Անհայտության մեջ մնացած և վերադարձած 6 ժամկետայինների հարազատներին թույլ է տրվել տեսակցել իրենց զինվորներին

 Ավելի քան 70 օր անհայտության մեջ հերոսաբար մաքառած և հայրենիք վերադարձած 6 ժամկետային զինծառայողները առաջիկա օրերին կլինեն բժիշկների հսկողության ներքո: «Արմենպրես»ի հետ զրույցում այս մասին նշեց  Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության հասարակայնության հետ կապերի բաժնի սպա Հունան Թադևոսյանը:

«Տղաները ներկայում բժիշկների հսկողության տակ են, առաջիկա օրերին դեռ կմնան բուժհաստատությունում, սակայն արդեն հարազատներին, ընտանիքներին թույլ է տրվել գալ և տեսնել իրենց զինվորներին: Այս պահին կարող եմ ասել, որ նրանց կյանքին սպառնացող վտանգ չկա, պարզապես տղաները շատ թույլ են ու հյուծված: Ամեն դեպքում, առաջիկա օրերին ևս անհրաժեշտ բուժզննում կանցնեն: Ամեն ինչ արվում է, որ շուտ կազդուրվեն»,-ասաց Հունան Թադևոսյանը:

Դեկտեմբերի 20-ին Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը նշել էր, որ թշնամու վերահսկողության տակ անցած տարածքներում իրականացվող որոնողական աշխատանքների արդյունքում ԱՀ արտակարգ իրավիճակների ծառայության, Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող ռուսական զորակազմի և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ջանքերով ավելի քան 70 օր անհայտության մեջ հերոսաբար մաքառած 6 ժամկետային զինծառայողները վերադարձան հայրենիք: Նրանք են՝ Այվազյան Արսեն Կարենի, Սահակյան Դավիթ Գեղամի, Ստեփանյան Նիկոլայ Սեյրանի, Հարությունյան Արթուր Գարիկի, Արմաղանյան Արման Արշակի, Թումանյան Ռուսլան Սարգիսի: