկ համոզված է իր արարքի իրավացիության մեջ, միևնույն է, վախեցած է։ Դուք ամենևին հրեշտակի տպավորություն չեք թողնում։ Եվ ի՞նչ եք կարծում, ի՞նչ պետք է ասեր նա ձեզ, եթե դուք, միևնույն է, ոչ մի կասկած չունեք, որ ճիշտ եք։ Ձեր խնդիրն այն է, որ դուք նույնպես գիտեք, որ ահաբեկում եք մարդուն։

Քոչարյանի կամ Սերժ Սարգսյանի իշխանության օրոք հազարավոր մարդիկ են սխալ մեղադրանքներով նստել, դուք տեսե՞լ եք կամ լսե՞լ եք, որ որևէ մեկն այդ նստածների հարազատներից ընկնի դատավորների հետևից, թեպետ նույնիսկ Քոչարյանի և Սարգսյանի երեխաներն էին համոզված, որ այդ դատավորներն իրենց հայրերի գրպաններում են։ Գիտե՞ք ինչու չէին ընկնում։ Որովհետև տեսնում էին էս օրը։ Ձեր պաշտպանյալն էս օրը չի տեսնում, ահա ինչու ձեզ թույլ է տալիս մթնով ընկնել միայնակ կնոջ հետևից։ 

Ի՞նչ է ձեր ուզածը։ Եթե ամբողջ երկիրն է տիկին Դանիբեկյանի կողմից, ի՞նչ կարևոր է, որ դուք դեմ եք նրան։ Անձամբ ես նրա կայացրած դատավճռից ոչինչ չեմ հասկանում։ Չէի հասկանա, եթե հակառակ դատավճիռն էլ կայացներ։ Ես գիտեմ, որ մարտի 1-ին Ռոբերտ Քոչարյանի ուղղակի գիտությամբ սպանվել է 10 հոգի։

Ես գիտեմ, որ 10 տարի ամբողջ արդարադատությունը մատը մատին չի խփել, որ այդ սպանությունները բացահայտվեն։ Ես չեմ բացառում, որ տիկին Դանիբեկյանը նույնպես կարող էր ինչ-որ կերպ իր խոսքը ասել այդ չբացահայտումներում, այսպես կոչված, արդարադատության դերի մասին։ Եվ ես գիտեմ, որ 10 տարի ոչ մի սպանություն չի բացահայտվել, որպեսզի Ռոբերտ Քոչարյանի աֆրիկյան գազանություններից ստացած հաճույքը չխաթարվի։ Սրանք են իմ իմացածը։ 

Դուք այս ամենի հետ ձեր հաշիվները փակե՞լ եք։ Ասե՛ք։ Եթե փակել եք, հենց վաղը ձեզ հետ եմ։ Ես ձեր փոխարեն կհայհոյեմ տիկին Դանիբեկյանին, ձեր փոխարեն կահաբեկեմ նրան, դուք ձեր տանը նստեք, ձեզ ոչ մի վտանգի մի՛ ենթարկեք, ա՛յ թարս առյուծներ։ Ես վախկոտ եմ մինչև ինձ հետաքրքրող հարցերի պատասխանը։ Դրանից հետո ես առյուծ եմ։ Եվ նույնիսկ իմ աչքը լույս, որ առյուծների որսի սիրահար Ռոբերտ Քոչարյանը նստած է։ 

Մհեր Արշակյան

MediaLab.am