«Խենթ Էրդողանի և խելագար Ալիևի այս պահվածքը չի ներվելու որևէ մեկի կողմից». Դավիթ Բաբայան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է Արցախի պահպանողական կուսակցության նախագահ Դավիթ Բաբայանը

– Պարո՛ն Բաբայան, ինչպե՞ս է իրավիճակն այս պահին Արցախում։

– Իրավիճակը ընդհանուր առմամբ բավականին թեժ է, բայց կայուն է: Այսօր համեմատաբար հանգիստ է եղել, թեև մենք ծանր կորուստներ ենք պատճառել Ադրբեջանին, խփված ինքնաթիռներ և այլն։ Թշնամին շարունակում է հրթիռակոծել քաղաքացիական օբյեկտները, ստանում է համարժեք պատասխան։

– Հադրո՞ւթն է այսօր թիրախում։ 

– Սովորաբար հարավային և հյուսիսային հատվածներում է թեժ, ընդհանրապես բոլոր հատվածներն էլ թիրախավորվում են։ Ի տարբերություն ապրիլյան պատերազմի, այս անգամ շփման գծի ամբողջ երկայնքով է, այն ժամանակ երկու հիմնական հարված էր։

– Վլադիմիր Պուտինը, Դոնալդ Թրամփը և Էմանուել Մակրոնը հայտարարություն են տարածել, որում նշել են, որ դատապարտում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու շփման գծում տեղի ունեցող բռնությունների աճը: 

Նրանք կոչ են արել անհապաղ դադարեցնել մարտական գործողությունները մասնակից կողմերի զինված ուժերի միջև, ինչպես նաև կոչ են արել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին անհապաղ պարտավորություններ ստանձնել բարեխղճորեն և առանց նախապայմանների առաջադրման վերսկսելու բանակցությունները: Ինչպե՞ս եք գնահատում այս հայտարարությունը։

– Սա շատ կարևոր հայտարարություն է և ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ այդ խայտառակ ավանտյուրան, որը նախաձեռնել են Էրդողանն ու Ալիևը Արցախի, Հայաստանի և ընդհանրապես քաղաքակիրթ աշխարհի նկատմամբ, չի կարող անպատասխան մնալ։ 

Ալիևը Էրդողանին ներքաշեց ծանր զարգացումների մեջ։ ՆԱՏՕ-ի անդամ երկիր Թուրքիան իր զորքն ուղարկում է պատերազմ՝ առանց տեղյակ պահելու իր գործընկերներին և ԱՄՆ-ին։

Այդպես է ստացվում, և Վաշինգտոնը սա նույնպես շատ լավ հասկանում է, չի կարողանում պատժել այդ հանցագործին։ Կարծում եմ՝ Էրդողանը և Ալիևն այնքան են խախտել կարմիր գծերը, որ նրանց իսկապես պետք է ենթարկել միջազգային քրեական հետապնդման։ 

Դրա համար չեն ուզում գնալ վիճակը կայունացնելու ճանապարհով։ Բերել են ահաբեկիչներ, գրոհայիններ… ամբողջ քաղաքակիրթ աշխարհը պայքարում է ահաբեկիչների դեմ, բայց պարզվում է՝ դրա ջատագովը Թուրքիան է։ 

Ե՛վ Մակրոնը, և՛ Թրամփը շատ կոշտ հանդես եկան։ Էրդողանը փաստի առաջ է կանգնեցնում աշխարհի քաղաքակիրթ հանրությանը, Ռուսաստան-Իրան-Չինաստան՝ նրանց նկատմամբ էլ մահացու վտանգ է ներկայացնում։

– Պարո՛ն Բաբայան, հակառակորդն ի՞նչ կորուստներ է կրել։

– 1000 սպանված ունի թշնամին, մեծ կորուստներ, բացի այդ, լուրջ խնդիրներ ունի ներսում, Ադրբեջանը առաջնագիծ է հիմնականում ուղարկում ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների։ 3000-4000 մարդ գրոհայիններին լեզգիաբնակ և թալիշաբնակ հատվածներում է պահում։ 

Այսպիսի քաղաքականությունը չի ներվելու, խենթ Էրդողանի և խելագար Ալիևի այս պահվածքը չի ներվելու որևէ մեկի կողմից։ Այս պահին հայկական զինուժն ամբողջ աշխարհի համար կարևորագույն պայքար է մղում թուրք-ադրբեջանական ահաբեկչական ավանտյուրայի և ագրեսիայի առաջնագծում։

– Դիրքային առումով որքանո՞վ ենք առաջ գնացել։

– Տեղ կա, որ իրոք առաջ ենք գնացել, տեղ էլ կա, որ կասեցրել ենք հակառակորդի առաջխաղացումը՝ պատճառելով մեծ կորուստներ։ Այս պահին կարևորը ոչ թե դիրքերը վերցնենք, այլ մեծ կորուստներ պատճառենք նրանց և տեխնիկան ոչնչացնենք,մեծագույն վնաս հասցնենք, արնաքամ անենք։ 

Մանե Հարությունյան

MediaLab.am