Ազգային ժողովի Պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը վստահ է՝ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ, նախկին գլխավոր ռազմական տեսուչ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը կգա 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով։ Այս մասին գրում է Factor.am-ը:
Հիշեցնենք՝ Մովսես Հակոբյանը, հայտարարել է, որ չի պատրաստվում գալ այդ հանձնաժողով, որովհետև ասելիք չունի։ «Կարծում եմ՝ Մովսես Հակոբյանը ժամանակ կունենա իր հայտարարությունը հետ վերցնելու, որովհետև այս աշխատանքների բարոյական կարևորությունը շատ մեծ է ու պարոն Հակոբյանը, համոզված եմ, անպայման կգա Ազգային ժողով, հակառակ դեպքում, ինքը պետք է հանրայնորեն պատասխանի այն հարցերին, որ պետք է իրեն տրվեր», – լրագրողների հետ զրույցում հայտարարեց Քոչարյանը։ Քոչարյանի խոսքով՝ հանձնաժողովի աշխատանքներին ընդդիմության չմասնակցելը փորձ էր` լեգիտիմացնելու Մովսես Հակոբյանի հայտարարությունը։